
Ֆրանսիա կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Կրթության վերափոխման գագաթնաժողով+4» բարձրաստիճան միջոցառման շրջանակում Փարիզում գտնվող ