Քաղաքական

ՀՅԴ- ն 7 կետանոց պլատֆորմ ներկայացրեց

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Նախագահական ընտրություններին ընդառաջ հերթական խորհրդաժողովն է այսօր անցկացրել Հայ հեղափոխական դաշնակցությունը: ՀՅԴ–ի կազմակերպած խորհրդաժողովում բաց և ազատ կարծիք արտահայտելու համար հրավիրվել են քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Դաշնակցությունում համոզված են, որ կուսակցության ներկայացրած օրակարգային յոթ կետերը կարող են միասնական ճակատի ձևավորման պլատֆորմ հանդիսանալ։ Ըստ դաշնակցականների` հենց նման խորհրդակցություններում է, որ կուսակցությունը վերջնականապես կհստակեցնի նախագահական ընտրությունների հետ կապված իր մոտեցումներն ու ձեւը:

Բացելով խորհրդաժողովը` ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը կարծիք հայտնեց, որ կուլիսային պայմանավորվածությունների միջոցով չի կարելի արդյունքի հասնել։ Նրա ձեւակերպմամբ` այսօր կանգնած ենք հստակ ճանապարհային քարտեզով ընտրությունների գնալու հրամայականի առջև:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի դիտարկմամբ` Հայաստանում այսօր աննախադեպ իրավիճակ է, երբ իրոք կարելի է համախմբվելու միջոցով իշխանափոխություն իրականացնել։

«Ընտրություններից ընտրություն մարդկանց վստահությունը դրանց նկատմամբ հասել է նվազագույն աստիճանի։ Այս անբարենպաստ մթնոլորտը փոխելուն եւ ընտրությունները օգտակար գործընթացի վերածելուն է ուղղված «Միասնական օրակարգով դեպի նախագահական ընտրություններ» կարգախոսով համախմբելու մեր նախաձեռնությունը»:

Համախմբելու իրական հնարավորություն դաշնակցականները տեսնում են: Արմեն Ռուստամյանը նկատեց, որ առանձին վերցրած որևէ քաղաքական ուժ չի տիրապետում այնպիսի վստահության, որ ինքնուրույն հասնի հաջողության եւ դա, Ռուստամյանի խոսքով, կարծես բոլորն էլ ընդունում են:

«Ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնելու միակ ճանապարհը ընդդիմադիր դաշտի համախմբումն է միասնական օրակարգի շուրջը»։

Արմեն Ռուստամյանի ձեւակերպմամբ` հնարավորինս լայն համաձայնության հասնելու ճանապարհը մեկն է՝  հասնել ՀՅԴ առաջարկած օրակարգի ընդունմանը և դրա կատարման ճանապարհային քարտեզի մշակմանը, որից հետո միայն հնարավոր կլինի խոսել միասնական թեկնածուի մասին։ Հերթականություն փոխելը փակուղի է, զգուշացրեց Արմեն Ռուստամյանը:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի գնահատմամբ` որևէ մեկը այնպիսի անվերապահ հեղինակություն չի վայելում, որ իր անձով հասնի անհրաժեշտ փոփոխությունների։ Հետեւաբար, նրա ձեւակերպմամբ, որեւէ անձի պաշտպանություն հնարավորինս լայն շրջանակների կողմից անհնարին է` առանց համատեղ քայլերի համաձայնեցման:
Մինչդեռ, ըստ նրա, դաշնակցության առաջարկած 7 կետերը հնարավոր են դարձնում խնդիրը զերծ պահել անձերի միջեւ համեմատություն կատարելու խիստ սուբյեկտիվ ու ապակառուցողական դաշտից:

«Քննարկումները տանել ավելի ռացիոնալ դաշտ ու կուլիսային խարդավանքներից զերծ պահել։ Եթե ձևավորվի հասարակական միասնական պահանջ, առաջնորդողն ինքնին կառաջանա»,- ասում է նա։
Դաշնակցության առաջարկած 7 կետանոց միասնական պլատֆորմը ողջունեց նաեւ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը` այն որակելով որպես բեկումնային եւ խոստումնալից։
Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ առաջարկված կետերը ժամանակի ընթացքում պետք է բացվեն, ապա հույս հայտնեց, որ դրանք հնարավոր կլինի միասին կյանքի կոչել։
Որքանո՞վ Դաշնակցության առաջարկը կկարողանա համախմբել հիմնական քաղաքական ուժերին` դժվար է ասել: Դաշնակցականները նշեցին, որ բանակցությունները շարունակվում են, արդյունքները գոհացնող են, սակայն այլ մանրամասներ այսօրվա խորհրդաժողովում չներկայացվեց:

 

Թողնել պատասխան

Back to top button