ԿարևորՀասարակություն

Անունն ընտրեց, բայց ձայնը չլսեց․ հերոսի ընտանիքում աղջիկ է ծնվել

Ադրիանայի լացի ձայնը հայրիկը՝ավագ–լեյտենանտ Հովիկ Վարդանյանը, այդպես էլ չլսեց։ Փոխարենը անունն ընտրեց։ Գիտեր, որ աղջիկ է ունենալու։ Նարինե Սաֆարյանը պատմում է, որ հղիության ընթացքում որևէ բժշկական հետազոտության առանց Հովիկի չի գնացել։ Նրա ողջ ուշքն ու միտքն առաջնեկն էր, ուներ անսպառ երազանքներ Ադրիանայի հետ կապված։

Վարդանյանների ընտանիքն ապրում էր Շուշիում։ Պատերազմի հենց առաջին օրը անվտանգության համար Նարինեն եկավ Երևան։ Մի քանի անգամ ցանկացել է  վերադառնալ, ամուսնու կողքին լինել, սակայն Հովիկն արգելել է։

«Շատ դժվար է զինվորականի կին լինելը, բայց երբ սեր կա, դժվարություններն արդեն աչքիդ չեն գալիս։ Հետո արդեն հպարտանում ես, որ սպայի կին ես, քանի որ հայրենիքի համար պիտանի մարդ ես։ Մենք սկզբում ապրեցինք Եղեգնաձորում, Կապանում, իսկ արդեն վերջում՝ Շուշիում»։

Հովիկի զինակից ընկերները Նարինեին պատմել են, որ նա սրտատրոփ էր սպասում դստեր ծնունդին։ Նրա զրույցներն ընկերների հետ միշտ աղջկա մասին էին։ Նարինեն ասում է, որ ամեն անգամ ռազմի դաշտից իրեն ուղարկած նամակներում նշում էր. «Իմ թագուհիներ, հանուն ձեզ կհաղթեմ ու կվերադառնամ»։

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Անահիտ Սիրունյանը, որը վարել է Նարինեի հղիությունը, նկատում է՝ նման վիճակում հղիները հոգեբանական ծանր դրության մեջ են լինում, բայց բուժանձնակազմն իր հոգատարությամբ փորձում է օգնել, որ կարողանան հաղթահարել ընկճվածությունը։

«Մենք փորձում ենք մաքսիմալ ուշադիր լինել, որպեսզի նրանք այստեղից հեռանան ջերմություն ստացած։ Մենք աշխատում ենք, որ նրանք մաքսիմալ ավելի ուժեղ լինեն» ։

Հովիկի հորեղբոր աղջիկը՝ Սեդա Վարդանյանը, մասնագիտությամբ՝ հոգեբան, ասում է՝ Նարինեի ու եղբոր սիրո պատմության մասին անվերջ կարելի է խոսել։ Պատերազմի օրերին Սեդան միշտ Նարինեի կողքին էր, իսկ երբ եղբոր մահվան լուրը լսել է, չի էլ պատկերացրել՝ ինչպես հաղորդի։

«Ուղղակի շոկ էր,ես չէի պատկերացնում՝ այդ լուրը ոնց կարող եմ հաղորդել։ Ու այտեղ արդեն սկսվեց ոչ թե Հովիկի քրոջ , այլ հոգեբանի աշխատանքը։ Մեզ մոտ էլ հիմա խառնված են ապրումները, տխրություն ու ցնծություն։  Ամեն ինչ։ Մեզ մնում է ապրել, նայել բալիկին ու շարունակել ապրել։ Նայում ենք բալիկին, ինքը մի բուռ կյանք է գալիս է՝ իր կյանքով հաղթելու այս արհավիրքը»։

Ամուսնու հետ վերջին անգամ խոսեց դեպքի առավոտյան՝ հոկտեմբերի 12–ին։ Պատերազմը խլեց Վարդանյանների երազանքը, որը պետք է լիարժեք դարձներ ընտանիքը»։

«Հովիկը շատ լուսավոր մարդ էր․․․ Հիմա էլ որ խոսում եմ, անկախ ինձանից՝ սկսում եմ ժպտալ, քանի որ չեմ կարող իր մասին ուղղակի խոսել։ Իմ կյանքում ու սրտում ինքը մեծ լույս է եղել։ Ինքը  կարծես իմ սրտում բացված վարդ լիներ, որը պատերազմի պատճառով թոշնեց, բայց իր բողբոջը տվեց, որը հիմա իմ գրկում է։ Իմ Ադրիանան մահվանը հաղթեց իր ծնունդով»։

Ավագ–լեյտենանտ Հովիկ Վարդանյանը մանուկ հասակում կորցրել էր ծնողներին։ 2008 թվականին ընդունվել է «Փոքր Մհեր» ռազմահայրենասիրական կրթահամալիր՝ նպատակով՝ հետագա կյանքը նվիրել զինվորական գործին: Ավարտել է նաեւ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաօդային ինստիտուտը։ Աշխատել է Եղեգնաձորի, Կապանի և Շուշիի հակաօդային պաշտպանության զորամասերում։ Երկու անգամ վերապատրաստվել է ՌԴ–ում:

Պատերազմի առաջին օրվանից Հովիկ Վարդանյանը դիրքերում էր՝ թշնամու դեմ ծանր մարտերում՝ խոցելով բազմաթիվ անօդաչու սարքեր: Հերոսաբար զոհվեց անօդաչու սարքի հարվածից՝ Շուշիում։

Երկու օրական Ադրիանայի հայրը՝ Հովիկ Վարդանյանը, հետմահու ներկայացվել է պարգևատրման «Մարտական ծառայություն» մեդալով:

Back to top button