ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Ինչպե՞ս չափել հակակոռուպցիոն պայքարի արդյունավետությունը

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Կոռուպցիայի դեմ պայքարի մասին նոր իշխանությունները շատ են խոսում. ամենահաճախ հնչող կապակցությունն է բանավոր հայտարարություններում, ամենաշատ  հանդիպող հիմավորումը՝ մշակվող  նախագծերում ու փաստաթղթերում:

Համարժե՞ք է հակակոռուպցիոն հռետորաբանությունը  իրական պայքարին, ի՞նչ իրավիճակ ունենք, ի՞նչ  է փոխելու վերջերս ընդունված և ուժի մեջ մտած  հակոռուպցիոն ռազմավարությունը: Այն արդեն 4-րդ փաստաթուղթն է, որ մշակվում է կոռուպցիան հաղթահարելու համար:

«Այդ փաստաթղթով կառավարությունը ստանձնում է ինստիտուցիոնալ,  մասնագիտացված, մշտական գործող համակարգ ստեղծելու հանձնառություն: Սա այս փաստաթղթի և նախորդների գլխավոր տարբերությունն է», — «Ռադիոլուրի հյուրասրահում» ասել է  Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

Փաստաթղթով նախատեսվում է 2 նոր մարմնի ձևավորում. կոռուպցիայի կանխարգելման համար գործելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը փոխարինելու է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին և ունենալու է ավելի լայն լիազորություններ:

Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման համար ստեղծվելու է նոր իրավապահ մարմին`Հակակոռուպցիոն կոմիտեն, որին փոխանցվելու են Հատուկ քննչական ծառայության, Քննչական կոմիտեի, Ոստիկանության և Պետեկամուտների կոմիտեի` կոռուպցիայի դեմ պայքարի գործառույթները:

Հոկտանյանը հույս ունի, որ նոր ռազմավարությամբ կոռուպցիայի դեմ պայքարն առավել համակարգված բնույթ կստանա: Մինչ այժմ վարվող պայքարն, ըստ նրա,  իրավիճակային է, սահմանափակվում է առանձին դեպքերով ու իրավիճակներով:

Back to top button