Հասարակություն

Մատաղիսի գործն ավարտվեց արդարացման վճռով

ՀՀ Շիրակի մարզի դատարանը՝  դատավոր Հարություն Մովսեսյանի նախագահությամբ, դատավորներ Արմեն Խաչատրյանի և  Մարտին Սարոյանի մասնակցությամբ,  այսօր արդարացրել է Արայիկ Զալյանին,  Մուսա Սերոբյանին և Ռազմիկ Սարգսյանին՝  հանցագործության հետ առնչություն չունենալու հիմքով, հայտնում է «Փաստինֆոն»: Նրանք մեղադրվում էին իրենց ծառայակիցներին սպանելու մեջ։

Ամբաստանյալների պաշտպան  Հայկ Ալումյանը հայտնել է, որ գործը վերադարձվելու է նախաքննական մարմին՝ տուժողների սպանության իրական կատարողներին հայտնաբերելու համար:

Մատաղիսի գործը երկար դատական ուղի է անցել.  Սյունիքի մարզի  դատարանը  երեք երիտասարդներին դատապարտել էր  15 տարվա ազատազրկման,  Վերաքննիչ քրեական դատարանը խստացրել էր պատժաչափը և դատապարտել նրանց ցմահ ազատազրկման, իսկ Վճռաբեկ դատարանը  բեկանել էր  դատավճիռը , փոխել նրանց  խափանման միջոց կալանքը չհեռանալու ստորագրությամբ,  ուղարկվել   նախաքննության:
Սակայն նախաքննական  մարմինը  շարունակել էր պնդել իր հին վարկածն առ այն, որ  ամբաստանյալները «վեճի են բռնվել Ռոման Եղիազարյանի  և  Հովսեփ  Մկրտչյանի  հետ, որը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում ձեռքերով, ոտքերով մետաղյա ձողով բազմաթիվ հարվածների հետևանքով վերջիններս մահացել են»՝ նույն այդ մեղադրանքով էլ գործը կրկին ուղարկվել էր դատարան։

«Ռադիոլուրն» արդեն հայտնել է, որ մեղադրանքի հիմքում դրված էր երիտասարդներից մեկի՝ Ռազմիկ Սարգսյանի ինքնախոստովանական ցուցմունքը, որը, ըստ պաշտպանական կողմի, կորզվել էր խոշտանգումների և բռնության միջոցով։

Թողնել պատասխան

Back to top button