Երբ արհեստական բանականությունը մտնում է խմբագրություն
Արհեստական բանականությունն այլևս ապագայի տեխնոլոգիա չէ։ Այն խմբագրությունների առօրյայի մի մասն է՝ փոխելով թե՛ լրագրողի աշխատանքի կազմակերպման ձևը, թե՛ մարդկանց՝ տեղեկատվություն ստանալու և սպառելու սովորությունները։ Եթե դեռ մի քանի տարի առաջ նորություններ գտնում էինք հիմնականում որոնողական համակարգերով կամ լրատվական կայքերից, ապա այսօր ավելի ու ավելի հաճախ հարցերն ուղղում են ChatGPT-ին, Gemini-ին, Copilot-ին և նման այլ համակարգերի։ Դրանք վայրկյանների ընթացքում ամփոփում են տարբեր աղբյուրների տեղեկությունները և ներկայացնում պատրաստի պատասխաններ։ Սա մի կողմից առավել հասանելի է դարձնում տեղեկատվությունը, մյուս կողմից՝ նոր մարտահրավեր ստեղծում լրագրության համար։ Սա DW Global Media Forum-ի առանցքային թեմաներից էր․120 երկրների լրագրողներ, մեդիա փորձագետներ և տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներ փորձում էին հասկանալ, թե ինչպիսին է լինելու ԱԲ-ի «վաղը» և որոնք են «կարմիր գծերը», որոնք չպետք է հատվեն դրա կիրառման ընթացքում։ Հասմիկ Մարտիրոսյանն է ամփոփել գերմանիայում կայացած համաժողովից այս թեմայով ուշագրավ ասելիքը։
Ինչո՞վ է օգնում արհեստական բանականությունը՝ «մութ նպատակներով կոլեգան»
Աշխարհի առաջատար լրատվամիջոցների համար արհեստական բանականությունն արդեն «կոլեգա» է, օժանդակ ձեռք հարցազրույցների ձայնագրությունները վերծանելիս, թարգմանելիս, մեծածավալ տվյալներ մշակելիս, տեղեկատվությունը որոնելիս և դասակարգել։ Մարդու մի քանի օրվա գործը մի քանի րոպեում՝ զգոն աչքով և հմուտ ձեռքով․ այս գործիքը թույլ է տալիս ամփոփել երկար զեկույցներ և առաջարկել նյութերի կառուցվածքը, գեներացնել ոչ միայն պատկեր, տեսանյութ ու ձայն, այլև՝ գաղափար ու ռազմավարություն։
Լրագրությունը պետք է դուրս գա «արագության մրցավազքից» և մտնի «արժեքի տնտեսություն»։
Հատկապես հետաքննական լրագրության մեջ այն կարճ ժամանակում ուսումնասիրում է հազարավոր էջերի փաստաթղթեր, բացահայտել օրինաչափություններ և տվյալների միջև կապեր։ Եվ, այնուամենայնիվ, փորձագետներն ընդգծում են՝ արհեստական ինտելեկտը չի կարող փոխարինել լրագրողին․ չի կարող լինել դեպքի վայրում, զրուցել ականատեսների հետ, գնահատել իրավիճակը, պաշտպանել գաղտնի աղբյուրները, հասկանալ ենթատեքստը, պատասխանատվություն կրել հրապարակվածի համար։ Սա շարունակում է մնալ լրագրողի առաքելությունը։
Ո՞ւմ աշխատանքի վրա է հիմնված արհեստական բանականությունը
DW Global Media Forum-ում ընդգծվում է ուշագրավ թեզը, այն է՝ արհեստական բանականությունը տեղեկույթ չի ստեղծում զրոյից։ Հիմքում մարդու ստեղծած բովանդակությունն է, որի զգալի մասը՝ լրագրողի ձեռամբ կուտակված։
AI-ն կարող է արագացնել գործընթացը, բայց չի կարող որոշել՝ ինչն է կարևոր։
Ամեն օր աշխարհի հազարավոր լրագրողներ դեպքի վայրերում են՝ հակամարտություն, աղետ, ընտրություն և դատական գործընթաց, ուսումնասիրում են փաստաթղթեր, աղբյուրներ և ստուգում փաստեր։ Հենց դա է արհեստական բանականության հիմնական աղբյուրներից մեկը, ու դրանց հիմքով է գեներացվում մարդկանց հարցերի պատասխանը։
