Գոյության ծածկագիր

1.618․ դեմքի գեղեցկությունը պայմանավորող թիվը․ «Գոյության ծածկագիր»

1․618․ այս թիվը նշվում է հունական ֆի տառով, համարվում՝ ամենագեղեցիկը ողջ աշխարհում։ 1-ը ֆի-ի հարաբերակցությունը ոսկե ստանդարտ է․ գեղեցիկ կազմվածքով մարդու հասակը գետնից մինչև որովայն՝ 1 է, որովայնից մինչև գլուխ՝ 1.618 կամ ֆի, շրթունքների ու քթի հարաբերակցությունը՝ նույնպես։ Նույնիսկ գեղեցիկ ատամնաշարի դեպքում առջևի ատամը հաջորդից մեծ է 1.618-ով կամ ֆիով։

Գեղեցկության այս ստանդարտը, որն անցել է ժամանակի ու բազմաթիվ ուսումնասիրողների ձեռքի տակով և մնացել հաստատուն, բացահայտել են պյութագորասականները։ Այսօր էլ դրա հիման վրա ուսումնասիրություններ են արվում՝ ապացուցելու, որ գեղեցիկը ոչ միայն սուբյեկտիվ ընկալում է, այլ նաև օբյեկտիվ իրականություն։

«Ընդունված միֆ կա, որ բոլոր կասմետոլոգներն ուզում են, որ բոլոր հայ աղջիկները լինեն մեծ շրթունքներով, չունենան միմիկա, չկարողանան դեմքի արտահատությունը փոխել, բայց իրականում այդպես չէ։ Մեր բոլորի նպատակը ուղղակի աղջիկներին օգնելն է, որ իրենք իրենց ավելի վստահ զգան»։

Աննա Վարդանյանը մաշկաբան-կոսմետոլոգ է։ Ասում է՝ մաշկաբանությունը հոգում է մարդու առողջության, կոսմետոլոգիան՝ հոգեկան առողջության մասին։ Երկուսն էլ արվում են մարդուն ավելի գեղեցիկ դարձնելու միջոցով։ Դա էլ, ասում է, առանց մաթեմատիկայի հնարավոր չէ։ Կոսմետոլոգներն իրենց գործում ճշգրիտ գիտությանը ավելի հաճախ դիմում են 2 գործողության ժամանակ։ Առաջինը ֆիլերների հետ աշխատանքն է, երբ կիրառվում են ներարկումային լցանյութեր, օրինակ՝ շրթունքները մեծացնելու համար։ Սկզբում մասնագետը «չափում է»՝ եթե շրթունքների երկարությունը հավասար է աչքի բբերի միջև եղած տարածությանը, ապա այդ շրթունքները ճիշտ չափի են և որևէ միջամտության կարիք չկա․

«Երբ շրթունքի անկյունները բբերից ավելի նեղ են, համարվում է ավելի փոքր բերան, ու այդ դեմքի վրա քիթն է շատ մեծ երևում, աչքերն են մեծ երևում, գլուխն ընդհանուր մեծ է երևում։ Մարդկանց թվում է՝ ինչ որ անհամաչափություն կա այդտեղ։ Այդ դեպքերում փորձում ենք ավելի լայնացնել շրթունքները»։

Lինում է, որ նայում ես բավականին սիրուն, ծավալով, սիմետրիկ, լավ շրթունքներ են ստացել, բայց այդ դեմքի վրա մի տեսակ չի տեղավորվում, իրենը չի։ Ու հասկանալու համար՝ ինչու է այդպես, պետք է իմանալ մի քանի պարզ մաթեմատիկական թվեր:

Կոսմետոլոգների գործառույթներից ամենամաթեմատիկականը բոտուլոտոքսինի կիրառումն է, հայտնի բոտեքս անելը։ Այն իրականում թույն է, որը ճիշտ հաշվարկներով աշխատելու դեպքում դառնում է մարդկանց դեմքն արհեստականորեն ձգելու եղանակ։ Սխալ չափաբաժնով օգտագործելու դեպքում կարող է առաջանալ, օրինակ, կոպի իջեցում, շլություն, մարդը կարող է ունենալ ամիմիկ՝ չշարժվող դեմք․

«Եթե մենք մի զոնայում օգտագործենք շատ դոզաներ, մյուսում՝ ավելի քիչ, մենք կստանանք ատիպիկ, մարդուն ոչ բնորոշ միմիկա, դրա օրինակն է, երբ մարդիկ փորձում են ջղայնանալ, ստանում են զզվանքի միմիկա, որովհետև դա կառավարվում է նույն մկանի միջոցով, դու իրան անջատում ես կամ պակաս ես անջատում, ու երբ մարդը փորձում է այդ մկանը օգտագործել, որ, օրինակ ջղայնանա, ինքը զզվանք է ստանում իր դեմքին։ Բայց ինքը դա չի կառավարում, որովհետև դա իր 100 տարվա ջղայնանալու միմիկան է, ինքը միշտ արել է»։

