Երևանում մեկնարկել է «Այս առավոտ, այն գիշեր» միջազգային հրատարակչական նախագիծը, որը ներառում է եռալեզու գրքի շնորհանդես, ցուցադրություն, հանրային հանդիպումներ և աշխատարաններ։
Նախագծի հեղինակ, ֆրանսահայ նկարիչ, բանաստեղծ և փարիզյան «Aivazian éditions» հրատարակչության հիմնադիր Գևորգ Այվազյանը և նախագծի համակարգող ու խմբագրական թիմի անդամ Քնարիկ Ներսիսյանը ներկայացնում են նախագծի հիմնական գաղափարն ու նպատակները։
Գևորգ Այվազյանն առաջին անգամ Հայաստան է եկել երկու տարի առաջ՝ մասնակցելու արվեստագետների ստեղծագործական կացարանին (residency)։ «Արվեստագետների ու բանաստեղծների համար գիշերվա և առավոտվա միջակայքը շատ կարևոր է։ Սա նաև յուրատեսակ փոխաբերություն է այն մասին, թե ինչ փուլում է այսօր գտնվում Հայաստանը, երբ արդեն առավոտ է ու նոր սկիզբ, բայց չպետք է մոռանալ, թե ինչ է կատարվել «այն գիշեր»»,- նախագծի և գրքի վերնագիրն այսպես է մեկնաբանում Գևորգ Այվազյանը։ Նախագծի համակարգող Քնարիկ Ներսիսյանն հավելում է, որ սա նաև արվեստագետների ու պոետների միջև հանդիպումների ու երկխոսության կարևոր հարթակ է և կամուրջ։
Գիրքը եռալեզու է՝ արևելահայերեն, արևմտահայերեն և ֆրանսերեն, և ներկայացնում է տարբեր սերունդների ձայնը։ Ժողովածուում տեղ են գտել աշխարհի տարբեր անկյուններից շուրջ 14 բանաստեղծների ու արվեստագետների ստեղծագործություններ։ Ակնկալվում է, որ արդեն աշնանը գրքի հաջորդ տպաքանակը կներկայացվի Փարիզում։ Այս գիրքը ոչ թե պարզապես պատմում, այլ նորովի բացահայտում է արվեստն ու պոեզիան։
«Պոեզիան այն տարածքն է, որտեղ մենք կարող ենք հարյուր տոկոսով ազատ լինել։ Այսօր նոր միտումներ կան. մենք հեռանում ենք էպիկական, ծանր պոեզիայից և անցնում «առօրյա պոեզիային», որը շատ պարզ է. հեղինակը կարող է, օրինակ, գրել իր նախաճաշի մասին, ինչը շատ գեղեցիկ է», — նշում է Գևորգ Այվազյանը։ Գրքում ընտրված են հենց այսպիսի ձեռագրով ստեղծագործող հեղինակներ։ Գևորգ Այվազյանն առանձնահատուկ նշում է Նշան Աբասյանի պոեզիան, որն իրեն հիշեցնում է ֆրանսիական ժամանակակից պոետների գործերը։ Գրքում ներառված արվեստի գործերը ոչ թե պարզ նկարազարդումներ են, այլ բովանդակությունից անկախ ստեղծագործություններ։ Նախագծի հեղինակների համոզմամբ՝ տարբեր արտահայտչամիջոցների համադրությամբ իրենք փորձում են կամուրջներ ստեղծել տարբեր արվեստագետների և տարբեր մշակույթների միջև։