Ֆորումին մի քանի բանախոսներ հիշեցրին իրավական բանավեճը․ Եվրոպայում արդեն քննարկվում է, թե արդյոք պետք է «data licensing» մոդել՝ լրատվամիջոցներին փոխհատուցելու համար AI ընկերությունների կողմից օգտագործվող բովանդակության դիմաց։ Մոտեցումները տարբեր են ու դեռ իրարամերժ։ Կան կոշտ դիտարկումներ էլ՝ լրագրությունը դարձել է այն հումքը, որի վրա կառուցվում է նոր տեխնոլոգիան, բայց այդ հումքի ստեղծողը հաճախ դուրս է մնում տնտեսական շղթայից»։
Տնտեսական մարտահրավերները և zero-click search երևույթը, երբ օգտատերը ստանում է պատասխան, բայց չի բացում աղբյուրը
Վերջին երկու տասնամյակում տեխնոլոգիական հարթակները դարձել են թվային գովազդի հիմնական շահառուն, ու բազմաթիվ լրատվամիջոցներ կորցրել են եկամտի զգալի մասը։ Այսօր խնդիրը նոր փուլ է մտել։ Տվյալները, որոնք ներկայացվել էին քննարկումներում, ցույց են տալիս՝ որոնողական հարթակներից եկող տրաֆիկը 20-30 տոկոսով նվազում է, AI-պատասխանները փոխարինում են հոդվածը զետեղած կայքի այցելության, գովազդային եկամուտների կենտրոնացումը շարունակում է տեղափոխվել մեծ տեխնոլոգիական ընկերություններ։ Ամենաքննարկված խնդիրներից էր «zero-click search» երևույթը՝ երբ օգտատերը ստանում է պատասխան, բայց չի բացում աղբյուրը։ Լրագրողները սա նկարագրում էին որպես «տեսանելիության աճ, բայց ընթերցման անկում»։
Երբ արհեստական բանականությունը սկսում է սովորել ինքն իրենից․ AI model collapse-ը՝ մոդելի աստիճանական որակազրկումը
Forum-ին առանձնապես մտահոգիչ թեմա էր նաև AI model collapse-ը՝ մոդելի աստիճանական որակազրկում ։ Մտահոգող խնդիրներից մեկն էլ այն է, որ արհեստական բանականությունը սկսում է սովորել կամ «սնվել» ոչ թե մարդկանց ստեղծած սկզբնաղբյուրներից, այլ հենց իր գեներացրած բովանդակությունից։ Բանախոսներից մեկը դա բնորոշեց շատ պատկերավոր․
«Եթե պատճենը սկսի սովորել իր իսկ պատճենից, իրականությունը դանդաղորեն դուրս է մղվում համակարգից»։ Եթե համակարգը մշտապես սնվի երկրորդային կամ արհեստականորեն ստեղծված տվյալներով, կարող է աստիճանաբար հեռանալ իրականությունից։
Հենց այստեղ է, որ կրկին արժևորվում է լրագրողի դերը ոչ միայն հավաստի տեղեկատվություն տրամադրելու, այլև հենց ԱԲ զարգացման համար։ Առանց վստահելի սկզբնաղբյուրների՝ նույնիսկ ամենազարգացած մոդելները չեն կարող ապահովել որակյալ արդյունք։
Էզրա Իման․ լրագրության նոր արժեքի որոնումը․ Եվրոպան սկսում է զարգացնել AI + editorial ethics միասնական ստանդարտներ։
