Հասարակություն

ԿԳ նախարարը՝ տարվա ամփոփմամբ


Ամփոփելով 2017 թվականի գործունեությունը՝ ԿԳ  նախարար Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ կրթական համակարգի պատասխանատուն միայն նախարարությունը չէ, հավասարապես պատասխանատու են մարզպետարանները, քաղաքապետարանը և համալսարանները:

Տարվա ձեռքբերումներից  նախարարն առանձնացրել է նախադպրոցական կրթության ոլորտում արված քայլերը, մասնավորապես նախակրթարաններն ու նոր ծրագրերը: Արդյոք ոլորտին նույն գնահատականներն  են տալիս նաև փորձագետները` «Ռադիոլուրը» կներկայացնի:

ԿԳ նախարարությունը շարունակում է նախակրթարանների ծրագիրը: ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի փոխանցմամբ նախորդ տարի կարողացել են փոխել նաև նախադպրոցական հաստատությունների կառավարման համակարգը և պայմանագրային բազան:

Նախակրթարանների ծրագրերից էլ նախարարն առանձնացրեց Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված ծրագրերը, որի արդյունքում  շուրջ 450 երեխա հնարավորություն է ունեցել հաճախել նախակրթարաններ:

Մինչ ԿԳ նախարարը իր գոհունակությունն է հայտնում  նախակրթական ոլորտում առաջընթացի վերաբերյալ, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը բազմաթիվ խնդիրներ է մատնանշում նույն այդ հաստատություններում: Հիմնական խնդիրը, սակայն, անհավասարությունն է որ կա հաստատությունների միջև:

Այս խնդիրը կրթական տարբեր փաստաթղթերում ամրագրված է, բայց որևէ լուրջ փոփոխություն այս հարցում չենք ունենում: Հայաստանում ունենք 0-6 տարեկան երեխաների՝ մոտավորապես 30 տոկոս ընդգրկվածություն: 3-5 տարեկաններինը 50 տոկոս է՝ նշում է փորձագետը: Մինչդեռ պետք է չմոռանալ, որ նախադպրոցական տարիք համարվում է 0-6 տարեկանը:

Թեև ինչպես ցույց տվեց  այս ուսումնական տարվա փորձը Երևանի մանկապարտեզներում ընդունելությունը կազմակերպվում է երեխայի 3 տարին լրանալուց հետո, ինչն արդեն իսկ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի խախտում է, նկատում է կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը:

Մանկապարտեզներում ընդունելության այս խնդիրը սրվեց որոշ մանկապարտեզներ փակելուց հետո: Իսկ երբ մանկապարտեզները դարձան անվճար, սկսեցին շատ ավելի թանկ նստել ծնողի վրա, քան երբ այդ ծառայությունը վճարովի էր:

Back to top button