ԿարևորՀասարակություն

Մարդ-բնություն հարաբերությունները՝ համավարակի պայմաններում

«Բնության ժամանակն է»․  շրջակա  միջավայրի համաշխարհային օրն այսօր նշվում է այս կարգախոսի ներքո։ Համավարակի շրջանում, երբ միլիոնավոր մարդիկ գտնվում էին ինքնամեկուսացման մեջ, մի պահ թվաց, թե իսկապես բնության ժամանակն է։ Համացանցում ակտիվորեն շրջանառվում էին այդ մասին փաստող նյութեր, լուսանկարներ։ Համավարակը մեկ անգամ ևս ի հայտ բերեց բնության վրա  մարդու գործունեության ակտիվ ազդեցությունը։ Այդ գործունեության բացասական ազդեցությունը ցայտուն կերպով արտահայտվում  է նաև Հայաստանում։

Մթնոլորտային օդի աղտոտվածության դիտարկումները փաստում էին, որ կարանտինի օրերին Հայաստանում ևս բնությունն իսկապես  հանգստանում էր  մարդուց․ Շրջակա միջավայրի նախարարության  Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի  փոխտնօրեն Գայանե Շահնազարյանը խոսում է փաստերով․

«Այդ ժամանակահատվածում մենք պարբերաբար ստուգում էինք օդի որակի փոփոխությունը։ Սկզբնական շրջանում, երբ արգելվեց  տնտեսական ու տրանսպորտի գործունեությունը, բավականին փոփոխություն մենք ունեինք և՛ Երևանում, և՛ մարզերում»,- ասում է Գայանե Շահնազարյանը։

Հանրային տրանսպորտի ու տնտեսական հատվածի գործունեության վերականգնումից հետո այժմ  նույն պատկերն է, ինչ ունեինք կարանտինից առաջ։ Ավելին՝  «ԷկոԼուր» տեղեկատվական կենտրոնի նախագահ Ինգա Զարաֆյանի պնդմամբ՝ շրջակա միջավայրն ավելի է աղտոտվել, քանի որ հին թափոններին գումարվել  է կարանտինային թափոնների նոր տեսականին․

«Ինչպես և ուրիշ երկրներում՝ մեծացել է պլաստիկ թափոնների ճնշումը բնության վրա։  Արդեն տեսնում ենք գետնին թափված դիմակներ, ձեռնոցներ։  Նետում են՝ առանց մտածելու, որ դրանք կարող են շատ վտանգավոր լինել»,- նշում է Ինգա Զարաֆյանը։

Մարդ-բնություն հարաբերությունները Հայաստանում վատ են, ըստ Զարաֆյանի, դա են փաստում նաև  կանաչ գոտիներում այս օրերին մարդկանց անթույլատրելի կուտակումները։ Սպառողական հոգեբանությամբ  անխնա կերպով ոչնչացրել ենք կանաչ գոտիները, որոնք  այս օրերին  մեզ տեղավորելու, առնվազն՝ 1․5 մետր հեռավորության վրա պահելու  խնդիր ունեն։

«Ակնհայտ է, թե ինչքան քիչ տեղ է մնացեռ, որպեսզի երևանցին գնա ու իր ընտանիքի հետ միասին, օրինակ, Թումոյի այգում հանգստանա։ Իսկ Ստեփանավանի դենդրոպարկի պատմությունն արդեն հայտնի է»,- ասում է Զարաֆյանը։

Համացանցում շրջանառվող լուսանկարները փաստում էին, որ Ստեփանավանի դենդրոպարկում մարդկային մեծ հոսքի պատճառով  չէր պահպանվում սոցիալական հեռավորությունը։ Ինչևէ, առջևում շոգ ամառն է ու երևանցին ավելի է ձգտելու դեպի բնությունը, որի ներուժը համավարակին կարծեք համարժեք չի արձագանքում։ Մայրաքաղաքի օդն էլ, ինչպես արդեն նշվեց, մի բան չէ։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի  փոխտնօրենի խոսաքով՝ Երևանում  օդի աղտոտվածության հիմնական աղբյուրը  տրանսպորտն է, բայց մթնոլորտում աղտոտիչների թույլատրելի սահմանի գերազանցում  տեղի է ունենում հիմնականում  փոշու պատճառով։

«Փոշին նախ կանաչապատ տարածքների  սղության հետևանք  է։ Բացի այդ՝ քաղաքում ակտիվ շինարարություն  է ընթանում։ Փոշին նաև Երևանի դիրքի հետևանք է, մայրաքաղաքում քամիները հաճախակի են և ինչ-որ տեղում կուտակված փոշին անընդհատ տեղափոխում է»։

Էկո-Մեդիա լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանն այս ցանկին կավելացներ օդի աղտոտվածությանը նպատող մի քանի գործոն  ևս․ «Մենք գազ ենք օգտագործում  և ասում են, որ դա ավելի մաքուր է, քան բենզինը, դիզելը և այլն։ Դա այդպես չէ։ Յուրաքանչյուր վառելիք օգտագործելու դեպքում պիտի ֆիլտր լինի, որը  մեր հանրապետությունում հիմանականում չեն օգտագործում։  Բացի այդ՝  վերջին տարիներին Հայաստան ներմուծվեցին մեծ քանակությամբ  հին մեքենաներ, ինչը ևս օդի աղտոտվածության շատ վատ ցուցանիշերի պատճառ դարձավ։ Մենք հավասարվել էինք Չինաստանի ամենակեղտոտ քաղաքներին»,-ասում է Նարինե Կիրակոսյանը։

Գործընկերոջս խոսքով՝ ապրելով վիրտուալ կյանքում մենք անընդհատ վնասում ենք բնությանը։ Օդի մաքրության վրա ազդող ներկայացված բոլոր գործոններով հանդերձ:

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի  փոխտնօրեն Գայանե Շահնազարյանը վստահեցնում է․ «Ընդհանուր առմամբ այնպես չէ, որ Երևանում  մթնոլորտային օդի որակը շատ վատ է։ Իսկ շրջակա միջվայրի նախարարությունը ամեն ինչ անում է, որպեսզի օրենքի շրջանակում կարողանանք պահպանել օդի մաքրությունը»։

Մթնոլորտային օդի մաքրությանն ուղղված վերջին փոփոխություններով՝ արգելվում է այրումը բաց տարածքներում, ինչը հնարավորություն է տալիս խուսափելու  վտանգավոր արտանետումներից։

Back to top button