Երկրորդ շնչառություն

Վեց տասնամյակ լարի վրա. վերևում Աստված, ներքևում՝ հայրենիք ու ժողովուրդ․ «Երկրորդ շնչառություն»

Կյանքի 77 տարիներից 60-ը լարախաղաց Վլադիմիր Հակոբյանն անցկացրել է լարի վրա Հայաստանի ու Արցախի գյուղերում: Այս Ամանորին էլ նա պատկառելի տարիքում խաղացել է լարին, երևանյան այգիներից մեկում ուրախացրել երեխաներին ու մեծերին:

«Չեմ պատկերացնում, որ ես 77 տարեկան եմ, որովհետև միշտ զբաղված եմ եղել աշխատանքով, շրջել եմ գյուղերով, որտեղ սպասել ու ցանկացել են տեսնել ազգային մեր հրաշալի այս ավանդույթը: Չկա մի շրջան ու գյուղ, որ հանդես եկած չլինեմ: Որոշել եմ 80-ամյակիս բարձրանալ լարի վրա»,-ասում է արվեստի վաստակավոր գործիչը՝ պատմելով, որ մարդիկ փողոցում ճանաչում են և կարողանում է այս տարիքում էլ բոլորին ուրախացնել: Նա դեմ է, որ ասում են, թե լարախաղացությունը մեռնող մասնագիտություն է կամ ինքն է վերջին լարախաղացը:

«Ի՞նչ վերջ, վերջ չկա, վերջը մահ է, պետք չէ այդպես ասել ու դրանով կաշկանդել երիտասարդներին, նոր սերունդ է գալիս, անպայման այս գործով հետաքրքրվողներ կլինեն»,— համոզված է Վ.Հակոբյանը:

Երբ դադարի ակտիվ գործունեությունը, կրկեսն էլ վերաբացվի, գուցե փորձի դասավանդել: Ինքնուս լարախաղացը հիշում է, որ մանկության տարիներին դեռ 10 տարեկանում իրենց գյուղ այցելած փահլևանով զմայլված որոշել, որ ինքն է փորձելու և անընդհատ իր վրա աշխատելով հմտացել ու դարձել է լարախաղաց:

«Եթե ես լարի վրա չխաղայի, հիմա գժված կլինեի: Երջանիկ եմ, վերևում օդը մաքուր, Աստծուն մոտիկ, ներքևում՝ հայրենիք ու ժողովուրդ»,- անկեղծանում է նա՝ ավելացնելով, որ կյանքի լարի վրա հետաքրքիր է, բայց վերևից, ցավոք, անարդարություններն ավելի ակնառու են:

Անդրադառնալով վերջին շրջանում թեժացած կոչումների թեմային՝ Վ.Հակոբյանն ասում է, որ ժողովրդական կոչումը պետք է պետությունն ու իշխանությունը չտան, այլ հենց ժողովուրդը:

«Ժողովրդական մարդն ո՞վ է, նա, ով չի բացակայում ու հեռանում ժողովրդից»,- համոզված է՝ ավելացնելով, որ ամբողջ կյանքն ուրախություն է պատճառել ժողովրդին ու նրանց սրտից եկածով էլ վաստակել: Իր աշխատած միջոցներով էլ կարողանում է ստեղծագործել, գրքեր գրել:

Վ.Հակոբյանն իրեն երջանիկ մարդ է համարում, 7 առողջ զավակ ունի, տասը թոռ, զինվոր որդի, տանիք գլխի վրա, կարողանում է նվազագույն կերպով հոգալ ընտանիքի ծախսերը, շրջել է երկրով մեկ ու վայելում է իր գործատուի՝ ժողովրդի սերը:

«Ինձ դուր չի գալիս, որ ընկճվում են, տրտնջում են, մեր ժողովուրդն իրավունք չունի, այնքան շնորհալիներ ունենք»,- եզրափակում է լարախաղացն ու կիսում իր երկար ու առողջ կյանքի գաղտնիքը՝ ազատ, սկզբունքային ու ազնիվ գործել և սիրել աշխատանքը, որով զբաղվում ես:

Back to top button