Վերնատուն

«Stanzas in August»․ հայ ակադեմիական երաժշտության բացառիկ անթոլոգիան. «Վերնատուն»

«Stanzas in August» («Ստանսներ՝ օգոստոսին») 4 ձայնասկավառակից բաղկացած բացառիկ  անթոլոգիան թողարկվել է հեղինակավոր New Focus Recordings լեյբլի կողմից և ներկայացնում է հայ ակադեմիական երաժշտության հարուստ ներկապնակը՝ Կոմիտասից ու Արամ Խաչատրյանից մինչև մերօրյա ժամանակակից կոմպոզիտորներ։ Այս բացառիկ հավաքածուի մասին են խոսում կոմպոզիտորներ Վահրամ Սարգսյանը և Արամ Հովհաննիսյանը։ Հավաքածուի ստեղծումը նախաձեռնել է ջութակահար, UCLA հայկական երաժշտական ​​ծրագրի հիմնադիր Մովսես Պողոսյանը Լոս Անջելեսում՝ Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) երաժիշտների ուժերով։ Շարքի վերնագիրը «Stanzas in August» ընտրվել է կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանի ստեղծագործություններից մեկի անունով։

Մովսես Պողոսյանը տարիների ընթացքում միշտ մեծ տեղ է հատկացրել հայ երաժշտությանը, և հենց իր շնորհիվ Կալիֆորնիայի համալսարանում հիմնվել է հայ երաժշտության ֆակուլտատիվ բաժին։ Նախագծի հիմնական նպատակն է քիչ բացահայտված ստեղծագործությունների բարձրորակ ձայնագրումը, ինչպես նաև աշխարհով մեկ սփռված հայ կոմպոզիտորներին նոր գործեր պատվիրելը։ Այս ձայնագրությունների շարքում տեղ են գտել նաև կոմպոզիտորներ Վահրամ Սարգսյանի, Արամ Հովհաննիսյանի և Արթուր Ավանեսովի ստեղծագործությունները, որոնք գրվել են այս նախագծի համար։

«Հայ կոմպոզիտորների մի շարք ստեղծագործություններ երբևէ պրոֆեսիոնալ ձայնագրություն և համաշխարհային թողարկում չեն ունեցել», – նշում է Արամ Հովհաննիսյանը։ Այդ պատճառով հավաքածուում մի քանի կարևոր սկզբունք է գործում՝ ներկայացնել նոր ստեղծագործություններ, արդեն կայացած սերնդի լավագույն գործեր և ավագ սերնդի քիչ հայտնի էջեր։ Օրինակ՝ անթոլոգիայում ընդգրկված են Արամ Խաչատրյանի երկու մենանվագները՝ ջութակի և ալտի համար, որոնք հանրությանը գրեթե ծանոթ չեն։ Վահրամ Սարգսյանի խոսքով՝ այս անթոլոգիան ընդգրկում է ամեն ինչ՝ Կոմիտասից սկսած մինչև երիտասարդ սերնդի ներկայացուցիչ Արամ Հովհաննիսյան։ Նա հավելում է, որ վերջին տասը տարին նվիրել է վոկալ փնտրտուքներին ու տեխնիկայի արսենալի ընդլայնմանը։ Չնայած այժմ բնակվում է Կանադայում, իր ստեղծագործությամբ միշտ փորձում է մնալ հայկական մոդալ երաժշտական աշխարհի մեջ։ Նրա համոզմամբ՝ նախաձեռնությունը բացառիկ է, քանի որ այսօր աշխարհով մեկ սփռված հայ երաժշտության հավաքական դրսևորումն է, և ինքը երկրորդ նման անթոլոգիա պարզապես չի ճանաչում։

Այս ձայնագրությունը թողարկվել է միջազգային պաշտոնական լեյբլի կողմից, ինչն անմիջապես տեսանելի է դարձնում հայկական արվեստը համաշխարհային երաժշտական քարտեզի վրա։

Կարդացեք նաև

Back to top button