ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Ամեն ինչ կորոնավիրուսի մասին

Մայիսի 20-ին Հայաստանում  ավելի շատ մարդ է բուժվել, քան վարակվել։ Եթե 14 օր պահպանվի այս միտումը, ուրեմն կարող ենք ասել, որ իրավիճակը  կայունանում է, «Ռադիոլուրի հյուրասրահում» ասել է Երեւանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների դոկտոր Մերի Տեր-Ստեփանյանը։ Ըստ նրա` կորոնավիրուսն այժմ կառավարվում է հասարակական ինքնագիտակցության կողմից։ Թե Հայաստանում ինչ զարգացումներ տեղի կունենան,  կախված է մեզանից։

Ո՞ր փուլում է Հայաստանը

Վիճակագրությունը փաստում է, որ աշխարհում կորոնավիրուսային իրավիճակը կայունանում է։  Եվրոպայի երկրներից շատերն արդեն  ունեն  կայուն նվազեցում։ Բացառություն է Ռուսաստանը, որը ուշ թևակոխեց հիվանդության ակտիվ փուլ և առայժմ ունի աճող ցուցանիշներ։

Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում հատել է  5 միլիոնի սահմանագիծը, գրանցվել է 325 հազարից ավելի  մահվան դեպք։ Վարակակիրների թվով Հայաստանն աշխարհում  63-րդ տեղում է, 1 միլիոն բնակչության հաշվարկով՝ 47-րդում։ Մայիսի 19-ի դրությամբ Հայաստանում հաստատված դեպքերի ընդհանուր քանակը  5271 է , առողջացածներինը՝ 2419։

Հայաստանում, ըստ   վերջին շաբաթվա տվյալների,   աճի միտում ունենք։ «Դեպքերի թվի առումով կարծես մոտենում ենք գագաթնակետին», –ասում է Մերի Տեր–Ստեփանյանը։

Նրա կարծիքով՝ թևակոխել ենք մի փուլ,  երբ խստացումները թուլացել են, գլխավորը դարձել  է բնակչության  ինքնագիտակցության մակարդակը։

Դիմակն ու ձեռնոցը կպաշտպանե՞ն վարակվելուց

Խիստ սահմանափակումները մեզ երկու ամիս նախապատրաստվել են նոր ապրելակերպին՝ ասում է մասնագետը։  Թե դիմակ կրելը․ թե ձեռքերի հիգիենան, թե սոցիալական հեռավորության պահպանումը, նրա կարծիքով,  պետք է դառնան մեր առօրյայի մասը։ Սա մշակույթի փոփոխություն է, որը բերելու է դրական  ոչ միայն կոնորնավիրուսի, այլ  նաև այլ հիվանդությունների, օրինակ ամռան սեզոնին աղիքային հիվանդությունների, ավելի ուշ՝ օդակաթիլային վարակների  նվազմանը։

«Անլուրջ ենք վերաբերվում, փորձում ենք շրջանցել, բայց  համաճարականաբանական օրինաչափություն  է՝ եթե չկա պատվաստանյութ , ապա հիմնական պաշտպանությունը պատնեշային լուծումներն են։ Չինաստանը, Հարավային Կորեան  լավ  արդյունքներ ունեցան , որովհետև այդ մշակույթը ձևավորեցին» ։

Ինչպե՞ս կազդի սահմանափակումների թուլացումը իրավիճակի վրա

Ըստ մասնագետի՝  աշխարհն այդ փոփոխությանը  գնացել է ավելի վաղ, քան մենք։ Սահմանափակումների մեղմացումն անխուսափելի է, բայց թե ինչ սցենարով  կզարգանա իրավիճակը , կախված է մեր ինքնագիտակցությունից։

Անաշխտանիշ դեպքերը շատ են՝ 40-60 տոկոս, ինչն էլ բարձրացնում է  վարակի ռիսկայնությունը ։  Վիրուսի ծագման մասին  շահարկումները նույնպես նվազեցնում են զգոնությունը, իսկ զգոնությունը կորցնելը կարող է ժակատագրական լինել՝ ասում է  մասնագետը։   

