Հասարակություն

Matcheli.am՝ ազատ տեղաշարժը նրանց իրավունքն է


Նոր կայք, որը կօգնի հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժը կազմակերպելու համար: Եվ այսպես, Matcheli.am ինտերնետային ռեսուրսը միտված է օգնելու հաշմանդամություն, մասնավորապես` տեղաշարժման դժվարություն ունեցող անձանց տեղաշարժը ապահովելու հարցում, նրանց տրամադրելով ՀՀ-ում գործող հաստատություններում ազատ տեղաշարժի տարրական նորմերի պահպանման մասին տեղեկատվություն: Կայքում առկա տեղեկատվությունը  կնպաստի նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելուն և կյանքի բոլոր բնագավառներում նրանց լիակատար մասնակցության հնարավորությունների ընդլայնմանը: Բացի այդ, սա մի հնարավորություն է  ևս մեկ անգամ բարձրաձայնելու այն խնդիրները, որոնք ծառացած են վերջիններիս առջև: Հիմնախնդիրները բազմաբնույթ են՝ շրջակա միջավայրի մատչելիության բացակայությունից մինչև հասարակության անհանդուրժողականություն:

 

Հատուկ կարիքներ ունեցող անձիք որպես կանոն ավելի լավատես են ու ցանկացած դժվարություն համարում են հաղթահարելի, և լիահույս, հուսադրող աչքերով են խոսում ապրելու, պայքարելու մասին: Զրուցակիցս, Մարինե Ասատրյանը, ով գամված է անվասալյակին, հիմնել է «Սպիտակ բազե» հասարակական կազմակերպությունը և զբաղվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ, հաճախ է շփվում հատուկ կարիքներ ունեցող անձանց հետ ու տեղյակ է նրանց խնդիրներից: «Ռադիոլուրի» հետ զրույցում Մարինեն բարձրացրեց մի շարք հարցեր՝ հատուկ ընդգծելով մարդկանց անտարբերության կամ խղճահարության մասին։ Դրանք անջրպետ են ստեղծում կարիքավոր անձանց ու մարդկանց միջև: Մենք էլ կարող ենք աշխատել, գումար վաստակել, ընտանիք կազմել, երեխաներ դաստիարակել՝ ասում է զրուցակիցս՝ շարունակելով՝ այսօր անգամ հաշմանդամների ծնողների մոտ կան մտածողության տարբերություններ:

«Ամեն ինչ գալիս է ընտանիքից, ինչպես են վերաբերվում իրենց երեխային, ինչպես են ընդունում:  Ոչ մեկ իրավունք չունի անհատի, երեխայի, անձի մեջ կոտրել կամ մարել այն կայծը, որը գոյություն ունի յուրաքանչյուրիս մեջ:  Ծնողներից է գալիս այդ կայծը կմարի, թե՝ կբոցավառվի, կդառնա լիարժեք կյանք: Հաշմանդամություն ունեցող կինն ավելի խոցելի է  սեռի պատճառով»:

Մարինեի շփումներից պարզ է դարձել, որ անգամ սեռով պայմանավորված աբորտների կրճատման ժամանակ խնդիրներ ունեցող իգական սեռի պտուղներից ծնողները ավելի հեշտ են հրաժարվում, ավելին՝ մանկատուն հանձնելուց հետո հատուկ կարիքներ ունեցող տղա երեխաներին ավելի հաճախ են այցելում, քան՝ աղջիկներին:

«Էխո» հասարակական կազմակերպության ղեկավար Սերյոժա Օհանջանյանը համաձայն է Մարինեի հետ, վերահաստատում է, որ ամուր ընտանիքը կարող է հաշմանդամություն ունեցող անձին օգնել գտնել իրեն կյանքում և դառնալ հասարակության լիիրավ անդամ՝ ու կոչ անում մարդկանց փոխել մոտեցումն ու մտածելակերպը դեպի կարիքավոր անձը:

«2011 թվականին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը հետազոտություն է անցկացրել և պարզել, որ հաշմանդամություն ունեցող աղջկան ավելի հաճախ են տանում մանկատուն, քան՝ տղաներին: Մտածելակերպի խնդիր կա. մտածում են տղան կարող է գոնե ամուսնանալ, իսկ աղջիկն ինչպես է ճաշ պատրաստելու, երեխաներին պահելու: Այդ թյուր մտածելակերպն է, որ շարունակում է իշխել հայկական ընտանիքներում»:

Ըստ Սերյոժայի և Մարինեի, մայրաքաղաքում մասամբ հեշտացել է հատուկ կարիքներ ունեցող անձանց կյանքը, իսկ մարզերում իրավիճակն՝ անմխիթար է: Այդուամենայնիվ՝ երկու զրուցակիցներս էլ նշում են, որ պատրաստ են աշխատել ու ապրել այսօրվա հոգսերով, պայքարել վաղվա լավ օրվա համար ու լինել հասարակության լիիրավ անդամ:

«Հայկական ճամբար» ծրագրի համակարգող Վարդուհի Արամյանը, ով տեղյակ է հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժի տարրական դժվարություններից, ներկայացնում է ՀՀ-ում գործող ամբուլատոր հիմնարկների պայմանները, որոնք անհրաժեշտ են հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժի ապահովման համար, որը նաեւ նրանց ազատ տեղաշարժի իրավունքն է:

«Դիտարկում ենք պոլիկլինիկան։ Շատ կարեւոր է ունենալ հատուկ հարմարեցված ավտոկայանատեղի, անխոչընդոտ մուտք, եթե մեկ հարկից ավելի է, ապա կա՞ հարմարեցված վերելակ, մասնագետների սենյակներն արդյո՞ք առանց շեմքերի են, ու կա արդյո՞ք սանհանգույց»:

Ցավոք սրտի, դիտարկման արդյունքները հիասթափեցնող են, քանի որ մենք նման տարրական տարրեր պահանջող բուժօգնության շենք չունենք, որը նաեւ կներառվեր եւ կխրախուսվեր կազմակերպության կողմից փետրվարի 28-ին անցկացվող «Մատչելի վայրեր» մրցանակաբաշխության ժամանակ, որի ընթացքում կպարգեւատրվեն հանրային նշանակություն ունեցող տարբեր ոլորտներ ներկայացնող 10 պետական եւ մասնավոր կառույցներ, որոնց ծառայություններն ու շենք-շինությունները կհամարվեն առավելապես մատչելի:

Նույն ճակատագիրն ունեն նաեւ հասարակական մյուս շենք-շինությունները։ «Միայն թեքահարթակների տեղադրումը դա դեռ հարմարավետ տեղաշարժի գրավական չէ»,- նշում են նախաձեռնության անդամները՝ ներկայացնելով վիճակագրություն, թե Հայաստանում վերջին տարիների քանի թեքահարթակներ են կառուցվել

Ըստ Վարդուհի Արամյանի, ստեղծվել է  Matcheli.am-ը կայքը, որտեղ ներառված «Մատչելիության քարտեզ» էջը ըստ որոշակի նորմերի ու չափանիշների մատնանշում է մատչելի վայրերը, ուր կարող են այցելել ոչ միայն տեղաշարժման խնդիր ունեցող մարդիկ, այլեւ մանկասայլակով ծնողները, հեծանվորդները։ Ծառայությունը օգտակար կլինի մեր երկրում բնակվող 190 հազար հաշմանդամություն ունեցող անձանց համար: Ի դեպ, մատչելի տեղաշարժի ռեսուրսը հասանելի է նաեւ բջջային հավելվածների՝ IOS եւ Android համակարգերի միջոցով:

Ցուցադրել ավելի
Back to top button