ԿարևորՀասարակություն

Սարուխանի տղամարդկանց ու իշխանի «ընդհատված թռիչքի» մասին

Բիզնես, որը Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքում 20 տարի առաջ հիմնեցին փող չլինելու պատճառով։ Սաֆարյանների  աճեցրած Սարուխանի արծաթափայլ իշխանն այսօր հայտնի է ամբող տարածաշրջանում, համբավը վաղուց Ռուասաստան էլ է հասել։  Բայց կորոնավիրուսի համավարակն ընդհատել է ոչ միայն Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքից դեպի Ռուսաստան ու Ղազախստան  արտագնա աշխատանքի մեկնող տղամակարդկանց, այլև արծաթափայլ իշխանի թռիչքը։

Սարուխանցի կանանց բջջային հեռախոսներում  ռուսական կամ ղազախական մեկ-երկու հեռախոսահամար անպայման կգտնեք, որովհետև արտագնա աշխատանքի մեկնող սարուխանցի տղամարդիկ սեզոնին հենց այդ ուղղություններով են շարժվում՝ փնտրելու իրենց բախտն ու ապահովելու ընտանիքի բարեկեցությունը։

Այս տարի վերոնշյալ ուղղություններով  սարուխանցի կանանց զանգերը  կտրուկ նվազել են,  քանի որ համավարակը փոխել է նաև նրանց զանգերի ուղղությունը։ Բազմաթիվ տղամարդիկ եկել են ու ընդհատված թռիչքների պատճառով  մնացել տանը։ Ընդհատված թռիչքներն իրենց հետքն են թողել  նաև Սարուխանի հայտնի ձկնաբուծարանի եկամուտների վրա․ ձկի սպառման ծավալը շեշտակի նվազել է․

«Ժողովրդի գնողունակությունը շատ վատ վիճակում  է Հայաստանում, հատկապես գյուղում, արտագնա աշխատանքի հետ կապված, քանի որ ժողովուրդը հնարավորություն չունի մեկնելու, վաճառք համարյա թե չունենք»։

Սարուխանի ձկնաբուծարանի աշխատակից Մարգար Սաֆարյանն ասում է, որ սարուխանցիների միայն չնչին տոկոսին է այս տարի հաջողվել մեկնել արտագնա աշխատանքի, այն էլ շնորհիվ  տեղացի գործարարների արտաքին կապերի․

«Սարուխանցի գործարարների շնորհիվ որոշ մարդիկ գնացին։ Նրանց միջամտությամբ Ղազախստանն  և Ռուսաստանը պահանջեցին մասնագետներ ուղարկել,  մեր դեսպանատան միջոցով  սահմանափակ թվով մարդկանց  ուղարկեցին որպես մասնագետների։ Բայց ժողովուրդը հիմնականում տեղում է»։

Մարգար Սաֆարյանի աչքը  ոչ  հայ-ռուսական, ոչ էլ հայ-ղազախական ավիաուղիներինն է, քանի որ ուշադրության առանցքում,  արդեն 20 տարի Սարուխանում հիմնված ձկնաբուծարանն է։ Ու թեև այս տարի սպառման ծավալը կտրուկ նվազել է, բայց տրամադրության կտրուկ անկում չենք նկատում․  լճերում բազմացող արծաթափայլ գեղեցկուհիները թույլ չեն տալիս, զրուցակիցս պարզաբանում է՝ հիմնականում եվրոպական ծագում ունեն։

«Մեր ձկնկիթն էլ ունենք, Եվրոպայից էլ ենք բերում ու զրոյից աճեցնում ենք։ Ինքը արհեստական ձուկ է, որպես բիզնես ժողովուրդը զբաղվում է։ Մեր Սևանի իշխանը շատ դանդաղ է աճում, ինքնարժեքը չի արդարացնում որպես բիզնես։ Մեր ձկան  որակը հիմնականում քաղցրահամ ջրով է պայմանավորված»։

Քաղցարահամ ջրի իշխանը դրսում էլ  է գնահատվում, հատկապես Ռուսաստանում, որտեղ հիմնական շուկան է։ Սակայն, համավարակը Սարուխանի իշխանի ճանապարհն էլ է փակել։ Տեղացի ձկնաբույծների հիմնական խնդիրն այս պահին  արտահանումն է։ Ճանապարհը բացվի՝ լողալով կգնան։ Հույսով, համբերությամբ սպասում են։   Իսկ ինչից սկսեցիք հարցիս, Մարգար Սաֆարյանն արձագանքում է․

«Փող  չլինելուց»։

Հայրը՝ Մաքսիմ Սաֆարյանն է սկսել , ընտանիքն էլ շարունակում է։ Սարուխանում ձկնաբուծարանները շատ չեն, ձկնկիթից մինչև մեկ կիլոգրամանոց ձուկ երեք տարի տևող ճանապարհն անցնելը հեշտ գործ չէ, բայց բիզնեսի այս և այլ ոլորտներում կայանալը, ինչպես ամբողջ Հայաստանում, այնպես էլ Սարուխանում, զրուցակիցս միանգամայն իրատեսական է համարում։

Հատկապես հիմա, երբ  արտագնա աշխատանքից զրկված սարուխանցներից շատերի  գրպաններում արդեն փող չկա, խնայողություններն էլ աստիճանաբար սպառվում են, նրանց հաջողության այս բանաձևը խիստ արդիական է։

Back to top button