Քաղաքական

Համանախագահները փորձում են կանխել ցանկացած գործընթաց, որը կհանգեցնի պատերազմի

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, փաստորեն, արձանագրում է, որ բանակցությունները շարունակվում են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով` բնականաբար համանախագահների եւ Կասպրշիկի մասնակցությամբ:
Այսօրվա ասուլիսում անդրադառնալով համանախագահների հայտարարությանը` ԼՂ նախկին արտգործնախարար, քաղաքական վերլուծաբան Արման Մելիքյանը նկատեց, որ հայտարարության մեջ երկու երկրների նախագահների մասին տեղեկություն չկա, քանի որ առաջիկայում նախագահական ընտրություններ են Հայաստանում:
Առնվազն մի քանի ամիս Հայաստանը կարող է լրջորեն չմասնակցել այդ գործընթացին, այդ ժամանակահատվածում գուցե եւ հնարավոր լինի ի մի բերել անցած ուղին ու կատարել սխալների ուղղում, ասաց նա։

«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի տպավորությամբ նույնպես հիմնական գործընթացները ընթանալու են հունվարից հետո, երբ քննարկումների թեման առավել առարկայական կդառնա։
Պարտադրել խաղաղություն` ահա, ըստ Արամ Կարապետյանի, այն նոր մոտեցում-գաղափարախոսությունը, որն ունի Մինսկի խումբը։
Արման Մելիքյանը չի կարծում, որ առաջիկա ամիսներին որեւէ մեկը կցանկանա մերձավորարեւելյան գործընթացների հետ կապված կանխարգելիչ քայլեր կատարել:
Մեծ է անորոշությունը  Ռուսաստանում, որոշակի ճշգրտումներ պետք է անի թե ԵՄ-ն, թե ԱՄՆ-ն, ասաց Արման Մելիքյանը` համոզմունք հայտնելով, որ այդ առումով ակտիվ շրջանը փոքր-ինչ ուշ վրա կհասնի։

Խոսելով ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչի այն հայտարարության մասին, որ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը պետք է ունենա քաղաքական լուծում` Արման Մելիքյանը համոզմունք հայտնեց, որ Ստեփանակերտ-Երևան չվերթն իրագործելի է առանց ադրբեջանական իշխանության համաձայնության։
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի խոսքով`  Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումն Ադրբեջանի համար ամենալավ հարթակն է՝ քաոսային իրավիճակը տեղափոխելու համար: Այսօր համանախագահները փորձում են կանխել ցանկացած գործընթաց, որը կհանգեցնի պատերազմի` համոզմունք հայտնեց բանախոսը:

 

Թողնել պատասխան

Back to top button