ԿարևորՀասարակություն

Դղրդոց մեքենայում՝ վարորդին սթափեցնելու համար․ Հյուսիս-հարավի վրա արագության կանխարգելիչ գծանշում է իրականացվում

Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 1-ի Երևան-Արտաշատ հատվածում արագության կանխարգելման «աղմկոտ» գծանշումներ են իրականացվում՝ «Ռադիոլուր»-ին հայտնել է Ճանապարհային դեպարտամենտ ՊՈԱԿ-ի Ճանապարհային ակտիվների կառավարման դեպարտամենտի պետ Խորեն Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ արագընթաց ճանապարհի այս հատվածը խնդրահարույցներից է, այստեղ  հատկապես անձրևային եղանակին տրասնպորտային պատահարներ հաճախ են գրանցվում։  Առաջին կարգի ճանապարհներին,  Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցչի պարզաբանմամբ, արագաչափեր տեղադրել չի թույլատրվում, ուստի խնդիրը փորձել են լուծել արագության կանխարգելիչ գծանշման միջոցով։

Դրանց վրայով անցնելիս ավտոմեքենայում  դղրդոց է լսվում, որը վարորդին ստիպում է  նվազեցնել արագությունը։ Այժմ թույլատրելի արագությունն այդ հատվածում 90 կմ/ժամ է, նախատեսում են նվազեցնել մինչև 60 կմ/ժամ–ը։ «Հույս ունենք վարորդները կհետևեն ճանապարհային երթևեկության կանոններին, դրանով իրենց կյանքը կխնայեն»,-ասում է Գրիգորյանը։ Նա համոզված է, որի վթարների նվազեցման  լավագույն միջոցը արագաչափերի տեղադրումն է, սակայն ճանապարհային ոստիկանությունը տեխնիկական նոր  միջոցներ ձեռք բերելու հնարավորություն չունի։

Գրիգորյանի փոխանցմամբ՝ մինչև անվտանգության գոտի սահմանելը աշխատանքային խումբ են ձևավորել ու պարզել, որ վթարների միակ պատճառը արագության գերազանցումն է։ Ըստ պաշտոնյայի՝ ճանապարհի բետոնապատ լինելը վթարների թվի հետ կապ չունի, թեև բետոնե ճանապարհի սպասարկումը  խնդիր է Հայաստանում։  «Հյուսիս–հարավը նախագծելիս չեն մտածել, որ այդ ճանապարհը պետք է նաև սպասարկվի։ Այժմ որևէ կազմակերպություն չի կարող այդ ճանապարհը սպասարկել», – ասում է Գրիգորյանը։

Back to top button