Ծովահայեր

Հայկական դրոշները ե՞րբ և ինչպե՞ս կծածանվեն համաշխարհային օվկիանոսում. «Ծովահայեր»

Հայկական դրոշները ե՞րբ և ինչպե՞ս կարող են ծածանվել համաշխարհային օվկիանոսում։

Ծովային առևտրում իր երբեմնի դերը վերագտնելու համար օրենսդրական կարգավորումների, ծովային հայկական օրենսգրքի մասին պատմում է նախաձեռնության հեղինակ, ԱԺ պատգամավոր Արմեն Փամբուխչյանը։  

Հայաստանն ունենալու է «ծովային օրենսգիրք»: Այն կլինի առաջինը Հայաստանի  երրորդ հանրապետությունում, բայց ոչ հայոց պատմության ընթացքում:

Ի սկզբանե պետության սահմանագիծ հասկացվել է նրա ցամաքային տարածքը։ Ծովը դիտվել է որպես համընդհանուր սեփականություն, կամ «ոչ ոքի չպատկանող տարածք»։ Առանձին պետություններ՝ Հին Հռոմը, Ջենովան, Վենետիկը, ձգտել են յուրացնել ծովը, նրանից ստացվող բոլոր բարիքները։ Ծովերից օգտվելու իրավունքի համակարգման փորձեր արվել են դեռ հին դարերում,  Հռոդոսյան ծովային օրենքն է վկայում:

Մեր պատմությունը հարուստ է ծովային ժառանգությամբ, և առնվազն միամտություն է կարծե,լ թե ծովային  օրենսդրության գործում անմասն ենք մնացել:  Ծովային միջազգային իրավական կարգուկանոն սահմանվում է դեռ Մխիթար Գոշի դատաստանագրքում: Միգուցե դրանից առաջ էլ ենք օրենսդրական կարգավորումներ ունեցել , բայց ինչ-ինչ պատճառնեով չի ուսումնասիրվել: Մխիթար Գոշը խորտակված նավերի, ավարի մասին է գրել է՝ համադրելով հռոմեական օրենքի հետ:

Դե իսկ Կիլիկյան Հայաստանում տարբեր երկրների մշակույթների ու քաղաքակրթությունների խաչմերուկը ծովն էր՝ Միջերկրական ծովն իր միջնադարյան առանցքային հանգույցներից մեկով՝ Այասով:

Ինչպես արևմտյան պատմաբաններն են սիրում ասել, վաղ շրջանում հայերը նույնիսկ ծովային միջազգային կարգուկանոնի թելադրող էին, աշխարհի դիվանների արխիվները վկա:

Առաջին փոխադարձ, մեզ հայտնի պայմանագիրը կնքվել է Լևոն Բ–ի օրոք,  1201 թ.-ին Ջենովայի և Վենետիկի հետ։ Հետո Հեթում Ա, Լևոն Գ, Լևոն Դ ու Լևոն Ե արքաներն են արտոնություններ ու պարտավորություններ ամրապնդել միջազգային ծովային հարաբերություններում։ 1285 թ.-ին Կիլիկիան պայմանագիր է կնքում Եգիպտոսի հետ:

Պատմական այդ լուսավոր ժամանակներից հետո, կորցրեցինք պետականությունը, բայց վերագտանք ջրերում գերակայող դիրքը հայ առևտրական ծովագնացների շնորհիվ:

Գաղութային զավթումների փուլում աշխարհի հզորները ձգտում էին օրինականացնել ծովում հաստատված գերիշխանության իրավունքը։ Պորտուգալիան, Իսպանիան և գաղութային մյուս տերությունները աշխարհի ծովերն ու օվկիանոսները բաժանում էին ազդեցության ոլորտների։

Միջազգային ծովային իրավունքի առաջադիմական զարգացմանը նպաստեցին նաև հայ վաճառական–ծովագնացները։ Նրանք պայքարեցին ծովում գերիշխանություն հաստատելու փորձերի դեմ։ Անգլիայի, Ֆրանսիայի, Արևմուտքի և Արևելքի այլ պետությունների դատարաններում հայ վաճառականների հարուցմամբ քննվող գործերը դրվեցին առևտրական ծովագնացության սահմանափակումների դեմ մղվող պայքարի հիմքում: Թերևս ամենահայտնին  Հայկական Կեդախ Մերչանտ նավի մասին էր, որը գրավել էր ծովահեն Կուգը:

13 –15-րդ դարերում Սև ծովի նավարկությունը գտնվում էր հայկական և ջենովական առևտրականների ձեռքին։ Նույն ժամանակաշրջանում՝ Ղրիմում, Իտալիայում, 17-րդ դ․ վերջից՝ Հնդկաստանում հիշվում են հայ նավավարներ, նավապետներ։ Հնդկահայ վաճառականները գնել ու նույնիսկ՝ կառուցել են տվել սեփական նավեր, որոնք ունեին հայկական անուններ՝ «Արշակ», «Հովսեփ մանուկ», «Հովհաննես Աբգար»:

Հնդկաստանի հայկական նավերը շրջում էին «հայկական» կոչվող նարնջակարմրավուն դրոշներով։ Ասիայի և Եվրոպայի բոլոր նավահանգիստները բաց էին նրանց առջև։ Չնայած իրենց փոքրաթիվությանը, հայկական նավերը մրցում էին եվրոպական տերությունների նավերի հետ։ 18-րդ դարի առաջին կեսին անգլիացիները նույնիսկ բռնագրավեցին հայկական առևտրանավերը։ 19-րդ դ․ Հնդկաստանի հայ արդյունաբերողները և առևտրականները նույնիսկ  հիմնեցին «Միացյալ շոգենավային ընկերություն», «Գետանավային ընկերություն», համագործակցում էին եվրոպացիների հետ։

Մեր օրերում հայկական դրոշները ե՞րբ և ինչպե՞ս կարող են ծածանվել համաշխարհային օվկիանոսում։ Չի բացառվում, որ  ծովային առևտրում հայերս վերականգնենք մեր երբեմնի  դերը։

Back to top button