ԿարևորՀասարակություն

Երևանում 142 վերելակ փոխվել է, ևս 200-ը կտեղադրվի առաջիկայում

«Ռադիոլուր»-ը ահազանգ է ստացել Նոր Նորքի 6-րդ զանգվածի Բադալ Մուրադյան 6 շենքի բնակիչներից։ Բնակիչները պնդել են, որ շենքի հին վերելակը քաղաքապետարանի համապատասխան ծրագրով պետք է նորով փոխարինվեր 25 օրում, այդ ժամկետն ավարտվել է, սակայն նոր տեղադրված վերելակն այդպես էլ գործի չի դրվել։

Ըստ բնակիչների՝ աշխատող բանվորներն էլ դադարեցրել են աշխատանքը, քանի որ կապալառու կազմակերպությունը չի վճարել կատարած աշխատանքի դիմաց։ Ահազանգի հետքերով գնացել է «Ռադիոլուր»-ը՝ զրուցելով նաև կապալառու կազմակերպության ներկայացուցչի հետ։ Վերջինս շեշտել է , որ բնակիչների մոտ թյուրիմացություն է ձևավորվել, քանի որ բանվորներն իրենց աշխատանի ավարտի պատճառով է, որ շենքում չեն երևում, իսկ վերելակը կարգաբերման փուլում է գտնվում, որը կատարում են այլ մասնագետներ։

Մայրաքաղաքում Երևանի քաղաքապետարանի ծրագրով մոտ 500 վերելակների տեղադրման առաջին փուլի աշխատանքներն 95 տոկոսով ավարտված են։ Առաջին փուլով 134 նոր վերելակ է տեղադրվել կամ փոխվել։ Դրանց մի մասն արդեն ստուգվել- ընդունվել և հանձնվել են շահագործման, մյուս մասը գտնվում են կարգաբերման փուլում։ Կարեն Ղազարյանի պատրաստած ռեպորտաժը լսենք։    

Նոր Նորքի 6-րդ զանգվածի Բադալ Մուրադյան 6 շենքի բնակիչները հույս ունեին, որ արդեն իսկ պետք է սկսեին օգտվել շենքի փոխված վերելակից։

«Ասեցին 20-25 օր է տևելու։ Այսօր 25-րդ օրը լրացել է, բայց վերելակը կիսաքանդ վիճակում է ու չի գործում, աղբն էլ էստեղ թափված»։   

Վահրամ Իսպիրյանը բարձրահարկ շենքի բնակիչներից մեկն է։ Բոլորի փոխարեն է խոսում և արտահայտում շենքի բնակիչների կարծիքը՝ որպես ակտիվ ու հոգատար բնակիչ։ Ասում է, որ վերելակը նորով փոխարինելու աշխատանքները գրեթե ավարտված են ու այն համարյա պատրաստ է շահագործման, բայց՝ այն գործի գցող չկա։ Վահրամ Իսպիրյանը մտահոգ է, ասաց, որ մի քանի օր առաջ զրուցել է բանվորների հետ, որոնք ասել են, թե իրենց չեն վճարվել։ Հիմա չգիտենք, թե ում դիմենք՝ ասաց։ 

Հին վերելակները նորերով փոխելու քաղաքապետարանի հայտարարած մրցույթում հաղթող կազմակերպություն կա։ Մրցույթը շահել է «Ռաֆէլգրիգ» ընկերությունը։ Բնակիչների բարձրաձայնած խնդիրների և հայտնած մտահոգությունների մասին մենք զրուցել ենք նաև կապալառու կազմակերպության ներկայացուցչի հետ։ «Ռաֆէլգրիգ» կազմակերպության՝ վերելակների տեղադրման ծրագրի պատասխանատուներից Լևոն Ավետյանը մեզ հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց, որ տվյալ դեպքում թյուրըմբռնում կա բնակիչների կողմից։ Դա բնական է, քանի որ նրանք կարող են և չիմանալ խնդրի մասնագիտական կողմերը։ Բանվորներն արդեն անելիք չունեն, քանի որ իրենց բաժին գործը, գրեթե ավարտել են։    

«Սխալ տեղեկատվություն է տարածվել։ Շենքեր կան, որ արդեն պատրաստ են ու մարդիկ չեն հասկանում, որ բանվորը չի գալիս շենքի մեջ աշխատելու, դա չի նշանակում, թե գործ չի արվում։ Դա նշանակում է, որ տեղադրված նոր վերելակը կարգաբերման մեջ է, որն արվում է համակարգչային ավտոմատ համակարգով։ Այսինքն՝ վերելակը պատրաստ է՝ բանվորը գա ի՞նչ անի։ Հենց այս պահին 134 հասցեում գործ ենք անում, որից 97-ում 100 տոկոսով աշխատանքներն ավարտված են և սպասվում է, որ գան ընդունեն, իսկ մնացածում՝ վերելակները համակարգչային կարգաբերման տակ են»։

Բադալ Մուրադյան 6 հասցեում նոր վերելակի տեղադրման աշխատանքներն ավարտված են և այժմ տեղադրված նոր վերելակի աշխատանքների կարգաբերման փուլն է ընթանում՝ ասաց Լևոն Ավետյանը, ապա վստահեցրեց, որ չորեքշաբթի օրն այն ամբողջությամբ կավարտվի և կհանձնվի շահագործման։ Սա էլ իր հերթին ենթադրում է, որ նախ՝ ԱԻՆ-ը պետք է ընդունի և տա համապատասխան եզրակացությունը, որից հետո վերելակը անմիջապես կմիացվի։  

«Ժամկետը գրված է, որ մինչ այդ վերելակը տեղադրված պետք է լինի։ Մոտ 5 օր հին վերելակի ապամոնտաժումն է տևում, իսկ 20-25 օր՝ նորի տեղադրումը։ Սրան պետք է ավելացնել ԱԻՆ-ի և քաղաքապետարանի կողմից ընդունումը։ Այս դեպքում ժամկետ սահմանված չէ։ Մենք ներկայացնում ենք հասցեն և որ օրը հարմար է լինում՝ իրենք գալիս են վերելակն ընդունում»։

Այսպիսով, առաջին փուլով, այս պահի դրությամբ, մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում՝ էրեբունի, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, 134 շենքում վերելակները նորերով փոխելու աշխատանքները 95 տոկոսով ավարտված են։ Երկրորդ փուլի աշխատանքները կմեկնարկեն սեպտեմբերի 2-ից։ Այս փուլոմ նախատեսված է 200 նոր վերելակի տեղադրում Երևանի տարբեր համայնքներում։ Լևոն Ավետյանի խոսքով, առաջին փուլում նախատեսվածից 8 վերելակ ավելի է տեղադրվել, ինչը նշանակում է, որ ընկերությունն անգամ սահմանված գրաֆիկից առաջ է անցել և երկրորդ փուլում դա կպահպանվի՝ եզրափակեց «Ռաֆէլգրիգ» ընկերություն պատասխանատու ներկայացուցիչ Լևոն Ավետյանը։  

Back to top button