Տնտեսական

Եկեք, գործեք Հայաստանում, հարստացեք և հարստացրեք. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Ներդրումներ և առևտուր» համաժողովի աշխատանքներին: Միջոցառմանը մասնակցում են աշխարհի 20 երկրից Հայաստան ժամանած խորհրդարանների պատգամավորներ, նախարարներ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, առևտրի և արդյունաբերական պալատների նախագահներ, խոշոր ընկերությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը ողջունել է համաժողովին մասնակից գործարարների՝ մեր երկրում ներդրումներ անելու մտադրությունները:


«Ցավոք, ոչ հեռավոր անցյալում ոմանք հաճախ Հայաստանի հետ զուգահեռ օգտագործում էին կոռուպցիա, աղքատություն բառերը, ընդգծում էին ագրարային երկիր լինելու հանգամանքը: Ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, ժողովրդական թավշյա հեղափոխությունից հետո մենք խնդիր ենք դրել, որ Հայաստանը լինի օրինական, աշխատանքի և բարձր տեխնոլոգիաների երկիր: Եվ այս ճանապարհին մեր ամենամեծ դաշնակիցը համարում ենք գործարարներին, ներդրողներին, որոնց ուզում ենք քաջալերել՝ ՀՀ-ում անելու նորանոր ներդրումներ: Մենք ցանկանում ենք Հայաստանի Հանրապետությունում քաջալերել աշխատանքը, հաջողությունը և յուրաքանչյուր ներդրողի ասում ենք՝ եկեք գործեք Հայաստանում, հարստացեք և հարստացրեք: Մենք հրավիրում ենք յուրաքանչյուր ներդրողի Հայաստան՝ հաջողություններ ունենալու և հաջողություններով ոգեշնչելու, ոգևորելու ուրիշներին»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այսօր մեր երկրում ներդրումների համար ստեղծվել են դրական պայմաններ, որովհետև Հայաստանում հաստատված է օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունը:


«Հայաստանում հսկայական քաղաքական փոփոխություններ են տեղի ունեցել, փոխվել է իշխանությունը, կառավարաման համակարգը, մթնոլորտը, բայց ըստ էության, երկրում սեփականության վերաբաշխման ոչ մի դեպք մենք չունենք: Սա, կարծում եմ, մեր հեղափոխության հաջորդ կարևոր և բացառիկ արդյունքն է, որովհետև իսկապես այս փոփոխությունները չեն արվել հին բարքերի կրող անձանց նոր անձանցով փոխարինելու և բարքերը նույնը թողնելու համար: Մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն աշխարհում լինի բացառիկ երկիր՝ իր հեռանկարներով, մթնոլորտով, օրենքի առաջ բոլորի հավասարությունն ապահովելու ընդունակությամբ, ներդրումների անվտանգության երաշխիքներով, սեփական անձեռնմխելիության երաշխիքներով և իհարկե ստեղծագործականության մեծ մթնոլորտով և պոտենցիալով: Այս առումով, մենք իհարկե հույս ունենք, որ ներդրումներն էականորեն կավելանան Հայաստանում և դրա համար արդեն իսկ կան առաջին նախանշանները»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ մայիսից հետո արտադրության մեջ ներդրվող սարքավորումների ներկրման ծավալներն աճել են երկնիշ թվերով:

Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ արտադրության համար անհրաժեշտ սարքավորումներ ներկրողների համար երկրում գործում են հատուկ ընթացակարգեր, ռեժիմներ, հարկային այլ համակարգ:

Ըստ աղբյուրի, եռօրյա համաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ մեր երկրի բիզնես և ներդրումային միջավայրին, քննարկել Հայաստանում ներդրումներ կատարելու հեռանկարներին վերաբերող հարցեր: Պատվիրակներն այցելելու են տարբեր ձեռնարկություններ, ծանոթանալու են Հայաստանում ներդրումներ կատարելու իրավական ու տնտեսական առանձնահատկություններին:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության նախագահության անդամների հետ: Քննարկվել են երկրում ներդրումային միջավայրի բարելավմանը, օրենսդրական կարգավորումներին, հարկային ոլորտում բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող տարբեր հարցեր: Զրուցակիցները ներդրումային միջավայրի առողջացման առումով ընդգծել են կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող քայլերի կարևորությունը և շեշտել, որ դրանից առավելապես շահելու է բիզնես հանրությունը, այդ թվում՝ ՓՄՁ սուբյեկտները: Անդրադարձ է կատարվել նաև կառավարության և բիզնեսի միջև արդյունավետ երկխոսության ու հետադարձ կապի ապահովմանն ուղղված հարցերի:

Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 26-ից 28-ը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով աշխարհի 20 երկրներից Հայաստան է ժամանել տարբեր երկրների խորհրդարանների պատգամավորներից, նախարարներից, բիզնես ոլորտի ներկայացուցիչներից, առևտրի և արդյունաբերական պալատների նախագահներից, խոշոր ընկերությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակություն: Պատվիրակության անդամներն այսօր մասնակցել են <<Ներդրումներ և առևտուր>> համաժողովին, ծանոթացել են մեր երկրի բիզնես և ներդրումային միջավայրին, քննարկել Հայաստանում ներդրումներ կատարելու հեռանկարներին վերաբերող հարցեր:

Back to top button