ԿարևորՀասարակություն

Ներառականությունն ավելին է, քան պարզապես թեքահարթակը. Գյումրիում վերհանվել են ոլորտի խնդիրները

«Հայկական Կարիտասի» նախաձեռնությամբ Գյումրիում մեկտեղվել էին լրագրողներ, դերասաններ, հոգեբաններ, ուսանողներ և հաշմանդամություն ունեցող անձինք: «Ներառականության զգայուն լուսաբանում, հանրային ընկալումների ձևավորում և խնդիրների վերհանում» դասընթացի շրջանակում մասնակիցները քննարկել են էթիկական մոտեցումները, հաղորդակցման նրբություններն ու գործնական վարժությունների միջոցով անձամբ զգացել այն խոչընդոտները, որոնց ամեն օր բախվում են տեսողական, լսողական կամ հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդիկ։ 

Խորհրդային շենքերի «ժառանգությունն» ու կրթության մատչելիությունը

Գյումրեցի Արթուր Գալստյանն ունի հենաշարժողական խնդիրներ և տեղաշարժվում է հենակներով: Հետերկրաշարժյան ծանր տարիներին տնակում ապրած երիտասարդը կարողացել է կոտրել կարծրատիպերն ու ստանալ երկու միջին մասնագիտական և երկու բարձրագույն կրթություն: Սակայն, նրա խոստովանությամբ, կրթական հաստատությունների շենքային պայմանները հաճախ անմատչելի պատնեշ են դառնում:

«Մեր ուսումնական հաստատությունների մեծամասնությունը հետխորհրդային տարիներին կառուցված շենքեր են: Խորհրդային հասարակարգում գոյություն ուներ “իդեալական քաղաքացու” մոդելը, որին հաշմանդամություն ունեցող անձինք չէին համապատասխանում, ուստի նրանց կարիքները հաշվի չէին առնվում: Այսօր մենք կրում ենք այդ շինությունների ծանր ժառանգությունը: Շատերին թվում է, թե արտաքին թեքահարթակի առկայությամբ հարմարեցման հարցը լուծվում է: Բայց մատչելիությունը ենթադրում է նաև ներսի դռների լայնության համապատասխանեցում, սանհանգույցների, դասասենյակների ու լաբորատորիաների հարմարեցում», — նշում է Արթուրը:

Ընտրական իրավունք և «կույր» քվեարկություն

Ազատ տեղաշարժի ու ներառականության լուրջ խնդիրներ կան նաև քաղաքացիական իրավունքների իրացման ոլորտում: Տեսողության խնդիրներ ունեցող Վահան Սարգսյանը, կիսվելով վերջին համապետական ընտրությունների իր փորձով, բարձրաձայնում է քվեարկության գաղտնիության և անկախության խնդիրը.

«Հայաստանում չկան Բրայլյան քվեաթերթիկներ, կան միայն հատուկ կաղապարներ: Սակայն դա հարցը լիարժեք չի լուծում. տեսողության խնդիր ունեցող անձը դեռևս ունի օգնականի կարիք, որպեսզի վստահ լինի, որ թերթիկները ճիշտ հերթականությամբ են դասավորված: Բացի այդ, ծրարների եզրերը ներսից կպած լինելու պատճառով թերթիկը տեղադրելիս հաճախ ծալվում է: Լավագույն լուծումը կլիներ էլեկտրոնային քվեարկության ներդրումը կամ համընդհանուր օգտագործման ավելի հարմար միջոցների ստեղծումը»։

Զբոսաշրջության և հանրային միջավայրի բացերը

Լոգոպետ Սեդա Համբարյանն ընդգծում է, որ չհարմարեցված միջավայրի պատճառով հաշմանդամություն ունեցող շատ մարդիկ պարզապես հարկադրված փակվում են տանը: Խնդիրն ակնառու է եղել հենց սեմինարի օրերին.

«Այն հյուրանոցում, որտեղ անցկացվում էր դասընթացը, թեքահարթակների թեքությունը չէր համապատասխանում ստանդարտներին, վերելակի դռներն այնքան նեղ էին, որ անվասայլակով հնարավոր չէր մտնել, իսկ ճաշարանի մուտքի բարձր շեմն անհաղթահարելի էր: Չկային նաև Բրայլյան ուղեցույցներ կամ տեսողության խանգարում ունեցողների համար նախատեսված հատուկ լուսավորություն»:

Լուծումը՝ «Համընդհանուր դիզայն» և ներառական կրթություն

Շիրակի ՏԱՍԿ-ի (Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն) տնօրենի տեղակալ Անժելա Բալթայանն առաջարկում է անցում կատարել «համընդհանուր դիզայնի» մոդելին: Դա ենթադրում է միջավայրի այնպիսի նախագծում, որը հարմար կլինի բոլորին՝ առանց բացառության: Օրինակ՝ ավտոմատ բացվող դռները կամ աուդիոգրքերը ստեղծվել են հատուկ կարիքներով մարդկանց համար, բայց այսօր դրանցից օգտվում են բոլորը: Նույն մոտեցումը պետք է կիրառել նաև դպրոցներում՝ նյութը մատուցելով բազմազան մեթոդներով:

Այս ուղղությամբ արդեն կան հաջողված պիլոտային քայլեր: Շիրակի ՏԱՍԿ-ի տնօրեն Թագուհի Վարդանյանի խոսքով՝ «Հայկական Կարիտասի» աջակցությամբ Գյումրիի դպրոցներից մեկում արդեն երկու տարի է՝ գործում է հատուկ ռեսուրս-դասարան.

«Ռեսուրս-դասարանը երեխաներին հասարակությունից առանձնացնելու համար չէ, այլ ընդհակառակը՝ համատեղ աշխատանքի: Այնտեղ երեխաները կյանքի հմտություններ են սովորում, իսկ նրանց կողքին, ում համար դժվար է ինքնուրույն դասապրոցեսին հետևել, աշխատում են անձնական օգնականները»:

Ինչպե՞ս փոխել հանրային ընկալումը

«Հայկական Կարիտասի» ծրագրի ղեկավար Սիրանուշ Մինասյանը նշում է, որ կարծրատիպերի կոտրման հարցում առանցքային դեր ունեն հանրային կարծիք ձևավորողները՝ լրագրողներն ու արվեստագետները: Հենց այդ պատճառով էլ այս անգամ դասընթացում մեկտեղվել էին տարբեր ոլորտների ներկայացուցիչներ:

Ոլորտում փոփոխություններն ավելի տեսանելի դարձնելու համար առաջիկայում նախատեսվում են երկու խոշոր նախաձեռնություններ՝ ներառականության թեմայով սթրիթ-արտի (փողոցային արվեստի) ստեղծում քաղաքի հանրային տարածքում և համագործակցություն Գյումրու դրամատիկական թատրոնի հետ՝ հատուկ թատերական ներկայացում բեմադրելու նպատակով:

Կարդացեք նաև

Back to top button