ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա․ ուշագրավ մանրամասներ

Սյունիքի մարզի Քարահունջ գյուղում գայլերի հարձակումից տուժածներն արդեն տանն են, բայց բժիշկների հսկողության ներքո են։ Ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացիներից մեկը տեղափոխվել է Երևան։ Ասում են՝ նրա վիճակը կայունանում է։ Քարահունջի մերձակա տարածքներում շարունակում են փնտրել գայլերին։ Իսկ բնապահպաները առաջարկում են կարգավորել կենդանիների քանակը։

«Աշխատում էի տանը, շուռ եկա, տղաս ասաց՝ պապա, գայլն ա, գայլը։ Էդ մոմենտ ձեռքս գցեցի բերանը ու ես ընկա փոսը։ Նորից ուզեց հարձակվի իմ վրա, բայց նորից ես ձեռքս տարա, մտա բերանը։ Տղաս էլ մի քանի անգամ լապատկով խփեց գլխին՝ փախավ»։

Քարահունջի բնակիչ 61-ամյա Արամայիս Հարությունյանը փորձում է վերհիշել գայլի հետ մենամարտի մանրամասները։

Հուլիսի 9-ին Քարահունջում գայլերը հարձակվել էին գյուղի 6 բնակչի, այդ թվում՝ երեք տարեկան երեխայի վրա։ Գյուղացիներից ոմանք գայլերին նկատել են դեռ առավոտյան ժամը 5-ին, 6-ին՝ գյուղի սահմաններից դուրս, նույնիսկ հասցրել են նկարել նրանց։

Մանուշակ Հարությունյանի երեքամյա որդին՝ Դավիթն էլ է տուժել հարձակումից։ Նա դժվարությամբ է հավատում, որ գայլերը համարձակվել են բակ մտնել․

«Սովորականի նման խաղում էր բակում, մեքենայով։  Ձայնի վրա դուրս եկա, տեսա գյուղացիները արդեն հավաքվել են։ Երևի գայլը առաջինը երեխուն է տեսել ու հարձակվել վրան»։

Երեխայի կյանքը փրկել է 21-ամյա Գուրգեն Մալինցյանը։ Ըստ ականատեսների՝ Գուրգենը մարտի է բռնվել  գայլի հետ ու ազատել երեխային գիշատչի ճանկերից։ Երիտասարդը մարմնական վնասվածքներ է ստացել մեջքի ու ձեռքի շրջանում։

Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Գորիսի բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ Լևոն Հարությունյանը «Ռադիոլուրին» ասաց, որ բուժօգնություն ստանալուց հետո նրանք դուրս են գրվել, բայց ամեն օր պետք գնան վիրակապը փոխելու։  Իսկ ծանր վիճակում գտնվող տուժածը տեղափոխվել է Երևան, բայց նրա վիճակն այժմ կայունացել է։

«Կատարվել են բոլոր պատվաստումները՝ հակափայտացման, հակակատաղության, այդ թվում՝ համապատասխան իմուգլոբինը՝ ըստ քաշի ու տարիքի»։

Անգամ տարեցները չեն կարողանում մտաբերել մի դեպք, որ գազանները գյուղ հասած լինեն։ Բնապահպան, Կապանի անտառնտնտեսության նախկին տնօրեն Վլադիկ Մարտիրոսյանն ասում է՝ կերի պակասի պատճառով են գայլերը մտել բնակավայրեր։

«Նաև քանակի ավելացումն է։ Մենք մեր ժամանակներում տարեկան մի անգամ, փետրվարին հաշվառում էինք։ Եվ՛ հետքերով էին հաշվառում, և՛ վիզուալ։ Ճիշտ է՝ դա մոտավոր հաշվարկ էր, բայց պատկերացում էր տալիս քանակի մասին։ Եթե շատանում էր, ես գրություն էի գրում կոմիտեի նախագահին, խնդրում էինք թույլատրել քանակը կարգավորել։ Խմբեր էինք կազմում, նաև որսորդներ էինք ընդգրկում, որ հավեսները հանեն, գնում էինք գայլերին ոչնչացնում, քանակը կրճատում»։

Բնապահպանը մտահոգ է նաև շնագայլերի բազմացումից։

«Կապանում չախկալներն այնքան են շատացել, որ արդեն քաղաք են մտնում։ Դրանք վտանգավոր կենդանիներ են, հիվանդություններ տարածող։ Հարկավոր է կարգավորել դա։ Դա չի նշանակում, որ բնությունն այնքան ենք սիրում, որ չենք ոչնչացնում։ Քանակը պիտի կարգավորվի։ Դրանք մեծ վնաս են հասցնում նապաստակներին, եղջերուներին, մանր կենդանիներին»։

Քարահունջում փրկարարները, ոստիկաններն ու էկոպարեկները շարունակում են ուժեղ վերահսկողությունը։ Երեք գայլերից մեկին արդեն վնասազերծել են, մյուս երկուսին դեռ փնտրում  են։

Կարդացեք նաև

Back to top button