ԿարևորՏնտեսական

Գնաճը «խժռում է» գրպանի պարունակությունը՝ դատարկ թողնելով սպառողական զամբյուղը

Հայաստանի սպառողական շուկայում գնաճը 12-ամսյա կտրվածքով կազմել է 8.9% ։  Մեկ տարվա ընթացքում երկնիշ ցուցանիշով աճել են առաջին անհրաժեշտության գրեթե բոլոր ապրանքների գները։ Միայն բանջարեղենը  թանկացել է շուրջ 65%ով։  Մասնագետները գնաճի բարձր մակարդակը ներքին ու արտաքին գործոններով են պայմանավորում։

Նշում են՝  ապրանքը թանկացել է ամբողջ աշխարհում։ Իսկ գյուղմթերքի բարձր գինը պայմանավորված է եղանակային ոչ բարենպաստ պայմաններով։ Կարևոր է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով հողատարածքների կրճատման գործոնը։ Չնայած բարձր գնաճին՝ պարենի ճգնաժամ հայաստանյան փորձագետները չեն կանխատեսում։

Տարեսկզբից Հայաստանում գրեթե ամեն ամիս գների բարձրացում է գրանցվում։ Վիճակագրությունը փաստում է, որ գնաճը մոտենում է երկնիշ ցուցանիշի․ եթե հունվար-հունիսի կտրվածքով գնաճը 6․5 էր, ապա այս տարվա առաջին ինն ամիսներին արդեն 8․9 % է։  Այս ցուցանիշում ներառված է սպառողական գրեթե բոլոր ապրանքների գների աճը՝ սննդամթերքից մինչև խմիչք ու ծխախոտ։ Մեկ տարում Հայաստանում բանջարեղենը թանկացել է շուրջ 65%-ով։ Կարտոֆիլ, լոլիկ, կաղամբ, վարունգ, կանաչեղեն․ զրուցակիցներս ամեն հաջորդ օր ստիպված են առաջին անհրաժեշտության ապրանքների համար ավելի շատ վճարել՝ զարմանալով , որ Հայաստանում աճեցված կաղամբի  ու կանաչու համար էլ են ստիպված մի քանի անգամ շատ վճարել, իսկ կարտոֆիլի գինն ասում են,  մոտեցել է ոսկու գնին։

«Թանկացել է ամեն ինչ, անգամ այն ապրանքների, որոնք Հայաստանում են արտադրվում, ինչպես օրինակ՝ լոլիկը, կարտոֆիլը, կաղամբը, վարունգը։ Լոլիկը 700 դրամ է, կարտոֆիլը՝ համարյա ոսկու գին՝ 350–400 դրամ՝ նայած  որ խանութում»։

Գնաճի մասին խոսելիս՝ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Ավետիսյանը հենց կարտոֆիլի բարձր գնից է խոսում։ Սովորաբար այս շրջանում, երբ սկսվում է կարտոֆիլի բերքահավաքը, բերքը   էժանանու է, այս տարի, սակայն, հակառակն է․

«Կարտոֆիլի գինը չի իջնում, քանի որ բերքն է քիչ։ Շիրակում այս տարի սպասված բերքը չկա, քանի որ ջուրը չհերիքեց ամեն դեպքում»։

Սպառողների դրամապանակն ամեն օր ավելի ու ավելի շատ է  դատարկվում, փոխարենը որևէ կերպ չի լցվում սննդամթերքի զամբյուղը։ Կաթնամթերք, պանիր, ձու, բուսական յուղ ու կարագ․ սպառողները շարունակում են թվարկել, թե էլ ինչն է թանկացել։ Վիճակագրությունը նույնպես արձանագրում է՝ հացն ու ալյուրը թանկացել են՝  համապատասխանաբար  10 և 7  տոկոսներով, շուրջ 30 տոկոսով էլ թանկացել են յուղերն ու ճարպերը։ Ամենաշատը թանկացած ապրանքների ցանկում նաև շաքարավազն է։