Հնարավո՞ր է  երկրորդ անգամ վարակվել

Իմունիտետ ձեռք բերելու 2 տարբերակ կա՝ վարակվել կամ պատվաստվել։ Քանի դեռ պատվաստանյութ չկա,  ճանապարհը վարակվելն է։ Վերջերս  քննարկվում էր կորոնավիրուսով վարակվածներին  իմուն անձնագրեր տրամադրելու հարցը։

ԱՀԿ–ն դեմ էր այն հիմնավորմամբ, որ  հետազոտությունները դեռևս ապացուցողական հիմք չունեն։ Առայժմ վստահ հնարավոր չէ պնդել, որ վարակը առաջացնում է հետվարակային անընկալություն,  ասում է մասնագետը և ավելացնում․

«Եթե կորոնավիրուսը գնա գրիպի վիրուսի տարբերակով, ապա կրկնավարակում հնարավոր է։ Իսկ եթե գնա կարմրուկի, ջրծաղիկի տարբերակով, ապա մարդը երկրորդ անգամ չի հիվանդանա։ Մեծ է հավանականությունը, որ կգնա երկրորդ տարբերակով», ասում է մասնագետը։

Այդ դեպքում ինչո՞ւ են երկրորդ անգամ վարակվելու դեպքեր գրանցվում։

Բժիշկը հավանական է համարում, որ  խոսքը ոչ թե  կրկնավարակման, այլ օրգանիզմում վարակի մնալու և ինքնաակտիվանալու հետևանք է։

Որքանո՞վ է վտանգավոր վիրուսը

Վտանգավոր է այն, որ վիրուսը քիչ ուսումնասիրված է և նոր է։ Հետևանքների մասին կարող ենք խոսել ամիսներ անց ՝ ասում է մասնագետը։ Նա նկատում է, որ հիվանդությունն ամեն  օր նոր ախտանիշներով է դրսևորվում։ Փոփոխվում են նաև հետևանքների մասին գնահատականները։

«Սա այն տարբերակը չէ, որ մտածենք՝ ավելի լավ է վարակվենք ։ Ավելի լավ  է պաշտպանվենք»,– ասում է մասնագետը։

Ինչո՞ւ են տարբեր երկրներում մահացության դեպքերն այդքան տարբեր

Երկրները հիմնականում կանխարգելիչ նույն քայլեր են ձեռնարկում, բայց ցուցանիշները  տարբեր են։ Որոշներում մեծ է վարակակիրների թիվը, փոքր՝ մահացության ցուցանիշը, մյուսներում ՝ հակառակը։

Տարբեր  են  հետազոտական մոտեցումները , վիճակագրությունը վարելու  մեթոդները՝ ասում է մասնագետը։  Պատճառներից մյուսն էլ, ըստ նրա, տարիքային խմբերի  առումով երկրների բնակչությունների տարբերությունն է։ «Եվրոպական երկրներում տարեցների բաժինն ավելի մեծ է, քան, օրինակ, Ռուսաստանում, իսկ տարեցները թիրախային խումբ են։

Երրորդ պատճառն էլ բնակչության մոտեցումն  է կանխարգելիչ միջոցառումներին։

«Որքան մոտեցումը լուրջ է, որքան  խիստ է պահպանվում կարանտինային ռեժիմը, այնքան արդյունքները դրական են»,– ասում է բժիշկը։

Ե՞րբ սպասել պատվաստանյութին

ԱՄՆ–ն , Ռուսաստանը,  Գերմանիան ու Չինաստանն ակտիվորեն աշխատում են  այս ուղղությամբ, ինչը  հուսադրող է։ Եթե պատվաստանյութը ստեղծվի, և այն ունենանք մինչև տարեվերջ, խնդիր է, թե ինչ մակարդակով բնակչությունը կընդգրկվի պատվաստումային  գործընթացում։

«Դեռ չգիտենք, թե բնակչությունը որքանով կցանկանա պատվաստվել։ Սա կամավոր գործընթաց է»։

Կոլեկտիվ իմունիտետ ձևավորելը,  ըստ մասնագետի,  ժամանակատար պրոցես է։

Back to top button