Էզրա Իման՝ Նիդերլանդների հանրային հեռարձակման կազմակերպություն ռազմավարության և նորարարության տնօրենը, ընդգծում է՝ լրատվամիջոցներն այսօր կարիք ունեն վերաիմաստավորել աշխատանքի մոդելը։ Կենտրոնում պետք է լինի այնպիսի արժեքավոր բովանդակության ստեղծումը, որը հնարավոր չէ արհեստականորեն վերարտադրել։ Խոսքը խորքային վերլուծությունների, հետաքննությունների, փաստերի ստուգման և բացառիկ տեղեկությունների մասին է։ Այս մոտեցմամբ՝ լրագրության գլխավոր արժեքը ոչ թե արագությունն է, այլ վստահելիությունը՝ շեշտում է Էզրա Իմանը։ Ֆորումում նա նաև օրինակ բերեց եվրոպական հանրային հեռարձակողների փորձը, որտեղ սկսում են զարգացնել AI + editorial ethics միասնական ստանդարտներ։
Տեխնոլոգիան՝ որպես գործիք, ոչ թե որոշում կայացնող․ ո՞րը կարող է լինել «ամենամեծ հիմարությունը»
ՄԱԿ-ի փորձագետ Լամբերտ Հոգենհաուտը արհեստական բանականությունն ինքնին չեզոք գործիք է համարում, որի ազդեցությունը կախված է կիրառման ձևից։ AI-ն կարող է աջակցել լրագրությանը՝ արագացնելով տվյալների մշակումը, ավտոմատացնելով և հեշտացնելով տեղեկատվության որոնումը։ Սակայն խմբագրական որոշումները, փաստերի ստուգումն ու հրապարակումների պատասխանատվությունը պետք է մնան մարդու ձեռքում։ Ամենամեծ հիմարությունը կլինի սխալի մեղքը բարդել ԱԲ-ի վրա՝ ասում է։
Ապատեղեկատվության աճող վտանգը․ ի՞նչը վաղվա լրագրողին կդարձնի ամենապահանջվածը
Փաստերի ստուգման ոլորտի մասնագետ Սելին Սամսոնը մեկ այլ կարևոր խնդիր՝ ապատեղեկատվության արագ տարածումն է շեշտում։ Հեշտությամբ ստեղծվող լուսանկարները, տեսանյութերը և տեքստերը հաճախ դժվար է տարբերել իրականից։ Այս պայմաններում լրագրության առաքելությունն է նաև հավաստիությունը ստուգելն ու հաստատելը։ Փաստերի ստուգումը դառնում է առանցքային գործառույթ։ Ավելին, փորձագետի գնահատմամբ՝ ապագայում ոչ թե կնվազի, այլ կաճի փաստերի ստուգմամբ զբաղվող լրագրողների և մասնագիտացված կազմակերպությունների պահանջարկը։
Կարո՞ղ է արհեստական բանականությունը փոխարինել լրագրողին։ DW Global Media Forum-ի մասնակիցների մեծ մասը տեսանելի ապագայում նման սցենարն իրատեսական չի համարում։ Կարող է օգնել, բայց չի ստանձնի մասնագիտական և հանրային պատասխանատվությունը՝ կարծում են առաջատար լրատվամիջոցներում։
Ապագան՝ համագործակցության մեջ․ լրագրության հիմնական արժեքներից մեկը դառնում է ոչ թե միայն «լուրը տալը», այլև «լուրը ապացուցելը»
Ի՞նչ ապագա է սպասում արհեստական բանականությանն ու լրագրությանը։ Փորձագետները նրանց դիտարկում են ոչ թե հակառակորդ, այլ գործընկերներ։ Ապագայի խմբագրություններում տեխնոլոգիան ավելի շատ կստանձնի կրկնվող և ժամանակատար տեխնիկական աշխատանքը, իսկ լրագրողը կկենտրոնանա քննադատական մտածողության, ստեղծագործ մոտեցման և մարդկային շփում պահանջող գործառույթների վրա։ Որքան արագ են զարգանում արհեստական բանականության համակարգերը, այնքան ավելի է մեծանում որակյալ լրագրության արժեքը։ DW Global Media Forum-ում եզրակացնում են՝ ապագայում լրագրության հիմնական արժեքներից մեկը դառնում է ոչ թե միայն «լուրը տալը», այլև «լուրը ապացուցելը»։ Արհեստական բանականությունը կարող է դառնալ հզոր գործիք, սակայն չի փոխարինի նրա մասնագիտական դատողությանը, փորձին, վստահելիությանը և պատասխանատվությանը, որքան էլ զարգանան տեխնոլոգիաները։




