Քաղաքական

Ինչպիսի կառավարություն հաջողվեց ձեւավորել

Նիկոլ Փաշինյանի ձևավորած կառավարությունն այսօր իր առաջին նիստն է անցկացրել: Գործադիրի նիստի օրակարգում ընդգրկված հարցերով ինչպես պաշտոնանկություններ են տեղի ունեցել, այնպես էլ՝ նշանակումներ:

Կառավարության նիստից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն  անձամբ է հանդիպել գործադիրի շենքի առջև բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիների հետ:

 

Նորեկները կառավարության նիստում: Նիկոլ Փաշինյանի ձևավորած կառավարությունն այսօր իր առաջին նիստը անցկացրեց: Կառավարության նորանշանակ անդամները շենքի մոտ  առաջինը հանդիպեցին  բողոքի ակցիայի մասնակիցները: Նրանց մոտեցավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մեկ առ մեկ քաղաքացիներին լսելուց և նամակները վերցնելուց հետո վարչապետը  շտապեց կառավարության նիստի: Մինչ այդ, հայտարարեց՝ մարդիկ օգտվում են ազատ արտահայտվելու հնարավորությունից:

Տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանը ոլորտին ծանոթ չէ, ընդամենը երեք օր է նախարարի պաշտոնում: Նախկին քննիչը այս փուլում   ծանոթանում է ոլորտի խնդիրների հետ: Հակոբյանը ԲՀԿ անդամ է անցյալ տարվա հոկտեմբերից: Նախարար է նշանակվել թիմային որոշման արդյունքում: «Որքանով Հակոբյանը կապ ունի տրանսպորտի ոլորտի հետ». ուղիղ հարցին նորանշանակ նախարարին:

«Կարծում եմ, որ նախորդ աշխատանքս եթե չօգնի, ապա չի վնասի ոլորտին»:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նշանակումը մեծ աղմուկ բարձրացրեց համացանցում: Նախարարը  չգիտի պատվեր էր, թե՝ ոչ։ Գիտի, որ այս պահին աշխատում է:

«Դեղերը դեղատոմսով բաց թողնելու որոշումը կհետաձգվի մեկ տարով: Հակաբիոտիկների մասով մասնագետները որոշել են թողնել ուժի մեջ»:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ըստ էության նոր չէ գործադիրում: Նա նախկինում զբաղեցրել է առողջապահության փոխնախարարի պաշտոնը: Գործադիրի կազմում այսօր կրկին համալրումներ եղան՝  ՊԵԿ նախագահ նշանակվեց ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը: Նա այս պաշտոնում  փոխարինեց  Վարդան Հարությունյանին: Վերջինս ինքն է ցանկացել թողնել պաշտոնը:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Դավիթ Անանյանին կոչ արեց ուշադրության առանցքում պահել հատկապես մի քանի հարցեր, մասնավորապես, մաքսակետերում վերջին օրերին միջնորդ կազմակերպությունների ինքնիրավչության վրա և ոչ միայն:

ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ 6 տարի ժամկետով նշանակվեց Ստեփան Մնացականյանը։ Նա մինչ այս զբաղեցնում էր ԱՎԾ պետի պաշտոնը: Փաշինյանը կարևորեց վիճակագրական տվյալների՝ վստահելիության մակարդակի  բարձրացման հարցը, հայտարարեց՝ վիճակագրությունը պետք է դուրս լինի քաղաքական գործընթացներից:

Back to top button