
Եվրոպական խորհրդարանը հերթական քայլն է արել Հայաստանից Եվրամիություն արտահանման շուրջ 80 %-ը մաքսատուրքից ազատելու առաջարկը կյանքի կոչելու ուղղությամբ։ Հարցն արդեն քննարկվել է խորհրդարանի Միջազգային առևտրի հանձնաժողովում և ստացել կառույցի հավանությունը։ «Ռադիոլուր»-ն ուսումնասիրել է ծավալուն նախագիծը, որտեղ մանրամասն ներկայացվում են արտոնությունների բովանդակությունն ու շրջանակը։
Քննարկումը, սակայն, դեռ չի ավարտվել։ Վերջնական փուլը տեղի կունենա Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգընդգրկվելուց հետո։
Հայ արտադրողների համար ԵՄ շուկայի արտոնյալ պայմանները կսկսեն գործել, երբ համապատասխան փաստաթուղթը քննարկվի և ընդունվի Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում։ Խորհրդարանի միջազգային առևտրի հանձնաժողովում նախագծի քննարկումից և դրական եզրակացությունից հետո փոփոխությունների ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել է հուլիսի 30-ը։ Սա նշանակում է, որ «Հայկական ապրանքների նկատմամբ առևտրի ժամանակավոր ազատականացման միջոցներ կիրառելու մասին» նախագիծը Եվրոպական խորհրդարանի օրակարգում կարող է հայտնվել սեպտեմբերին։
Եվրոպական խորհրդարանում Հայաստանին առնչվող քննարկումը բացառիկ է համարվում, քանի որ նախկինում նման արտոնություններ տրվել են միայն ԵՄ անդամության թեկնածու երկրներին: Փաստն ուշագրավ է համարում «Ռեստարտ» հիմնադրամի ծրագրերի համակարգող Յուրի Մովսեսյանը․
«Հայաստանը ո՛չ անդամակցության թեկնածու է, այդ կարգավիճակը չունի, ո՛չ էլ մաքսային ազատ ռեժիմ ունի ԵՄ-ի հետ, ո՛չ առևտրի ազատ համաձայնագրի․ այդ շանսը մենք կորցրել ենք ժամանակին։ Եվ այս պայմաններում սա նշանակում է ոչ թե տնտեսական, այլ քաղաքական փոխշահավետ գործարք»։
Հաշվի առնելով ռուսական սահմանափակումների պատճառով Հայաստանում ստեղծված արտակարգ իրավիճակը՝ Եվրոպական խորհրդարանում կարևոր են համարում, որ առաջարկվող կանոնակարգն ուժի մեջ մտնի հնարավորինս շուտ։ Մյուս կողմից՝ Եվրոպական խորհրդարանի անդամներն ընդգծում են, որ ԵՄ ներկրվող հայկական ապրանքները պետք է խստորեն համապատասխանեն սննդի անվտանգության և բուսասանիտարական նորմերին։ Հայաստանն իր հերթին պարտավորվում է սերտորեն գործակցելու ԵՄ-ի հետ՝ ապրանքների ծագումը ստուգելու հարցում, որպեսզի կանխվի ռուսական ապրանքների մուտքը ԵՄ շուկա Հայաստանի միջոցով։ Ի դեպ, ծրագրից հանվել է ալյումինե փայլաթիթեղ արտադրող «Արմենալ» ընկերության արտադրանքը, քանի որ Հայաստանում տեղակայված գործարանը ռուսական «Ռուսալ»-ի դուստր ձեռնարկությունն է։
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ընդգծում է արտոնությունների ծավալն ու ապրանքների մեծ ցանկը․
«Եվրահանձնաժողովն առաջարկել է անդամ երկրներին կիրառել այս գործիքը, որի բովանդակությունը հետևյալն է․ ազատ առևտրի համաձայնագիր չունեցող պետությանը տրամադրվում են գրեթե նույն արտոնությունները, որոնք ունեն ազատ առևտրի համաձայնագիր ունեցող պետությունները։ Սա նշանակում է՝ հանվում են մաքսային բարիերները, հանվում են իրենց շուկան պաշտպանելուն միտված այլ բարիերներ, նաև քվոտաները որոշակի թվով ապրանքների համար»։
«Որոշ ապրանքներ» ձևակերպման մեջ մտնում են ապրանքների հազարավոր տեսակներ, որոնց ներկրումը համահունչ է GSP+–ի՝ արտոնությունների ընդհանրացված համակարգի ռեժիմին։ Դա նշանակում է ԵՄ շուկա հայկական արտահանման գրեթե 80 %-ի ազատականացում։ «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ավագ փորձագետ Էլեն Հոխիկյանի ներկայացմամբ՝ ԵՄ-ն իր 450 միլիոնանոց շուկայի դռները բացում է Հայաստանի արտադրողների առջև․
«99 % գյուղատնտեսական ապրանքները մուտք կունենան Եվրամիություն։ Խոսքն այստեղ հենց այն ապրանքատեսակների մասին է, որոնց մուտքը ՌԴ վերջին շրջանում արգելվել է։ Անսպասելի էր սպիրտային խմիչքների հետ կապված քվոտան, խոսքը մոտավորապես 90 տոկոսի մասին է, եթե չեմ սխալվում, նույնպես հնարավորություն կունենա վաճառվելու Եվրամիության տարբեր երկրներում։ Եթե նախկինում սա կարող էր ոչ այնքան շահեկան լինել հենց նույն արտադրողի դիտանկյունից, ապա մաքսատուրք չդնելը կոնկրետ այս ապրանքատեսակների վրա բավականին մեծ և լայն հնարավորություններ է բացում հայ արտադրողների համար»։
Ի տարբերություն նախկինում գործող GSP+ համակարգի՝ նոր կանոններով կվերացվեն սեզոնային սահմանափակումները: Առանց մաքսատուրքերի և սահմանափակումների ԵՄ երկրներ հնարավոր կլինի արտահանել ծիրան, կեռաս, ելակ, լոլիկ, խնձոր, վարունգ, խաղող, տանձ, դեղձ, սալոր, և սա դեռ ամենը չէ՝ տեղեկացնում է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը․
«Ըստ էության՝ այդ ապրանքների ցանկը բավականին լայն է, և կարելի է ասել ներառում է Հայաստանից արտահանվող ապրանքների 80 %-ից ավելին։ Մասնավորապես, թարմ պտուղ-բանջարեղենի դեպքում գրեթե ամբողջ ցանկը ներառված է։ Իսկ, օրինակ, ալկոհոլային խմիչքների դեպքում 90 %-ից ավելին է ներառված։ Ահա այսպիսի շատ կարևոր նորություն և այսպիսի շատ լավ կարևոր հնարավորություն մեր արտահանողների համար, որոնք մտադիր են ներթափանցելու ԵՄ շուկա կամ ավելի մեծ մասնաբաժին այնտեղ ունենալու»։
Կգործի նաև աշխատանքային խումբ, որը կօգնի լոգիստիկ խնդիրները հաղթահարելու և որակի ենթակառուցվածքները բարելավելու։ Օրենսդրական նախաձեռնության մեջ նաև պատասխանատվության մեխանիզմներ են նախատեսվում։ Նշվում է, որ կանոնների խախտման կամ խարդախության ռիսկի դեպքում արտոնությունները կարող են կասեցվել և չգործել 2027 ու 2028 թվականների։




