
Միջազգային Fitch Ratings վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության վարկանիշը BB մակարդակում, ինչը նշանակում է, որ պահպանվել է դրական հեռանկարը։ Գործակալության գնահատմամբ՝ Հայաստանի վարկանիշն արտացոլում է երկրի կայուն մակրոտնտեսական քաղաքականության շրջանակը, տնտեսական բարձր աճը և մեկ շնչին ընկնող եկամտի շարունակական աճի միտումը։ Հայաստանը տնտեսական աճի, պարտք-ՀՆԱ ու մի շարք այլ ցուցանիշներով առաջատար դիրքերում է՝ բացատրում են մասնագետները։
Հայաստանի միջազգային վարկանիշը չորս հիմնական հենասյուների վրա է՝ տնտեսության կառուցվածքային առանձնահատկություններ, մակրոտնտեսական զարգացումներ, հեռանկարներ, արտաքին ու պետական ֆինանսներ։ Ընդհանուր վարկանիշը ամփոփում է այս բոլորի հետ կապված ցուցանիշներն ու որակական որոշակի գնահատականներ է տալիս՝ «Ռադիոլուր»–ին պարզաբանում է ՖՆ մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Արշալույս Հարությունյանը․
«Վարկանիշի հիմքում առավելապես նշվում են կայուն մակրոտնտեսական միջավայրը, բարձր աճը և պետական ֆինանսների խելամիտ կառավարումը, մասնավորապես պետական պարտքի կայունությունը, դեֆիցիտի հետագիծը։ Առաջիկա տարիների համար մշտական նվազող դեֆիցիտի հետագիծ ունենք, որոնք իրենց բարձր դերը ունեն վարկանիշի պահպանման հետ կապված»։
Ընդհանուր առմամբ, վարկանիշի հեռանկարն է դրական պահպանվել՝ ասում է Հարությունյանը։ Վարկանիշը բաղադրիչով է հաշվարկվում՝ մոդելային գնահատական՝ հիմնված շուրջ 18 ցուցանիշերի վրա։ Դրանք փաստացի ու կանխատեսվող հորիզոնի ցուցանիշներն են․
«Այս ցուցանիշների գնահատականով՝ մեր վարկանիշը ստացվել է BB` BB+ փոխարեն: Մեր վարկանիշը մեկ նիշով մեր ցուցանիշների հաշվին բարձրացած է, սակայն որոշակի որակական գնահատումներով՝ մեկ նիշով (մոդելային ստացած գնահատականը ճշգրտվել է), պահպանվել է մեր արդեն ունեցած վարկանիշը։ Ճշգրտվել են աշխարհաքաղաքական տարածաշրջանային ռիսկերը, նաև որոշակի արտահանման սահմանափակումները»։
Այս վարկանիշը նախ արտացոլում է Հայաստանի տնտեսական զարգացումը։ Սա տեղական ու օտարերկրյա ներդրումների համար դրական ազդակ է, հեռանկարների և ռիսկերի գնահատական։ Բացի այդ՝ մասնավոր ու պետական հատվածին ավելի ցածր տոկոսադրույքով միջոցներ ներգավելու հնարավորություն է տալիս։ Տնտեսության կայուն ու կանխատեսելի վիճակ՝ Fitch Ratings վարկանիշային գործակալության վարկանիշն այսպես է բացատրում ՀՊՏՀ միջգիտակարգային կենտրոնի ղեկավար Սոս Խաչիկյանը։ Դա ներդրումների համար բարենպաստ միջավայրի արտացոլումն է․
«Սա նշանակում է նաև, որ Հայաստանի դիրքը աստիճանաբար ամրապնդվում է միջազգային տնտեսական հարաբերությունների մեջ։ Իհարկե, հասկանալի է, որ տարածաշրջանային, նաև համաշխարհային անորոշությունների պայմաններում այդ ամրապնդվելը ունի հարաբերական ենթատեքստ, բայց բոլոր դեպքերում, այն իրողությունները, որ մենք ունենք տարածաշրջանում, սա նշանակում է, որ հայաստանյան տնտեսության հետ ներդրողները կարող են որոշակի հույսեր ունենալ երկարաժամկետ կտրվածքում»։
Fitch Ratings-ը կանխատեսում է, որ 2026 թվականին Հայաստանի ՀՆԱ իրական աճը կկազմի 5,2 %, ինչը զգալիորեն կգերազանցի BB վարկանիշային խմբի երկրների համար կանխատեսվող 2,9 % միջին ցուցանիշը։ Ռուսաստան արտահանման հետ կապված դժվարությունները ընդհանուր տնտեսության վրա էական ազդեցություն չեն կարող ունենալ, ընդգծում է տնտեսագետը, բայց կարող են բացասաբար անդրադառնալ։ Տնտեսագետի կարծիքով՝ արտահանման ծավալները այնքան չեն, որ խնդիրներ առաջացնեն։ Հատկապես որ ՀՆԱ–ն ձևավորվում է մյուս ոլորտների հաշվին․
«Օրինակ՝ շինարարության ոլորտ, ծառայությունների ոլորտ։ Կարող ենք առանձնացնել ՏՏ–ն, բանկային ոլորտը։ Հանքարդյունաբերությունը ավելի մեծ տեսակարար կշիռ ունի, քան պտուղ–բանջարեղենի արտահանումը»։
Կանխատեսելի և կայուն տնտեսական միջավայրը կարևորում են ինչպես տեղի փորձագետները, այնպես էլ միջազգային գործակալությունները։




