
«Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծի շրջանակներում հերթական գործնական քայլն է արվել ծրագիրը կյանքի կոչելու ուղղությամբ։ Անցած շաբաթ ամերիկյան AECOM ընկերության աշխատակիցները եղել են Հայաստանում և կատարել ուսումնասիրություններ։ Հայաստանի կառավարության հաղորդած տեղեկություններով՝ նախագծի իրականացման հարցում Հայաստանի չափ նույնքան հետաքրքրված է ամերիկյան կողմը։ Իսկ այս ամենը ամբողջության մեջ արդեն թույլ է տալիս խոսելու արդեն ժամկետների մասին։
Ամերիկյան ճարտարագիտա-խորհրդատվական AECOM ընկերության ներկայացուցիչները երրորդ անգամ են այցելել Հայաստան «Թրամփի ուղի» նախագծի իրականացման տեղանքը ուսումնասիրելու համար։ Մասնագետների նախորդ այցերը տեղի են ունեցել այս տարվա փետրվարին և մայիսին։ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատնից հաստատում են, որ AECOM–ի թիմն ու Հայաստանի կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP–ի տեղանքը՝ երկաթգծի և այլ ենթակառուցվածքների ձևավորման նպատակով։ Սա, թերևս թույլ է տալիս Հայաստանի գործադիր իշխանությանը արդեն սահմանելու մոտավոր ժամկետ, ինչի մասին իր վերջին ճեպազրույցում խոսեց վարչապետ Փաշինյանը․
«Ուզում ենք րոպե առաջ սկսել դրա իրականացումը, որքան հասկանում եմ, ամերիկյան կողմն էլ է դա ուզում։ Հիմա պետք է ընթացակարգերը նորմալ ապահովենք, որպեսզի հույս ունեմ այս տարվա մեջ աշնանը արդեն գետնի վրա առաջին աշխատանքները կիրականացվեն»։
Ավելի վաղ վարչապետը նախանշել էր, որ իր հաշվարկներով՝ TRIPP նախագծի շրջանակում ամենաարագը շահագործման կարող են հանձնվել էլեկտրահաղորդման՝բարձրավոլտ հոսանքի գծերը, ապա՝ երկաթգիծը։
«Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը դեռ վաղուց աշխուժացրել է Մեղրիի անցուդարձը և ձևավորել հստակ սպասելիքներ, որոնք «Ռադիոլուր»–ին ներկայացրեց Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը։
«Կառուցվելու է նույն երկաթգիծը, որ եղել է նախկին Սովետական Միության ժամանակաշրջանում։ Մեքենայի ճանապարհի համար դեռ խոսակցություններ չկան։ Իսկ ի՞նչ կտա TRIPP–ը ոչ միայն Մեղրիին, այլ ամբողջ Հայաստանին։ Նախ և առաջ մեր հանրապետությունը դառնում է տրանզիտ երկիր և սպասվում են ավտոմեքենաների մեծ հոսքեր հիմնական տրանսպորտային կազմակերպությունների։ Ագարակ քաղաքում նախկին մաքսատունը ամբողջովին քանդվում է և կառուցում նոր մաքսատուն, որը հնարավորություն է ունենալու 1,800–2,000 ավտոմեքենա ընդունելու իր տարածք»։
Նախկին երկաթգիծը վերակագնելու համար, որոշ գնահատականներով, կպահանջվի 1–1.5 տարի։ Թեև այս աշխատանքները երկկողմ են՝ Հայաստանի և Միացյալ նահանգների միջև, դրանց ընթացքով հետաքրքրված է նաև ադրբեջանական կողմը։ Դա օրերս հաստատել էր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ հիմնավորելով, որ TRIPP հատվածում մուտքն ու ելքը գտնվում են Ադրբեջանի տարածքում, ուստի ամերիկացի գործընկերները նաև ադրբեջանական կողմին են տեղեկացնում ընթացքի մասին։ Քանի որ TRIPP նախագիծը իրականացման դեռ սկզբնական փուլում է, աշխատանքն ուղեկցվում է նաև տարբեր կողմերից հնչող մտահոգություններով։ Դրանցից մեկը բարձրաձայնեց Հայաստանում Իրանի դեսպանը՝ փոխանցելով իր երկրի մտահոգությունը իրենց սահմանին մոտ ամերիկյան ներկայությունից։ Դրան ի պատասխան՝ Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ անհանգստության հիմքեր չի տեսնում, քանի որ նախագծի շուրջ ոչ մի կոնսպիրացիա չկա։
«Հայաստանը և տարածաշրջանը պետք է ապաշրջափակվեն։ Գնացք պետք է գնա, գա ավտոմեքենա պետք է գնա, գա, էլեկտրական հոսանքի տարանցում պետք է լինի, հնարավոր է գազամուղներ, նավթամուղեր, խողովակաշարեր, մալուխներ։ Այստեղ մտահոգությունը ո՞րն է։ Մենք թափանցիկ ենք, ցանկացած հարցի կարող ենք պատասխանել և պատրաստ ենք պատասխանելու և այս ուղերձն ենք տվել։ Պետք է ձևակերպել մտահոգությունը ինչի մեջ է, մենք համոզված ենք, որ բոլոր մտահոգությունները կփարատվեն։ Մենք շարունակելու ենք բոլոր մեր գործընկերների` ԻԻՀ, ՌԴ, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, ԵՄ, Կենտրոնական Ասիայի երկրների, Չինաստանի, բոլորի հետ աշխատելու ենք, որովհետև սա գլոբալ նախագիծ է և գնալով այդ նախագծի արժեքը և նշանակությունը ավելի մեծանում է»։
Ոչ թե TRIPP-ի ուղիղ գործարկմամբ, այլ գլոբալ ծրագրերի իրագործման արդյունքում տարածաշրջանային ծրագրերը բխում են նաև Իրանի շահերից, համոզված է Հայաստանի վարչապետը։ Նա հայտարարում է, որ ծրագրերի իրագործման արդյունքում Հայաստանը բացելու է Պարսից Ծոցից Սև Ծով երկաթուղին։
Հարավային Կովկասի Հայաստանի հատվածում այժմ միահյուսվում է մի քանի գլոբալ ծրագիր։ Բացի TRIPP–ից դրանք են Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, Հյուսիս–Հարավ ճանապարհը, ԵՄ «Global gate»՝ «Գլոբալ դարպաս» ռազմավարությունը, որի մաս է կազմում ԵՄ «Կապակցելիության օրակարգ»–ը։ Այս շրջանակներում էլ Եվրոպական միությունը նախատեսում է Հայաստանում կառուցել երեք սահմանային անցակետ Թուրքիայի հետ սահմանին Մարգարա և Ախուրիկ հատվածներում, ինչպես նաև Ադրբեջանի հետ սահմանին հարավային ուղղությամբ։ «Ռադիոլուր»–ի հետ զրույցում այս նպատակը հաստատել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։
«Մենք արդեն պարտավորվել ենք կառուցելու երեք սահմանային անցակետ: Այժմ աշխատում ենք դրա մանրամասների վրա»:
Առաջին անհրաժեշտ քայլը այս ամենում, եվրոպացի պաշտոնյայի ներկայացմամբ, սահմնազատման գործընթացներում տարածքների ականազերծման աշխատանքներն են։ Ի թիվս այլ նպատակների նաև դրա համար է ԵՄ Հայաստանին տրամադրել երկու միավոր ականազերծման ժամանակակից տեխնիկա։




