ԿարևորՀասարակություն

Հայ հրուշակագործները 7 մեդալ են բերել Հայաստան

Լուսինե Նորեկյան
«Ռադիոլուր»-ի համար

Հայ հրուշակագործներն օրերս են վերադարձել Գերմանիայից։ Նրանք իրենց հետ Երևան են բերել 7 մեդալ։  Շտուտգարդ քաղաքում 5 օր շարունակ  75 երկրի խոհարար պայքարել է լավագույնի կոչման համար։

Հայ հրուշակագործներն իրենց շաքարային ծաղկեփնջերի ու հաջողությունների մասին պատմել են «Ռադիոլուրին»։

Բնականից չտարբերվող, բայց քաղցր հումքից պատրաստված ծաղիկներն ու բույսերը զբաղեցնում են Իսկուհի Համբարձումյանի օրվա մեծ մասը։ Հրուշակագործի  ձեռքերում շաքարային հիմքով խմորը դառնում է ծաղկային փունջ։ Նա տարբեր երկրներում բնակվող հայուհիներին մի թիմում հավաքել ու աշխարհի 75 պետությույնների կողքին Հայաստանը ներկայացրել է համեղ առաջնությունում։

Խոհարարական արվեստների օլիմպիադային Հայաստանը երբեք չէր մասնակցել, ու ցանկությունը մեծ էր, որ մեր երկրի դրոշը ծածանվի այնտեղ, պատմում է հրուշակագործը։

Հոլանդիայից, Ռուսաստանից և Հայաստանից մեկ թիմում հավաքված հինգ հայ հրուշակագործները միջազգային խոհարարական օլիմպիադայում նվաճել են երեք ոսկե, երկու արծաթե և երկու բրոնզե մեդալ, ասում է հայկական թիմի ղեկավարը։

Ոսկե մեդալի է արժամացել նաև Մարինե Խալաթյանը։ Նա Հրուշակագործական և խոհարարական ավեստների օլիմպիադայում ներկայացրել է հայկական լեռնաշխարհում հանդիպող ծաղիկների շաքարային փունջը։

Ինչպես Մարինեն է ասում՝ արհեստը, որը հետագայում դարձավ արվեստ, իր համար կարևոր էր, հիացմունքն էլ` մեծ էր։

Մեր հրուշակագործներին պակասում է միայն տեխնիկան, այստեղ չունենք այնպիսի հնարավորություններ, ինչպես Եվրոպայում, սրտնեղում է Իսկուհի Համբարձումյանը։ Կիևում բնակվող հայ հրուշակագործն ասում է, որ իրեն ուժ է տալիս սերը դեպի աշխատանքը և հայրենիքը ու հենց այդպես էլ հաճախ ոգևորում է իր սաներին։

Իսկուհին նաև ասում է, որ այս գործում վարպետանալու համար պետք է անդադար աշխատել, ինչպես նկարիչն է մանրակրկիտ աշխատում ամեն դետալի ու գույնի վրա։

Back to top button