ԿարևորՀասարակություն

«Ամոթ»․ցույց` ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ այսօր բողոքի ակցիա են անցկացրել մի խումբ քաղաքացիներ՝ պահանջելով հստակ գնահատական տալ Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային, քաղաքացիական բնակչության զոհվելու դեպքերին։ Ակցիայի մասնակիցները պահանջ-նամակ հանձնեցին գրասենյակ։

ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ամենափոքր մասնակիցն է, երեք տարեկան փոքր աղջնակ, որը ծնողների օգնությամբ պաստառ է պարզել, որի վրա վիրավորված երկամյա Արծվիկի լուսանկարն է, գրված` 31 քաղաքացիական զոհ, 100 –ից ավելի վիրավոր։

Իսկ ակցիայի կազմակերպիչ քաղաքացի Արմինե Մելքոնյանի ձեռքում էլ հայ զինվորների համացանցը ցնցած տեսանյութից լուսանկարներով պաստառը, որում ներկայացվում էր, թե ինչպես են ադրբեջանցիները  վարվում գերիների հետ: 

Ինչո՞ւ  է լուռ ՄԱԿ-ը, երբ Ադրբեջանը թիրախավորում է  խաղաղ բնակչությանը, խոշտանգում գերիներին։ Փոխարենը` Հայաստանում ՄԱԿ-ը միայն դատարկ խաղաղության կոչեր է անում, իսկ Ադրբեջանում 10 քաղաքացիական զոհի համար Բաքվում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչը հայտարարում է,  որ խաղաղ բնակչություն է զոհվում։

«Այսօր Արցախում ու Գեղարքունիքում ունենք 31 քաղաքացիական զոհ, 100-ից ավելի վիրավոր, բայց նույն ՄԱԿ-ի երեւանյան ներկայացուցիչը որևէ արձագանք չի տալիս։ Մի թեթև սվաղած տեքստ է հրապարակում իր Թվիթերում՝ այն էլ հանրային աղմուկ բարձրացնելուց հետո։ Սրանից այն կողմ կողմնակալ վերաբերմունքն էլ ինչպե՞ս է լինում։ Հայ զինվորի ու ընտանիքի վիշտը ծանրանալու է միջազգային բոլոր կառույցների ուսերին»,-հայտարարեցին ակցիայի մասնակցիները։

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանն էլ ասաց, որ որևէ ակնկալիք չպետք է ունենանք, որովհետև եթե ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից ինչ-որ քայլ լիներ, այսօրվա ակցիայի անհրաժեշտությունը չէր լինի։

«Ես եկել եմ ասելու, որ հիասթափված եմ: Ես քեզ  չեմ ասում արի իմ սահմանը պահի, բայց դուք պարտավոր եք ձեր ընդունած կոնվենցիայից ելնելով՝ ասել կամ ահազանգել, ներկայացնել՝ ով է ագրեսորը: Պետք է բարձրաձայնել` ինչ եղավ այնտեղ. դպրոցներ ռմբակոծվեցին, երեխաներ են կրթությունից զրկվում, այս մասին ո՞վ պիտի ասի։ Սա խոսում է այն մասին, որ ՄԱԿ, դու մեր նկատմամբ կեղծ արժեքներ ունես, երկակի ու հանցավոր անտարբերություն ես ցուցաբերում մեր երկրի նկատմամբ։ Հայաստանը ՄԱԿ-ի անդամ է 1992 թվականից։ Եվ մենք անդամավճար ենք վճարում ձեզ, գրողը տանի։ Դուք չեք կարող այսպես անտարբեր նայել, թե ինչ է կատարվում Հայաստանում ու Արցախում, այն դեպքում, երբ թշնամի երկրի ՅՈւՆԻՍԵՖ-ի գրասենյակը խոսում է այդ մասին»,-հայտարարեց Անահիտ Բախշյանը։

Բժշկական համալսարանի ուսանող Վահե Գրիգորյանն ակցիայի ժամանակ պառտեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈւՆԻՍԵՖ–ի կողմից իրեն տրված վկայականը։ Ուսանողն իր այդ քայլը բացատրեց նրանով, որ իրեն «ՅՈւՆԻՍԵՖ–ի շնորհակալագրերը մեզ պետք չեն, քանի որ իրենց արժեքները կեղծ են։

«Հիմա Արցախից 24 հազար երեխա զրկված է իր հիմնարար իրավունքներից՝ կրթության, ազատ ապրելու իրավունքից, իրենց ընտանիքների հետ ապրելու իրավունքից։ ՄԱԿ–ը, կոչերից բացի, ոչինչ չի անում։ Ժամանակն է գործելու»:

Մոտ մեկ ժամ տևած ակցայից հետո շենքից դուրս եկավ Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչի տեղակալը։ Նա քաղաքացիների հարցերին չպատասխանեց, ասելով, որ այդ հայցերի հասցեատերը ինքը չէ ու չի կարող պատասխաններ տալ»։

Բողոքի ակցիան ավարտվեց, երբ ակցիայի մասնակիցներն արձանագրեցին՝ իրենց ակցիայի շնորհիվ ՄԱԿ-ի աշխատակիցներից մի քանիսը գնացել են վիրավորում ստացած քաղաքացիներին տեսակցելու։ Նրանք շեշտեցին, որ իրենց ակցիաները կունենան շարունակական բնույթ։

Back to top button