ԿարևորՔաղաքական

Կլինի քաղաքական կոնսենսուս արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքները ներաքաղաքական քննարկումների հիմնական թեման են: Քաղաքական ուժերն ու վերլուծական շրջանակները փորձում են հասկանալ՝ գրանցված արդյունքները որքանով են փոխել ներքաղաքական իրողությունները, ինչ իրավիճակ են ամրագրել:

 Դրանց քաղաքական նշանակությանը Նյու Յորքում անդրադարձել է նաև վարչապետը և ուշագրավ հայտարարություն արել: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ  այս արդյունքներն անխուսափելի են դարձնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավելի արագ անցկացումը:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները փոխել են մոտեցումը արտահերթ խորհրդարարական ընտրությունների անցկացման ժամկետների հարցում :  Երեկ Նյու Յորքում՝  ԱՄՆ հայկական կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ,  Փաշինյանն ասել է, որ կա դրանք ավելի շուտ անցկացնելու  նպատակադրում:  Նախկինում նշվել է հաջորդ տարվա մայսի-հունիս  հնարավոր ժամկետը:  Վարչապետը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների մասին խոսել է այն փուլում, երբ նախնական արդյունքները դեռ ամփոփված չէին, բայց պատկերն արդեն պարզ էր:

«Տեղյակ եք, որ այսօր տեղի են ունեցել Երևանի ավագանու ընտրությունները և հիմա արդեն տվյալների 99 տոկոսն ամփոփված են, «Իմ քայլը» դաշինքն այդ ընտրություններում, որոնք անցել են բացարձակ արդար, ազատ, թափանցիկ պայմաններում, ստացել է ընտրողների 81 տոկոս ձայները »:

Ելույթում վարչապետը չի ժխտել, որ Երևանի ավագանու ընտրություններին առանձնահատուկ քաղաքական կոնտեքստ էր հաղորդվել: Նա համոզված է, որ «Իմ քայլը» դաշինքին իրենց քվեն տալով՝ մարդիկ ոչ միայն քաղաքապետ են ընտրել, այլ  նաև քվեարկել են   հեղափոխության ու  արտահերթ խորհրդարանական ընտրությունների օգտին:

«Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով բոլորին ակնհայտ է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններն անխուսափելի են, և դրանք պետք է հնարավորինս շուտ տեղի ունենան: Ես առաջիկայում բանակցություններ կհրավիրեմ խորհրդարանական և ոչ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ` քննարկելու խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակացույցն ու պայմանները»:

Կհաջողվի՞ արդյոք քաղաքական կոնսենսուսը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման  հարցի շուրջ, պատրաստ են արդյո՞ք այդ բանակցություններին քաղաքական ուժերը: «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանըն այս փուլում նախընտրում է հարցին պատասխանել  հակիրճ, առանց փակագծերը բացելու:

«Մենք պատրաստ ենք քննարկումներ սկսել այդ թեմայի շուրջ»:

Անականկա՞լ էին արդյոք գրանցված արդյունքները ԲՀԿ-ի համար: Պատասխանելով  այս հարցին՝ Վահե Էնֆիաջյանն ասում է՝ ընտրություններին մասնակցել են այն գիտակցումով, որ  քաղաքացին է որոշելու, թե որ քաղաքական ուժը ինչ համամասնությամբ պետք է ներգրավված լինի ավագանիում:

«Իմ քայլը» դաշինքին հայտարարությամբ շնորհավորել է նաև խորհրդարանական մյուս ուժը՝ Հյա հեղափոխական դաշնակցությունը: Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություներին,  հարցը քննարկելուն դեմ չեն, քննարկումների ընթացքում էլ կհստակեցնեն  իրենց դիրքորոշումը , առավել ևս, որ դեռ հստակ չէ, թե որ ճանապարհով է պետք  գնալ գործող խորհրդարանի լուծարմանը: Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության ավագանու թեկնածու Դավիթ Հակոբյանն այս փուլում միանաշանկ ամրագրում է այլ իրողություն:

«1991 թվականից հետո Հայաստանում առաջին ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ էին»:

Այս գնահատականը Դաշնակցությունն ամրագրել է նաև այսօր տարածած հայտարարության մեջ, որում  նաև նկատաել է, որ ներքաղաքական նոր իրողություններն իրենց ազդեցությունն են թողել Երևանի ավագանու ընտրությունների թե՛ քարոզարշավի և թե՛ արդյունքների վրա։ Ըստ ՀՅԴ-ի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական բարձր վարկանիշը և նրա անմիջական մասնակցությունը քարոզարշավին, ըստ էության, կանխորոշել են ընտրությունների արդյունքները։ Արտահարեթ խորհրդարանական ընտրությունների թեման  Դաշնակցությունը հայտարարության մեջ չի շոշափել , բայց ուշագրավ է, որ այդ թեմային ֆեյսբուքայն գրառմամբ անդրադարձել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Եղիազարյանը:  Նա գրել է, որ արտահերթ ընտրությունները պետք է հնարավորինս շուտ անցկացվեն, քանի որ երկրին անհրաժեշտ է կայունություն:

Խորհրդարանական միակ ուժը, որն անթաքույց դիմադրում է խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը,  գործող խորհրդարանի փաստացի մեծամասնությունն է:  ՀՀԿ-ական գործիչները տարբեր առիթներով նշել են, որ արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը հիմնավորված չեն համարում: Հիմնական հակափաստարկն այն է, որ  գործող խորհրդարանը նորմալ աշխատում է, չգնաժամային իրավիչակներ չի ստեղծում :

Ավագանու ընտրություններով փոփոխված իրավիճակում  հանրապետական պատգամավորները չեն շտապում վերանայել նախկին գնահատականը: Ավելի հստակ դիրքորոշում խոստանում են այն փուլում, երբ վարչապետից այդ հարցի շուրջ բանակցելու կոնկրետ առաջարկ ստանան:

Back to top button