ԿարևորՀասարակություն

Նորից լավ ժամանակներ են գալու, «Հայֆիլմ»-ն էլի ծնվելու է․ Լևոն Աթոյանց

100-ամյակիս փորձերը սկսվում են 09.09.2020-ի ՝ ժամը 24։00-ին․ ֆեյսբուքյան իր էջում միշտ նորարար ու հումորով  Լևոն Աթոյանցն է գրել։  Նշված պահից արդեն 90 տարեկան հայ կինոյի անմնացորդ սիրահար կինոօպերատորից նախ փորձում ենք  ճշտել՝ ինչպես են մեկնարկել  100-ամյակի առաջին փորձերը․

«Շատ լավ, ինչ է եղել․ ընկերներս կողքիս, սեղանը կա, տաշի-տուշին կա»։

Թիֆլիսում է ծնվել, Քուռից ոչ հեռու։ Նրանց տնից մոտ 100 մետր այն կողմ  Բեկնազարյանը նկարել է «Պեպոն»։ Նաթելի դերն էլ մոր մորաքույրը՝  Նինա Մանուչարյանն էր խաղում։  Հինգ տարեկան տղան հենց այդ ժամանակ էլ անմնացորդ սիրահարվեց կինոյին։

«Հենց մեր կողքի փողոցում էր, երեխեքով գնում, նայում էինք։ Դե չէինք հասկանում ռեժիսորն ինչ բան է, մի մարդ կար, որ մեգաֆոնով գոռգոռում էր։ Որոշել էինք, որ դա գլխավորն է, հետո պարզվեց՝ օպերատորն է»։

 «Վրացֆիլմում» հայ կինոօպերատորներ կային, դասընկերոջ մորեղբայրը ստուդիայի տնօրենն էր: «Նա խրախուսեց, որ մուտք գործեմ  այնտեղ որպես ասիստենտ: «Իսկական կինոկրթությունը հետագայում ստացա «Հայֆիլմ» կինոստուդիայում: «Все осталное блеф/Մնացածը բլեֆ է»,- ասում է լեգենդար կինոօպերատորը։ «Հայֆիլմը» նրա համար ցավոտ թեմա է։  Պատմում է, թե ինչպես 1955 թվականին Հայաստան եկավ՝ «Հայֆիլմում» աշխատելու երազանքով ու վճռականությամբ։ Մեծ քաղաք, անծանոթ մարդիկ: Ընդամենը երկու ծանոթի հասցե ուներ։ Պատմում է՝ երկու հասցեն էլ պատռեցի,  դեն շպրտեցի։  «Հայֆիլմ» էլ դժվարությամբ ընդունեցին, որովհետև գրանցում չունեի: Այն երկու տարիները, որոնք անցկացրեցի Երեւան գալուց հետո, լավ է չհիշեմ»,- ասում է Աթոյանցն ու, այնուամենայնիվ, հիշում․

«Կայարանում քնել եմ․ Պլանի գլխում այգի կար, այդ այգում եմ քնել։ Այն ժամանակ պետք է անպայման կնիք լիներ։ Հիմիկվա անատոմիկի դիմաց էն ժամանակ Սպանդարյան միլիցիան էր։ Գնացի, մի սիրուն աղջիկ էր անձնագրերի բաժնում։  Ինքը գնաց սուրճ սարքելու, տեսա պեչատները դրած են։ Պասպորտս բացեցի ու ,,постоянная прописка,, խփեցի։  Հենց այսպես ձեռք բերված թղթի շնորհիվ ընդունվեցի «Հայֆիլմ»՝  որպես լուսավորող»:

Առաջին աշխատանքը Կամոյին նվիրված «Անձամբ  ճանաչում եմ» ֆիլմն էր: Լևոն Աթոյանցը  սիրով է հիշում նրանց, ովքեր օգնեցին կերտել կինոյում անցած  իր հրաշալի ճանապարհը: Ռեժիսոր Լաերտ Վաղարշյանի հետ երկու ֆիլմ է նկարել, այդ թվում՝ «Քաոսը», Արման Մանարյանի հետ աշխատել է նրա դիպլոմային «Տժվժիկ»  ֆիլմում, Դմիտրի Քեոսայանի հետ նկարահանել է ծանր  ճակատագրի արժանացած «Ավդոյի մեքենան»:

Անկախության շրջանի հայկական կինոարտադրանքի մեջ լավագույնը ճանաչված Լևոն Աթոյանցի նկարահանած «Որտե՞ղ էիր, մա՛րդ Աստծո» ֆիլմը ստեղծվեց պատերազմի  ծանր տարիներին՝ 1991-94  թվականներին: Օպերատորը պատմում է, որ ֆիլմի նկարահանման աշխատանքներն ավարտելուց անմիջապես հետո` հաջորդ օրն իսկ մեկնել է Արցախ։  Նկարահանումներ է կատարել Աղդամում, Ֆիզուլիում, Մաղավուզում, Տողում… Լևոն Աթոյանցի նկարահանած  նյութն օգտագործվել է տարբեր ֆիլմերում:

«Ես գնացի 94-ին ու պրծավ կռիվը։ Ժողովուրդը կռվում էր իր երկրի համար։ Ամենասարսափելին առաջին տասը օրերն էին, հետո սովորեցի: Նայում ես՝ մարդիկ հանգիստ, անգամ կատակներ են անում: Մի կողմում պայթյուններ են, մյուս կողմում՝ հանգիստ  զրուցում են՝ ժպիտները դեմքերին։ Մեկին հարցրեցի, ասում է՝ բա ինչ, լաց լինեմ, թող իրանք լացեն։ Էդ հոգին է  պահում,  թե չէ վաղուց կերել էին»:

Չարաբաստիկ հիվանդությունից հետո տնից դուրս չի գալիս, բայց անընդհատ աշխատում է։ Կյանքի 90 տարիներին հավաքած հիշողություններն է պահ տալիս համակարգչին, իսկ դրանք չափազանց շատ են։

90-ամյա մեր սիրելի հոբելյարը նպատակ ունի ՝ մինչև 100-ամյակը լավ քեֆ անել, ուրիշ էլ ինչով զբաղվի, եթե ֆիլմ չի նկարում։ Բայց համոզված է՝ հայ կինոյի լավ ժամանակները վերադառնալու են։

«Վերջը լավ է լինելու, գիտեմ։ Մի երկու տարի հետո նորից լավ ժամանակներ են գալու, «Հայֆիլմ» էլի կծնվի, ոչինչ։ Նոր մարդիկ կգան, անպայման, լավ է լինելու»։

Back to top button