ԿարևորՀասարակություն

Թե ինչ եղավ, երբ «Ծովագյուղ»-ի աշխատակիցները մի պահ աչալուրջ չեղան

Ամռան շոգը համավարակի տարածման տեմպերն առայժմ չի թուլացրել։  Պայքարը Сovid-19-ի դեմ շարունակվում է,  շարունակվում են նաև տեսչական ստուգումներն։ Պարետի որոշումների ու սահմանված նորմերի  կատարումը  ստուգող  կառույցները վերջին օրերին անցել են ուժեղացված հսկողության, ստուգայցեր են  իրականացնում հանրապետության ամբողջ տարածքում։

Ստուգայցերի մեկնարկի ց մինչև այսօր շուրջ 4000 կազմակերպության գործունեություն է դադարեցվել։ Իրականացվել է 40 հազարից ավելի ստուգում։

Գեղարքունիքի մարզով անցնելիս շատերն են կանգ  առնում արդեն հայտնի «Ծովագյուղ» սուպերմարկետի մոտ։ Առաջիկա  24  ժամվա ընթացքում այս կողմով անցնելիս  պետք է  սննդի  այլ վայր  փնտրել։  Պարետի որոշմամբ  24 ժամով կասեցվել են  սուպերմարկետի ու ֆուդ-կորտի աշխատանքները։  ՍԱՏՄ Գեղարքունիքի մարզային կենտրոնի պետ Արշակ  Էլիզբարյանն ասում է, որ  մարտի 16-ից են սկսել  իրազեկել մարզի բոլոր տնտեսվարողներին։ Կոնկրետ այս տնտեսվարողից  դժգոհություններ չեն ունեցել,  լավ աշխատանքի ապացույցներ՝ վիդեոների տեսքով, կան։  

«Այս կազմակերպությունում մարտից ունեցել են ջերմաչափեր, ունեցել են աշխատակիցներ ու պատասխանատուներ։ Խախտումներ այստեղ չենք  հայտնաբերել, ամեն շաբաթ այստեղ ստուգումներ ենք անցկացրել»,- ասում է Էլիզբարյանը։

Գործընթացն այստեղ, փաստորեն,  հակառակ տրամաբանությամբ է ընթացել․ եթե խախտումներ թույլ  տված կազմակերպությունները ընթացքում ավելի զգոն ու պատասխանատու են դառնում, ապա Ծովագյուղում եղել է հակառակը՝ նախկինում ավելի պատասխանատու են եղել, քան հիմա։

Թե ինչպես են տեսուչներն այստեղ խախտումներ արձանագրել,  մարզային կառույցի ղեկավարը դժվարանում է  ասել։ Այնքան հաճախ են այստեղ  լինում, որ Էլիզբարյանն անգամ  անգիր գիտի, թե համավարակի կանխարգելմանն ուղղված աշխատանքների քանի պատասխանատու ունեն։

«Ես չգիտեմ, թե ինչու է այսպես  ստացվել, գուցե պատահականություն է, որ առանց դիմակ հաճախորդ են ներս թողել։ Երկու պատասխանատու ունեն,  ամեն դռան մոտ մեկը կանգնում է, գուցե մեկը ուշադիր չի եղել։  Մյուս խնդիրն այն է, որ աշխատողների դիմակները իջեցված են եղել։ Տեսուչները, եթե տեսնում են, արձանագրում են, մենք էլ ուղարկում ենք պարետատուն։ Պարետատան որոշմամբ՝  24 ժամով դադարեցվել է գործունեությունը»,- նշում է մարզային կառույցի ղեկավարը։

Ախտահանիչ միջոցների առկայություն, սեղանների միջև սոցիալական հեռավորության պահպանում, ջերմաչափում, օգտագործված դիմակների ու ձեռնոցների համար  փակ աղբամաններ․ սրանք  այն պարզ ու միաժամանակ  պարտադիր պահանջներն են, որոնք տնտեսվարողները պետք  է պահպանեն։  Մարզային կառույցի ղեկավարն անգամ կասեցման թերթիկը փակցնելուց հետո էլ   գերազանց է գնահատում  «Ծովագյուղ»-ի՝  հակահամաճարակային կանոնների պահպանման աշխատանքները։

 «Հաճախորդները սոցիալական հեռավորությունը չեն պահպանել։ Մնացած ամեն ինչն այստեղ գերազանց վիճակում է։ Կարող ենք անգամ իջնել ու զուգարանը նայել»,- ասում է Էլիզբարյանը։

Հաճախորդներն ավելի պատասխանատու են դարձել,  հիմնականում դիմակ օգտագործում են․ արձանագրում են հանրային սննդի կետերի աշխատակիցները, վստահեցնում են՝ տարածքն ախտահանում են  պարբերաբար, աշխատողների ու հաճախորդների ջերմաչափում են կատարում․

«Հաճախորդների մեծամասնությունը հիգիենայի կանոնները պահպանում է։ Քչերն են, որ դիմակ չունեն կամ ճիշտ չեն կրում։ Եթե տեսնում ենք, անպայման զգուշացնում ենք։ Կանոնների պահպանումը բոլորիս առողջությունն է»,- ասում է սննդի կետերից մեկի աշխատակիցը։ 

Կասեցումները միայն  24 ժամով չեն սահմանափակվում։ Նախ` ոստիկաններն են հսկում, որպեսզի պարետի պահանջները պահպանվեն։  Երկրորդ անգամ նույն խնդիրներն արձանագրելիս   տնտեսվարողի գործունեությունը  կասեցվում է 48 կամ 72 ժամով։ 

48 ժամով կասեցվել է Երևանի Հրազդանի կիրճում գտնվող «Ամառ» սրճարան-ռեստորանի գործունեությունը՝ կատարման համար պարտադիր սանիտարահիգիենիկ նորմերի գրեթե ամբողջ սպեկտորը խախտելու համար. մատուցվել է նարգիլե, աշխատակիցները չեն կրել դիմակ, միևնույն սեղանի շուրջ նստած են եղել 5-ից ավելի անձինք, չեն արվել  գրառումներ աշխատակիցների ջերմաչափման և ախտահանման գրանցամատյաններում:

Առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմնի տեսուչներն էլ խախտումներ են արձանագրել  «Արարատ Ցեմենտ» ՓԲԸ-ի գրասենյակային հատվածում, «ՀԷՑ»-ի Էջմիածնի շրջանային էլցանցում, «Նոր Զովք» սուպերմարկետում։   Շուրջ 3 տասնյակ տնտեսավարողի գործունություն էլ է  24 ժամով  կասեցվել է այս ստուգումների արդյունքում։

Ընդհանուր առմամբ՝ ստուգայցերի մեկնարկի ց մինչև այսօր շուրջ 4000 կազմակերպության գործունեություն է դադարեցվել։ Իրականացվել է 40 հազարից ավելի ստուգում։

Back to top button