«Շատ թանկացել է հատկապես շաքարը։ Եթե նախկինում 290 դրամ էր, այժմ՝ 380–400 դրամ է, ձվի գինը նույնպես չի իջնում՝ 85 դրամ։ Կարագ, ձեթ՝ նորից շատ թանկացել են»։

Մասնագետները գնաճի բարձր մակարդակը ներքին ու արտաքին գործոններով են պայմանավորում։ Գյուղմթերքի բարձր գինը պայմանավորում են  եղանակային ոչ բարենպաստ պայմաններով։ Կարևոր գործոն են համարում  նաև 44–օրյա պատերազմի հետևանքով հողատարածքների կրճատումը։ Շատերը նաև անասնագլխաքանակը կրճատեցին՝ ասում է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Սամվել Ավետիսյանը։

«Հարցին պետք է իրատեսորեն նայել։ Սյունիքին սահմանակից տարածքները օգտագործվում էին որպես արոտավայր, այնտեղ նաև ցորեն, գարի, եգիպտացորեն էին ցանում։ Սրան զուգահեռ կրճատվել է նաև գլխաքանակը։ Այս պայմաններում բնական է, որ առաջարկը պակասել է, իսկ գները բարձրացել են»։

Գների աճի մյուս գործոնը համաշխարհային շուկաներում տիրող իրավիճակն է։ Մասնագետն արձանագրում է՝ այնպես չէ, որ աշխարհում մթերք չկա, պարզապես երկրները սկսել են ավելի շատ ապրանք պահեստավորել՝ թերևս համավարակի սահմանափակումներն աչքի առաջ ունենալով։ Պարենային ապրանքների համաշխարհային գները 1 տարվա ընթացքում աճել են 27 տոկոսով։ Գնաճի մեծ տեմպերի ֆոնին, սակայն, պարենային ճգնաժամ չի սպասվում՝ կանխատեսում է Սամվել Ավետիսյանը։

«Համավարակի ռիսկն իր ազդեցությունը թողեց։ Այդ պայմաններում սկսեցինք ավելի շատ ներկրում ունենալ ու գները բարձրացան։ Գները միայն  մեզ մոտ չեն բարձրանում։ Սա օրինաչափություն է, բոլոր երկրներում էլ բարձր է, հարևան երկրներում ամենացածր գնաճը մեզ մոտ է»։

Ընդհանուր առմամբ՝ ԵԱՏՄ տարածքում գնաճը հունվար-օգոստոսին գնաճը կազմել է  6.5 տոկոս: Ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ղրղըզստանում՝ 11.7 տոկոս, այնուհետև Բելառուսում՝ 9 տոկոս: Ղազախստանում գնաճը 7.6 է, Հայաստանում 6.4, իսկ ԵԱՏՄ-ում ամենացածր ցուցանիշը այս տարի գրանցվել է Ռուսաստանում՝ 6 տոկոս:

Օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից անկախ՝ բարձր գինն առաջինը սպառողի գրպանին է հարվածում։ Գնաճի կանխման կամ միջամտության որևէ գործիք չի կիրառվում։ Մրցակցության պետական հանձնաժողովը գերիշխող դիրք ունեցող  շուկաներով է զբաղվում՝ արձանագրում է  հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը

«Գները միշտ բարձրանում և իջնում են։ Եթե շուկայական է գինը, ամեն ինչ կարգին է, ես հասկանում եմ, որ մարդիկ ավելի էժան ապրանք են ուզում գնել, բայց դա մեր կարգավորման դաշտում չէ»։

Մասնագետներն աշխարհի փորձն են մատնանշում՝ առաջարկելով գների կարգավորման մեխանիզմներ ներդնել։ Օրինակ՝  երբ պետությունը պարենի կոնկրետ տեսակների  ցանկ է հաստատում և դրանց համար առավելագույն գին սահմանում՝ բոլոր լծակներով  թույլ չտալով  սահմանված գնից բարձր գնով ապրանքը վաճառքը։ Հայաստանում, սակայն, այս պահին նման հարց օրակարգում չկա։

Back to top button