ԿարևորՀասարակություն

Արմավիրի մանկապարտեզները 5 օր աշխատելուց հետո փակվել են

Պանդեմիայի պատճառով Արմավիր և Էջմիածին քաղաքների մանկապարտեզները փակ են, բայց մեկ շաբաթ առաջ քաղաքապետերը որոշել էին բացել՝ պահպանելով հիգիենայի և  անվտանգության կանոնները: Նախնական հարցումներով ծնողները համաձայնել էին երեխաներին տանել մանկապարտեզ, քանի որ աշխատում են, սակայն կորոնավիրուսի հաստատված դրական դեպքերի թվի աճը նրանց հետ է պահել երեխաներին մանկապարտեզ տանելուց: Հունիսի 8-ից մանկապարտեզները կրկին փակվեցին:

 Երախաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին,  քաղաքապետարանները որոշեցին ուրախացնել երեխաներին և բացեցին մանկապարտեզի դռները նրանց առջև, սակայն կարճ ժամանակ անց՝ 5 օր հետո, դարձյալ փակեցին: Մանկապարտեզներում պահպանել էին  պարետի սահմանած անվտանգության կանոնները՝ նախապես ախտահանելով ամբողջ գույքն  ու տարածքը:  Արմավիրի քաղաքապետարանի  թիվ 8 մանկապարտեզի տնօրեն Տաթևիկ Մուրադյանն ասում է, որ  իրենց  մոտ հաճախող 140 երեխայից հունիսի 1-ին 3-ն  էին եկել, ինքն անձամբ է հետևել  աշխատողների և երեխաների ընդունման կարգին:

«Առավոտյան ընդունելությունը կազմակերպել էր բուժքույրը՝ ջերմաչափումով, ախտահանումով,  կոշիկներն ախտահանվել են 60-80 տոկոս սպիրտային լուծույթով: Աշխատողները հագել են բախիլները, իրենց ձեռնոցներն ու դիմակները գցել աղբամանի մեջ: Երեխաներին էլ են այդպես ընդունել, իսկ ծնողներին թույլ չեն տվել մտնել մանկապարտեզ: Այս ամենը  կազմակերպվել էր դրսում»,- ասաց Տաթևիկ Մուրադյանը:

Պարետի որոշմամբ գծանշումներ արել են, պահպանել սոցիալական հեռավորությունը, բայց քանի որ սկզբում 3 երեխա էր եղել, դրա կարիքը չի առաջացել: Երեխաները  ցերեկը քնել են և ամեն օր նրանց անկողինն ու անհատական սրբիչները՝  լվացվել: Հունիսի 1-ից Էջմիածնի 8 մանկապարտեզից 5-ն էր սկսել աշխատել:  

Առաջին օրն այստեղ հաճախել է մինչև 65 երեխա, մինչդեռ  քաղաքի մանկապարտեզներում ընդհանուր առմամբ կա 1384 հաճախող  երեխա:   Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Մարիամ Պողոսյանը նշեց, որ բացված մանկապարտեզները նույնպես հետևել են պարետի ցուցումներին.

«Երեխաները մինչև ներս մտնելը ախտահանվել են, ջերմաչափվել, ներսում սեղանները հարմարեցված են եղել, որպեսզի պահպանվի  հեռավորությունը, քանի որ բեռնաթափված է աշխատել՝ մահճակալները մեկումեջի սկզբունքով են օգտագործվել: Նախնական հարցմամբ 150 երեխայի ծնող ասել էր,  որ երեխային կբերի մանկապարտեզ, սակայն հենց 1-ին օրն էլ երեխաների թիվը չի գերազանցել 65-ը»,- նշում է Մուրադյանը:

Էջմիածնում առաջնահերթությունը տրվել էր մանկապարտեզահասակ երեխա ունեցող աշխատող ծնողներին, սակայն Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դրական դեպքերի թվի ավելացմամբ՝ ծնողները որոշեցին երեխաներին չուղարկել մանկապարտեզ:  Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանն ասում է երեխաների անվտանգությունից ելնելով  հունիսի 8-ից  մանկապարտեզները կրկին փակեցին.

«Մեր մանկապարտեզները մի պահ աշխատում էին և երկուշաբթի օրվանից անցել են ոչ աշխատանքային ռեժիմի, քանի որ վիրուսի տարածման տեմպերն ուժեղացան: Կախված համավարակի վիճակից, որոշում կկայացնենք որոշ ժամանակ անց փակելու կամ բացելու»,- ասում է Խուդաթյանը:

Մեկ շաբաթ հետո փակվել են նաև  Էջմիածնի մանկապարտեզները.

«Փակվելու որոշում քաղաքապետը չի կայացրել, սակայն մարդիկ իրենց երեխաներին չեն բերում և գործնականում մանկապարտեզները չեն գործում: Երբ որ դեպքերը կտրուկ շատացան, ծնողները վախից չբերեցին: Մանկապարտեզներում 1-2 երեխա է եղել, ծնողներն էլ տեսնելով, որ երեխան մենակ է, արդեն չեն տարել»,- նշում է Արմավիրի քաղաքապետը:

Երեխաները, որոնք արդեն մի քանի ամիս տանն են և չեն հաճախում մանկապարտեզ, սկսել են կարոտել դաստիարակներին ու իրենց խմբի երեխաներին: Այս մասին ես տեղեկացա, երբ  զրուցեցի 4-ամյա Արևիկի հետ: Նրա երևակայությունը մեծ է և տանը խաղալիքներով երբեմն մանկապարտեզ-մանկապարտեզ է խաղում: Իմ այցի պահին տիկնիկի համար ճաշ էր պատրաստում.

«Մանկապարտեզ չեմ գնում, որովհետև կորոնավիրուս է, հըլը փակել են: Ուզում եմ գնալ մանկապարտեզ, կարոտել եմ: Այնտեղ ընկերներ ունեմ՝  Եվան, Մարի-Բելլան,  խաղում էինք, պարում էինք: Ես ամենաշատը կարոտել եմ ընկեր Մագային»,- պատմում է Արևիկը:

Արտակարգ դրություն հայտարարելուց հետո Արևիկի Մայրը՝ Ռուզանան, երեխաներին  պահում է տանը և հարմարավետ է դարձրել նրանց առօրյան.

«Ես դպրոցում եմ աշխատում, ուսուցչուհի եմ: Արտակարգ դրության պայմաններում տանն ենք: Մենք աշխատում ենք պահպանել բոլոր կանոնները, տանից դուրս չենք գալիս, առանձնատանն ենք ապրում, ունենք մեծ բակ, որտեղ երեխաները կարողանում են դուրս գալ, խաղալ և անցկացնել իրենց ժամանակը»,- պատմում է Ռուզանան:

Անվտանգության ու հիգիենայի կանոններին Արևիկն էլ է տիրապետում, գիտի, որ մեծերը դրսում պետք է կրեն դիմակ, ձեռքերը պետք է օճառով հաճախակի լվան, օգտագործեն ալկոգել:

Ավտանգության կանոնները պահպանելով փոքրիկ Արևիկը սպասում է կորոնավիրուսի անհետացմանն ու կրկին իր սիրելի մանկապարտեզ հաճախելուն, որպեսզի կարողանա առաջվա պես ազատ շփվել ու խաղալ երեխաների հետ:

Back to top button