Լույս են տեսել քվանտային տեսության հիմնադիրներ՝ Վերներ Հայզենբերգի «Քվանտային տեսության ֆիզիկական սկզբունքները» և Նիլս Բորի «Ատոմային տեսությունը և բնութայն նկարագրությունը» գրքերի հայերեն թարգմանությունները։ Աշխատությունների թարգմանության հեղինակը ֆիզիկոս, Հովհաննիսյան ինստիտուտի հետազոտող, թարգմանիչ, փիլիսոփայության դասախոս Աշոտ Գրիգորյանն է։
Աշոտ Գրիգորյանն ասում է, որ քվանտային մեխանիկան հիմնովին փոխել է իրականության մասին մարդկության պատկերացումները և վերաիմաստավորել փորձի նշանակությունը։ Քվանտային ֆիզիկան ցույց տվեց, որ կարևոր է ոչ միայն փորձը որպես սոսկ տվյալ, այլև հետազոտողի փորձառությունը։ Այն ամենամեծ փոփոխությունն է բերել ֆիզիկայում թե՛ կառուցվածքային առումով, և թե՛ ավելի խորը՝ փիլիսոփայական մակարդակում՝ մարդու և փորձի, մարդու և աշխարհի փոխհարաբերության մակարդակում։
Հայզենբերգի գիրքը քվանտային տեսության առաջին դասագրքերից է, որտեղ նա ամփոփում է իր փորձը և այն առանձնահատուկ իրադրությունը, որում ստեղծվել է այս տեսությունը։ Իսկ Բորի աշխատությունը հոդվածների ժողովածու է, որը իմացաբանական ու փիլիսոփայական հայացքով քվանտային տեսությունն ամփոփելու փորձ է։ Այս երկու գրքերը նաև կապված են իրար հետ։ Նաև դասախոս-ուսանող հարաբերություններով. հեղինակներն անընդհատ հղում են անում միմյանց․ Հայզենբերգը Բորին, Բորն էլ հղում է անում Հայզենբերգի երկու առանցքային հոդվածների վրա, որոնք փոխել են քվանտային տեսության կառուցվածքը։
Հարցին, թե ինչ են փոխել այս գիտնականներն իրենց ոլորտում, Աշոտ Գրիգորյանը պատասխանում է․ «Նրանք հասկացել են, որ էն հասկացությունները, որով մարդ կարող է հասկանալ ֆիզիկան, օրինակ՝ արագությունը, տեղը, ժամանակը և եթե ուզում ես ֆիզիկան որսալ քվանտային մակարդակում, առաջանում են բաներ, որոնք հնարավոր չէ որսալ։ Դրանք անուն ունեն՝ անորոշություն, անհաստատություն և դրանք ֆիզիկայի մաս են։ Եվ հնարաավոր չէ ֆիզիկան ամբողջությամբ որսալ կամ ձևակերպել առանց անորոշության տարրի»։
Ինչ-որ պահի ֆիզիկայի նախկին գործիքները չեն բավարարել, և անհրաժեշտություն է առաջացել հրաժարվել մաթեմատիկայի գերակա դիրքից ու դիմել հումանիտար գիտությունների մեթոդներին՝ տեքստին, բառերին ու տեքստով մտածելուն։ Դրա արդյունքում գրվել են ֆիզիկայի մասին յուրօրինակ հոդվածներ, որոնցում չկան բանաձևեր, ինչն էլ առաջացրել է խորը փիլիսոփայական հարցեր, քանի որ մարդու համար աշխարհը հասկանալու հասկացություններն անհրաժեշտաբար հանգեցնում են անորոշությունների։
Պատմականորեն քվանտային ֆիզիկան առաջացել է հենց անորոշության դարաշրջանում՝ աշխարհի մասին օբյեկտիվ ճշմարտություններ ասելով։ Դա ընդհանուր մշակութային և պատմական իրողություն էր, որի բնագիտական երեսը բացահայտեց Բորը, իսկ մաթեմատիկական ձևակերպումը տվեց Հայզենբերգը։ Այս գրքերը կարևոր են նրանով, որ ցույց են տալիս քվանտային տեսության վրա եղած պատմական, փիլիսոփայական ու քաղաքական ներգործությունը։ Պատմական հեռանկարում այս աշխատանքները նաև փոքրիկ, բայց կարևոր փորձեր են՝ անկախ Հայաստանում մեր գիտական ավանդույթը վերանայելու և ճանաչելով վերանայելու ուղղությամբ։




