Հասարակություն

ՏՏ ոլորտի լավագույնները պարգեւատրվեցին

Բաղրամյան 26-ում այսօր տեղի է ունեցել ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը. արդեն 14-րդ անգամ:

Պատահական չէ, որ վերջին տարիներին արձանագրվել է 20-25 տոկոս ոլորտային աճ՝ նկատում են մրցանակաբաշխության կազմակերպիչները:

Հերթական մրցանակաբաշխությանը մասնակցել է 106 ուսանող երկրի 6 առաջատար համալսարանից, ինչպես նաեւ 80 աշակերտ հանրապետության ֆիզմաթ ուղղվածության 8 դպրոցից: Հաղթող են ճանաչվել 25 ուսանող, 18 աշակերտ:

Նրանց շնորհավորել եւ պետական կրթական մրցանակները հանձնել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողուհի Ալինա Հովակիմյանն այսօր առաջին անգամ ստացավ ՏՏ ոլորտում ՀՀ պետական մրցանակը: Լավ է հասկանում դրա պատասխանատվությունն ու նշանակությունը:

«Խորհրդանշում է ՏՏ ոլորտի շարունակական զարգացումը՝ փորագրված անալոգային ազդանշանները աստիճանաբար վերածվում են թվային ազդանշանների»:

Ալինան ամենամյա մրցանակի «Լավագույն բակալավր» անվանակարի հաղթողներից է: Մրցույթի երկրորդ կարգում հաղթելը դժվար չէր, սակայն, դժվարը եղել է մինչ այդ կատարած աշխատանքը՝ ասաց: Ապագայում էլ իրեն պատկերացնում է միայն ՏՏ ոլորտում:

Նորարարությունների մտքեր շատ, ունի, սակայն, այդ մասին գերադասում է առայժմ չխոսել: Նաեւ՝ մտավոր սեփականության գաղտնիության խնդիր կա՝  ասաց մրցանակակիրը:

Բռնած գործը կշարունակի նաեւ գլխավոր մրցանակակիրը: Նա Պոլիտեխնիկական համալսարանի երկրորդ կուրսի ուսանող Ռաֆայել Գրիգորյանն է:

«Լավագույն մագիստրոս» անվանակարգում հաղթած  ԵՊՀ շրջանավարտ Վարդան Պետրոսյանը ներկայումս ծառայում է ՀՀ ԶՈՒ կապի վարչության արդի տեխնոլոգիաների մշակման խմբում:

Իրենց ապագան այս ոլորտում են տեսնում գրեթե բոլոր մրցանակակիրները: Այս տարի նրանք 43-ն են՝ 25 ուսանող, 18-ը՝ աշակերտ: Բագրատ Խաչունցը «ՏՏ ոլորտում լավագույն աշակերտ» անվանակարգի հաղթողներից է:

ՀԱՊՀ-ի ավագ դպրոցի աշակերտ Միքայել Սաղաթելյանը, օրինակ, «ՏՏ ոլորտի լավագույն աշակերտ» անվանակարգում հաղթող ճանաչվելուց հետո հաստատապես կողմնորոշվել է.

«Մտածում եմ մնալ ՏՏ ոլորտում, դառնալ ծրագրավորող, դրա համար որոշել եմ ընդունվել Պոլիտեխնիկական համալսարան: Ամեն ինչ դեռ առջեւում է»:

Գյումրու «Ֆոտոն» վարժարանի տնօրեն Մանվել Մովսիսյանը վստահեցնում է. «Ոգեւորությունը պահպանվում է, որովհետեւ դասավանդման համար բոլոր պայմանները ստեղծված են»:

Կրթության որակի բարձրացման խնդիրները պետք է լուծել բոլոր դպրոցներում՝ անկախ կարգավիճակից՝ ասաց մրցանակաբաշխության կազմակերպիչներից, «Սինոփսիս Արմենիա» ընկերության ղեկավար Հովիկ Մուսայելյանը:

Շատերի համար առաջին մասնագիտական հաջողության առիթով մրցանակակիր ուսանողներին եւ աշակերտներին այսօր շնորհավորեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Սիրելի մրցանակակիրներ, մաղթում եմ ձեզ, որ դուք ձեր հետագա կյանքում զարգացնեք այս հաջողությունը ձեր մասնագիտական ողջ գործունեության ընթացքում: Կոչ եմ անում երբեք ու երբեք չկանգնել ոչ մի խոչընդոտի, ոչ մի արգելքի, ոչ մի սահմանի առաջ»:

Պետության թիվ մեկ անելիքը հավասար հնարավորություններ ստեղծելն է: Վարչապետի պաշտոնակատարը շեշտում է, որ նոր Հայաստանում հենց դա  եւ աշխատասիրությունն է լինելու հաջողության գրավականը:

Back to top button