Պլաստիկ վիրաբույժ Ստիվեն Մակվարդտը տարիներ ծախսեց իդեալական դիմագծեր բացահայտելու համար։ Նա օգտագործեց Պյութագորասի գիտական ժառանգությունը` ոսկե հարաբերակցության ու Ֆիբոնաչիի թվերի մասին գիտելիքները, ու ստացավ մի դիմակ, որը համապատասխանում է մարդկության պատմության ողջ շրջանում գեղեցիկ համարված մարդկանց դիմագծերին՝ անկախ նրանց սեռից, տարիքից, ռասսայից։ Դիմակը կազմված է այնպիսի եռանկյուններից և հնգանկյուններից, որոնց կողմերի հարաբերակցությունը 1-ը՝ ֆի-ի՝ 1.618-ի է։

Դեռևս հին Եգիպտոսում դեմքի ասիմետրիան թաքցնելու կամ գեղեցկությունը ընդգծելու համար մարդիկ դիմում էին դիմահարդարման օգնությանը․

«Օրինակ՝ եռանկյունի դեմքի դեպքում մենք լույսի և ստվերի միջոցով փորձում ենք ճակատի հատվածը մի փոքր ավելի մգացնել, որով ավելի փոքրացնում ենք այդ հատվածը, և լուսավորությամբ դնչի հատվածում ավելի լայնացնում ենք, ու մոտեցնում ենք օվալի նման դեմքի, ինչը իդեալականին մոտն է համարվում»։ 

Կարելի է մտածել, որ բոլորի դեմքերը տարբեր են։ Բայց եթե ավելի ուշադիր նայենք, իրականում դեմքի ընդամենը 4 ձև կա՝ կլոր, քառակուսի, օվալ և եռանկյունի։

Դիմահարդար Անուշ Գալեյանը բացատրում է՝ գուցե չգիտակցելով, բայց յուրաքանչյուր աղջիկ գեղեցիկ դիմահարդարում ստանալու համար հաշվարկ է անում։ Մեկ օրինակ՝ ինչպես են ձևավորվում գեղեցիկ հոնքեր․

«Վերցնում ենք ցանկացած երկար, բարակ իր, օրինակ՝ մատիտ, և դնում ենք քթի կողքի հատվածում և այդ հատվածից 3 կետ պիտի տանենք ունքի մոտ՝ ունքի դիմացի հատված, ունքի մեջտեղի՝ ամենաբարձր կետը և ունքի վերջը։ Այդ միջոցով մենք կարող ենք ճիշտ ընդգծել ունքը և մեր դեմքին ամենահամաչափ գեղեցիկ հոնքը կստանանք, որը չի կախի, չի ծանրացնի մեր հայացքը»։

«Հայաստանի քաղաքացիների մեծ մասը դիմում է էսթետիակական գանգատով, շատ քիչ են այն պացիենտները, որոնք գալիս են, դիմում են, որ շտկվի որևէ ֆունկցիոնալ խնդիր։ Օրթոդոնտիան ընկալվում է որպես էսթետիկ խնդիրների ուղղման ճյուղ, ինչը շատ տխուր է»։

Բժշկական համալսարանի օրթոդոնտիայի օրդինատուրա ընդունվելու համար դասախոսները Աննա Մանասյանին ոչ թե առողջապահական, այլ երկրաչափական խնդիր առաջարկեցին։ Միայն այդպես կարելի էր ստանալ բժշկության ամենամաթեմատիկական ճյուղում սովորելու հնարավորություն։ Աշխատանքային տարիներին նկատել է՝ չնայած ատամն ունի ծամողական, ֆոնետիկ, կլման և մի շարք այլ ֆունկցիաներ՝ մարդիկ ատամների առողջությունը դիտարկում են հիմնականում գեղեցկության տեսանկյունից․

Իրենք ժպտում են, ատամները գեղեցիկ չեն դասավորված, դա իրենց գեղեցիկ չի թվում, դրա համար ուզում են ուղղել:

«Ենթադրենք՝ չափում ենք ու տեսնում, որ ատամնաշարերի լայնությունը նորմերից փոքր է, կիրառվում է ատամնաշարը լայնացնող սարք։ Եթե մենք չկատարենք լայնացում, կունենանք դրանից բխող բոլոր հետևանքները՝ նեղ ատամանշարում լեզուն լիարժեք չի տեղավորվում, և կա՛մ ցցվում է դեպի առաջ, կա՛մ հետ է հրվում, երկուսն էլ առաջացնում են շատ լուրջ խնդիրներ»։

Մարդկանց դեմքերի հետ աշխատողները վստահեցնում են՝ համաչափությունը կարևոր է գեղեցկության, հոգեկան և ֆիզիկական առողջության տեսանկյունից։ Թիվը, չափն ու հաշիվը պայմանավորում են բնական գեղեցկությունը, միևնույն ժամանակ թույլ տալիս ընդգծել կամ թաքցնել դրա որոշ դետալներ։ Անգամ միայն դեմքի վրա դրանք են որոշում՝ մարդը կլինի՞ առողջ, թե՞ ոչ։ Եվ բոլոր ջանքերը՝ գիտակցված, թե ենթագիտակցորեն, ուղղվում են դեպի համաչափություն, ճշգրիտ հաշվարկ, ամենագեղեցիկ թիվ։

Back to top button