ԿարևորՀասարակություն

Շտապիր դառնալ դոնոր․ արյան կարիք կա, անհանգստանալու առիթ՝ ոչ

Շտապիր դառնալ արյան դոնոր․ կոչը Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնինն է։ Բայց սա անհանգստանալու առիթ չէ՝ շեշտում են առողջապահական համակարգի պատասխանատուները։ Արյան պաշարների թարմացումը որքան էլ հրատապ, այնուամենայնիվ, պլանային է։

Ավելի վաղ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը «Ռադիոլուրին» ասել էր, որ արյան պաշարների հետ կապված համակարգային լուծման նպատակով Հայաստանը նոր արյան բանկ կունենա․ անհրաժեշտությունը մեծ է, աշխատանքները ընթացքի մեջ են։ Սա ժամանակի պահանջն է, ներկայիս արյան բանկը  ժամանակակից նորմերին չի համապատասխանում, պարբերաբար այն վերազինելու կամ նորը հիմնելու կարիք է առաջանում։

Լինել 18 տարեկանից բարձր, իգական սեռի դեպքում ունենալ 52, արական սեռի դեպքում 62 կգ-ից ավելի քաշ, չունենալ վարակիչ, սոմատիկ, սիրտ-անոթային հիվանդություններ։ Արյան դոնոր լինելու պարտադիր պահանջներն են։ Սակայն կան նաև դոնորությունը բացառող ժամանակավոր հակացուցումներ, օրինակ՝ հեռացված ատամ, հղիություն, ալերգիա։ Մասնագետները մատնանշում են մի շարք առողջական խնդիրներ, որոնց դեպքում մարդը չի կարող դառնալ արյան դոնոր։

Այժմ այս ցանկին ավելացել է նաև նոր՝ ժամանակավոր սահմանափակում՝ կապված կորոնավիրուսի դեմ պատվաստման հետ․ արյան դոնոր կարող են լինել նաև պատվաստվածները, պատվաստվելուց 10 օր անց։  Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը քաղաքացիներին կրկին առաջարկում ու  հորդորում է՝ շտապել դառնալ արյան դոնոր։

Արյան պաշարների համալրման համար խնդրում ենք ներկայանալ արյունատվության։ Այս պահին բազմաթիվ պացիենտներ ունեն ձեր արյան կարիքը: Կատարե՛ք արյունատվություն, մի՛ հետաձգեք այդ մարդասիրական քայլը։

Արյունաբանական կենտրոնի՝ արյան դոնորության հրավիրելու հերթական հայտարարությունը համընկավ հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության հետ եւ համացանցում տարատեսակ քննարկումների առիթ դարձավ։ Այս կոչն անհանգստանալու հիմք չէ՝ շեշտում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Արյունաբանական կենտրոնը նման հաղորդագրություններ մշտապես է տարածում։ Հրավերը կարեւոր է, բայց տագնապալի չէ․ կրում է պլանային բնույթ։

«Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը նման հաղորդագրություններ մշտապես տարածում է։ Բայց վերջին շրջանում կորոնավիրուսի դեպքերի աճով պայմանավորված՝ դոնորության նվազում ունենք։ Այդ պատճառով էլ իրենք ևս մեկ անգամ զգուշացնում են, որ այն քաղաքացիները, ովքեր համապատասխանում են այդ չափանիշներին, արյուն հանձնեն»։

ՀՀ-ն ունի արյան բավարար պաշար բոլոր անհրաժեշտ դեպքերի համար․ առողջապահական գերատեսչության ղեկավարն է վստահեցնում։ Այս պաշարները համալրված են և պարբերաբար համալրվում են։ Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանն ավելի վաղ «Ռադիոլուրի» հետ զրույցում շեշտել էր՝ արյան կարիք միշտ կա, անհանգստանալու կարիք՝ ոչ․

«Արյան կարիք մշտապես ենք ունենում՝ շատ կամ քիչ։ Սշխարհում քովիդին զուգահեռ՝ արյան դոնորների քանակը նվազում է, և արյան պահանջարկը ավելանում է։ Միայն սրանով պայմանավորված։ Ուրիշ որևէ անհանգստացնող բան չկա։ Սա աշխատանքային կոչ է, և պիտի ազգաբնակչությունը շատ լավ իմանա, որ արյունն անվերջ չէ, ինչ-որ ժամանակ դա կարող է սպառվել։ Որպեսզի այդ օրին չհասնենք, այսինքն՝ միշտ ունենանք պահեստավորված արյուն, ժամանակին պիտի կանխարգելենք դա և կոչ անենք ազգաբնակչությանը, որ գան, իրենց մարդասիրական պարտքը կատարեն, որովհետև այս արյունով մարդկային կյանքեր են փրկվում, բարելավվում է մարդկային կյանքը և այլ»։

Քովիդ-համավարակն աշխարհում էլ է փոխել դոնորների թիվը։ Նվազում է նկատվում։ Հայաստանը բացառություն չէ։ Սամվել Դանիելյանը նշում է՝ արյան որևէ կոնկրետ խմբի կարիք չունեն, անհրաժեշտ է արյան բոլոր խմբերի պատկանողների պատրաստակամ աջակցությունը։

«Կոնկրետ թիրախային կարիք երբ լինում է, մենք թիրախավորված անձինք ունենք, որ գալիս ու հանձնում են ավելի սակավաթիվ արյան խմբերով ու ռեզուսով արյուն և լրացնում ենք։ Այնպես չէ, որ տագնապային վիճակ է, բայց շատ ցանկալի է, որ կանխարգելենք տագնապային վիճակը, ժամանակին գան, պլանային կարգով հանձնեն արյունը, որպեսզի մեր պահեստային մասը պակասություն չունենա, սա շատ կարևոր է, որպեսզի ոչ մի արյան կարիք ունեցող մարդ չգա ու ձեռնունայն էստեղից չգնա»։

Ո՞րն է երաշխիքը, որ առողջական տարբեր խնդիրներ ունեցող մարդկանցից չի վերցվի դոնորական արյուն։ Մասնագետները բացատրում են՝ արյուն հանձնողը նախապես անցնելու է տարբեր հետազոտություններ, որոնք առավելագույն չափով կբացառեն նման ռիսկերը։

Back to top button