ԿարևորՀասարակություն

Ինչու է Հակոբ Սանասարյանը դուրս գալիս Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովից

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Այսօր լրագրողների հետ հանդիպել ու ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովից դուրս գալու իրական պատճառների մասին է խոսել Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը: Վերջինս պաշտոնապես հերքել է զանգվածային լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկատվությունը, համաձայն որի, ինքը հանձնաժողովից դուրս է գալիս , քանի որ բնապահպանության նախարարությունը Սևանա լճի մասին տեղեկությունները կոծկում է և միայն նախարարի կարգադրությամբ է տրամադրում իրեն: Սանասարյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրել է փոխանցել իր՝ հանձնաժողովից դուրս գալու որոշման իրական պատճառները: Նշենք, որ բնապահպանը հիմնական պատճառ է նշել Սևանա լճի մակարդակի բարձրացման ժամանակացույցի հետ համաձայն չլինելը, համաձայն որի, լճի մակարդակը նախատեսված՝ 1903,5 մ նիշին պետք է հասնի միայն 2031թվականին:

Երբ կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանին առաջարկեցին ընդգրկվել ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովում, նա շատ ուրախացավ: Սակայն ստեղծումից մեկ տարի անց արդեն բնապահպանին հիասթափություն էր սպասվում .«Այն չի ինչ-որ ես երազել եմ: Երկու գործ էր կատարվում, մի կողմից Սևանա լճի պահպանության և նրա մակարդակի արագ բարձրացման քարոզչությունը, մյուս կողմից այնպիսի միջոցառումներ էին արվում, որ կասեցվեր Սևանա լճի մակարդակի բարձրացումը»:

Մի քանի տարի շարունակ անհամաձայություններ ունենալուց հետո, այս տարվա դեկտեմբերի 11-ին Հակոբ Սանասարյանը հայտարարեց, որ հանձնաժողովից դուրս է գալիս: Հայտարարությունից հետո տարածվեց ապատեղեկատվությունը, իբր Կանաչների միության նախագահը ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովից դուրս է գալիս, քանի որ բնապահպանության նախարարությունը Սևանա լճի մասին տեղեկությունները կոծկում է և միայն նախարարի կարգադրությամբ է տրամադրում իրեն: Այսօր Կանաչների միության նախագահը խնդրեց նշել իր՝ հանձնաժողովից դուրս գալու որոշման իրական պատճառը: Սևանը չի կարելի սանձել, մինչդեռ Սևանա լճի մակարդակի բարձրացման «գրաֆիկը» (ժամանակացույց) հենց դա է անում:

«Սևանա լճի մակարդակի բարձրացման ժամանակացույցի համաձայն, լճի մակարդակը նախատեսված՝ 1903,5 մ նիշին պետք է հասնի միայն 2031թվականին: Ես կարող եմ ուղղակի փակագծում ասել, որ եթե ամեն ինչ կարգին լիներ,այժմ արդեն մենք այդ մակարդակին հասած կլինեինք: Այդ գրաֆիկն է պատճառը, որ ես դուրս եմ գալիս այդ հանձնաժողովից»:

Հակոբ Սանասարյանը նշեց, որ փաստաթղթերից մեկով առաջարկվում է Սևանա լճում ստեղծել Սևանա լճի խորհուրդ, Սևանա լիճը մի քանի ասի բաժանելով շահագործման հանձնել: Քննարկումներից ու փաստաթղթից բնապահպանը հետևյալ եզրահանգմանն էր եկել.«Այս փաստաթուղթը տանում է մեկ մարդու Սևանա լիճը հանձնելուն»:

Թողնել պատասխան

Back to top button