
Ryanair ավիաընկերության՝ Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավում արտակարգ դեպք է պատահել։ Թռիչքից կարճ ժամանակ անց վնասվել է ինքնաթիռի պատուհաններից մեկը։ Օդային հոսանքը պատուհանի մոտ նստած 61-ամյա տղամարդուն մասամբ դուրս է քաշել օդանավի սրահից։ Նրա կյանքը հաջողվել է փրկել կնոջ և մյուս ուղևորների արագ արձագանքի շնորհիվ։ Օդանավը վերադարձել է Սալոնիկ և անվտանգ վայրէջք կատարել։ Միջադեպի հանգամանքները հետաքննվում են։
Համացանցում լայն տարածում է ստանում Ryanair ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպը։ Հունաստանի Սալոնիկ քաղաքից Գերմանիայի Մեմինգհեմ թռչող օդանավում անհավատալի դեպք է տեղի ունեցել։ Օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց պոկվել է օդանավի պատուհաններից մեկը։ Օդային ուժեղ հոսանքը ինքնաթիռի սրահից մասամբ դուրս է քաշել պատուհանի մոտ նստած ուղևորին՝ 61-ամյա Լյուբիշա Կարովիչին։ Նրա կինը՝ Սվետլանա Մաքսմիովիչը հասցրել է անմիջապես բռնել ամուսնու ոտքերից։
«Նրա մարմնի կեսը դուրս էր ցցված ինքնաթիռից։ Ես անմիջապես արձագանքեցի և բռնեցի նրա ոտքերից։ Նա մինչև կուրծքը դրսում էր մոտ երկու րոպե»։
Սվետլանան պատմել է, որ երկու այլ ուղևորների օգնությամբ կարողացել է ամուսնուն ներս քաշել։ Կինը պատմել է, որ ամուսինը կորցրել է գիտակցությունը։ Ինքնաթիռի սրահում խուճապ է սկսվել։ Շատ ուղևորներ ճնշման անկումից՝ դեկոմպրեսիայից խուսափելու համար փորձել են տեղափոխվել սրահի այլ հատվածներ՝ հեռու վնասված պատուհանից։
Ուղևորներն ու Սվետլանա Մաքսմիովիչը լրագրողներին պատմել են դեպքի մանրամասներն ու նկարագրել օդանավի սրահում տիրող իրավիճակը․
«Դեկոմպրեսիան ծայրահեղ ծանր էր։ Չէինք կարողանում շնչել: Վիրավոր տղամարդը արնահոսում էր, ապա մի քանի անգամ կորցրել էր գիտակցությունը, ամենայն հավանականությամբ՝ թթվածնի պակասի և շոկի պատճառով»:
«Մի քանի մարդ եկավ ինձ օգնության, հիշում եմ մեկ տղամարդու և մեկ կնոջ։ Այդ մարդը շատ օգնեց Լյուբիշային և ինձ։ Կարծում եմ՝ ալբանացի էր, շատ շնորհակալ եմ։ Ես նրա անունը չգիտեմ, նույնիսկ չեմ հիշում՝ ասա՞ց ինձ։ Ես կցանկանայի հանդիպել նրան, որպեսզի կրկին անձամբ շնորհակալություն հայտնեմ»։
Հրաշքով փրկված ուղևորն այժմ Սալոնիկի հիվանդանոցներից մեկում է։ Կինը պատմել է, որ իր ամուսինը բազմաթիվ վնասվածքներ է ստացել և շոկային վիճակում է։
«Ինձ համար ամենակարևորն այն է, որ ողջ է։ Հատկապես ձեռքը շատ է վնասվել, այրվածքներ ունի։ Նա չի կարողանում լիարժեքորեն շփվել և չի հիշում կատարվածը»։
Սալոնիկի օդանավակայանի օպերատոր Fraport Greece-ը հայտարարել է, որ միջադեպը այժմ հետաքննում է Հունաստանի օդային և երկաթուղային անվտանգության հետաքննչական մարմինը։
Թռիչքներին հետևելու FlightRadar24 կայքի տվյալները ցույց են տալիս, որ վթարված ինքնաթիռը օդում է եղել մեկ ժամից մի փոքր ավելի նախքան Սալոնիկի օդանավակայանում վայրէջք կատարելը։ Փոխարինող ինքնաթիռով Ryanair–ը մյուս ուղևորներին նույն օրը հասցրել է Մեմինգեն։
Հունաստանի ավիացիայի բարձրաստիճան մի պաշտոնյա հայտնել է, որ Ryanair ավիաընկերության Boeing 737 օդանավի շարժիչի անվերահսկելի խափանում է տեղի ունեցել։ Շարժիչից պոկված բեկորները հարվածել են ինքնաթիռին, վնասել ֆյուզելյաժն ու կոտրել պատուհանի ապակին։




