ԿարևորՀասարակություն

Վրաստանի տուրիզմը համավարակի սրընթաց տարածման պայմաններում

Այս օրերին Վրաստանը COVID-19-ից օրական մահացության ու տարածման տեսանկյունից հայտնվել է աշխարհում առաջին հորիզոնականում։ Կառավարությունը նոր սահմանափակումներ է մտցնում, սակայն լիակատար լոքդաունի չի պատրաստվում գնալ՝ տնտեսությունը աշխուժացնելու համար։

Զուգահեռաբար տուրիզմը փորձում է ակտիվանալ, ինչպես են զբոսաշրջիկները հանգստանում համավարակի սրընթաց տարածման պայմաններում։

Մեկ տարի ընդմիջումից հետո Վրաստանը հյուրընկալում է զբոսաշրջիկների, շարունակում են Աջարիա, Թբիլիսի ու մյուս զբոսաշրջային վայրեր այցելել հատկապես հարևան երկրներից։

Այս տարվա տվյալներով, Վրաստանում իրենց հանգիստն անցկացնել նախընտրող զբոսաշրջիկների թվով Հայաստանը երրորդ տեղում է:

Աջարիայի սևծովյան ափերը, մայրաքաղաք Թբիլիսին, անշուշտ, զբոսաշրջիկների թվով անհամեմատելի է մինչև համավարակը եղած ցուցանիշի հետ։ 2019-ին Վրաստանը հյուրընկալել էր զբոսաշրջիկների ռեկորդային քանակ՝ ավելի քան 9 միլիոն 300 հազար։

Վրաստան այցելողների թվով ռուս զբոսաշրջիկները երկրորդ տեղում են, սա այն դեպքում, երբ ցամաքային անցակետերով երկիրը լքելու իրավունք չունեն, օդային ճանապարհով էլ Թբիլիսի կարող են հասնել Երևանով, Մինսկով կամ որոշ եվրոպական քաղաքներով։

Այս առումով, կարելի է ասել, որ այս տարի ակտիվացել է այսպես ասած հայ-վրացական համատեղ տուրիզմը, Հայաստան եկողները Վրաստան են այցելում և հակառակը։

Վրաստանը նախընտրած Բելառուսի քաղաքացի զրուցակիցներն ասում են․ «Բելառուսը մի քանի ուղղություն է թույլ տալիս իր քաղաքացիներին։ Թուրքիա, Եգիպտոս, Վրաստան ուղղություններից ընտրեցինք Վրաստանը։ Այստեղ ամեն ինչ լավ է, մենք չենք էլ զգում համավարակի առկայությունը։ Դիմակ կրում ենք փակ տարածքներում միայն։ Բելառուսում խիստ սահմանափակումներ չկան, չի եղել լոքդաուն, չգիտենք ինչի մասին են այստեղ խոսում։ Մեր սքանչելի նախագահն ասել է՝ չկա համավարակ»։

Տևական ժամանակ լոքդաունում գտնված Վրաստանում նաև սահմանների բացման հետ կորոնավիրուսի աննախադեպ տարածումը կաթվածահար է արել առողջապահական համակարգը, խոշոր քաղաքներում դաշտային հիվանդանոցներ են գործում, օրական մահացության թիվն աննախադեպ է։

Միևնույն ժամանակ լիակատար լոքդաունի երկրի կառավարությունը մտադիր չէ վերադառնալ․ զգալիորեն տուժել է մեկ տարի փակ եղած երկրի տնտեսությունը, որի շարժիչ ուժը հենց տուրիզմն է։

Հյուրանոցային բիզնեսը փորձում է ակտիվանալ, սակայն որոշ ներկայացուցիչներ ասում են, տուրիզմը զարգացնելու համար կառավարությունները սխալ քաղաքականություն են որդեգրում։  

«ես չեմ հասկանում թեստերի ու պատվաստման հետ կապված պարտադիր պայմանները։ Եթե մարդը պատվաստված է, ինչու է պարտադիր նաև թեստավորումը, պետք է սովորել ապրել վիրուսի հետ․․․», — ասում է Թբիլիսիի կենտրոնի փոքր հյուրանոցի հայ սեփականատեր զրուցակիցս՝ նշելով նաև, որ Վրաստանում խիստ սահմանափակումները, որ օր օրի ավելանում են, ազդում են զբոսաշրջիկների հոսքի վրա։

Այս պահին Վրաստանում մի շարք սահմանափակումներ են գործում․ և փակ, և բաց տարածքներում դիմակ կրելը կրկին պարտադիր է, ռեստորաններն ու սրճարանները այսօրվանից կփակվեն մեկ ժամ շուտ՝ երեկոյան 22։00-ին, քաղաքային տրանսպորտը դեռևս չի գործում։

Հատկանշական է՝ եկրի բնակչության շուրջ կեսը (47 տոկոսը) չի ցանկանում պատվաստվել, պատվաստված քաղաքացիների թիվը անցնում է մեկ միլիոնը։

Back to top button