ԿարևորՀասարակություն

Արտակարգ իրավիճակի արտակարգ քննությունը. սխալմամբ հրապարակվել են հին արդյունքներ

Արտակարգ իրավիճակում արտակարգ քննություններն ավարտվեցին։ Միասնական քննությունները, որոնք թվում էր, թե պետք է մեկ շնչով անցնեն, քանի որ դիմորդներն այս տարի բարձրագույն ուսումնական հաստատություններ պետք է ընդունվեին՝ հանձնելով ընդունելության ընդամենը մեկ քննություն:

Հակառակ սպասվածի «Ռադիոլուրը» բազմաթիվ ահազանգեր է ստացել քննությունների ոչ այնքան կազմակերպված լինելու և տեխնիկական մի շարք խնդրիների վերաբերյալ՝ սկսած ԳԹԿ կայքի խափանումներից մինչև սխալ տեղադրված պատասխաններ։

Ի դեպ՝ ընդունող հանձնաժողովը որոշել էր, որ Գնահատման և թեստավորման կենտրոնի ղեկավարությունը ընդունելության քննությունների արդյունքները պետք է ամփոփի և հրապարակի հուլիսի 18-ին՝ ժամը 20:00-ին: Սակայն նույնիսկ այդ պատասխանները նշված ժամկետից 1-2 ժամ ուշ են տեղադրվել կայքում։

Հայաստանում շատ բան է փոխվում, սակայն չեն փոխվում ընդունելության քննություններից դժգոհությունները։ Թե՛ բովանդակությամբ, թե՛ տեխնիկապես այս տարվա քննություններն անկազմակերպ էին ու թերի, ահազանգում են «Ռադիոլուրին» դիմած մի շարք դիմորդներ ու ծնողներ։

«Ես 2 քննություն եմ հանձնել, երկուսն էլ ամենաբարձր  ցուցանիշներով։ Մի քանի խնդիր կար պարզապես։ Նախ բուհի ընդունելության անցումային շեմը շատ ուշ տեղադրեցին։ Մյուս խնդիրն էլ հարցաշարերի սխալ պատասխաններն էին։ Շուրջ 30 հարցի պատասխան սխալ է հրապարակվել, մի քանի ժամվա մեջ փոխվել է, ու նորից սխալ է եղել։ Մի քանի անգամ զանգել ենք, ասել ենք, երկու օր հետո նոր կարողացել են ուղղել խնդիրը։ Ինձ համար լավ է անցել քննությունը, թեև կային հարցեր, որոնք չկային շտեմարաններում ու մենք նույնիսկ չէինք էլ անցել դրանք»,- ասում է դիմորդներից մեկը։

ԳԹԿ քննությունների կազմակերպման բաժնի պետ Էդվարդ Սանթրոսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում չհերքեց, իսկապես կային տեխնիկական խնդիրներ, բայց դրանք արագ շտկվել են, ասաց։

«Ես ծանոթ եմ այդ խնդրին։ Խնդիրը վերաբում է հիմնականում ֆիզիկա առարկային։ Մեր մասնագետը շփոթվել և նախորդ տարվա պատասխաններն էր տեղադրել։ Այստեղ մարդկային գործոնի խնդիր է։ Բայդ դա որևէ  կերպ որևէ դիմորդի գնահատականի վրա չի ազդել»,- նշեց Սանթրոսյանը։

Դիմորդներնին ու ծնողներին վրդովեցրել է նաև անորոշությունը, ԳԹԿ աշխատակիցների անտեղյակությունն ու անտարբերությունը։ Ոչ մի աշխատակից հստակ չի պատասխանել հարցերին։

«Մի տեղ զանգում էինք, ասում էին ուրիշ տեղ զանգեք, ու այդպես անընդհատ մեկը մյուսի վրա էին գցում։

Երկար ժամանակ հարցաշարերը չէին հրապարակվում։ Դա հաջողվեց քննության 3 օրը։ Շատ վրդովեցնող էր նաև, որ դիմորդներն ու ծնողները մրցութային միավորները չէին տեսնում՝ գոնե մոտավոր պատկերացնելու համար, թե որքանով է երեխան հաղթահարել անցողիկ շեմը։ Դա հրապարակվեց միայն քննության 10-րդ օրը։

Բժշկական համալսարանը տեղադրել էր քննական վերջնական արդյունքները, բայց օրվա 2-րդ կեսից հետո տեղադրվեց ԳԹԿ արդեն փոխված արդյունքները՝ մրցութային։ Մի փոքր անհասկանալի էր։ Գուցե ինչ- որ ծնողներ են եղել, որոնք մրցութային արդյուքներն էլ են վիճարկել, գուցե տոտալ անվստահություն կա արդեն»։

ԳԹԿ ներկայացուցիչը խոստովանում է, որ որոշ բացթողումներ իսկապես եղել են, բայց ոչ բովանդակային։ Բոլոր թերացումները բացառապես տեխնիկական բնութ են կրել։

«Արդյունքները մշակելիս և փակցնելիս որոշ խնդիրներ առաջացել են և դա կապված էր մեր համակարգչային բաժնի աշխատանքի հետ։ Անցյալ տարվա ընթացքում մեր համակարգչային բաժնի բոլոր աշխատակիցները՝ պետից սկսած, մեկ տարվա ընթացքում գնացին ավելի բարձր աշխատավարձով աշխատանքի և մենք ընդունեցինք նոր աշխատողներ, վերապատրաստեցինք, նրանք արագ մտան  գործընթացի մեջ, բայց չհասցրեցին մինչև վերջ տիրապետել գործի առանձնահատկությանը և որոշակի խնդիրներ առաջացան»,- նշում է Սանթրոսյանը։

Ինչ վերաբերում է դիմորդների զանգերին, ոչ թե անտեղյակություն կամ անտարբերություն է եղել կենտրոնում, այլ պարզապես գերծանրաբեռնված աշխատանք, որի պատճառով հնարավոր չի եղել բոլորի հարցերին պատասխանել։

Բոլոր բողոքներին ու հարցերին ավելի ուշ պարզաբանում է տրվել անհատապես ու գրավոր։ Ամեն դեպքում՝ Էդվարդ Սանթրոսյանն ընդունում է՝ կային թերացումներ, ինչն անթույլատրելի է նման պատասխանատու աշխատանքում։

Ամեն ինչ կանեն դրանք հաջորդ տարի բացառելու համար, եթե չհաջողվի, ապա բոլոր պատասխանատուները պարտավոր են հրաժարական տալ, նշեց քննությունների կազմակերպման բաժնի պետը։

Back to top button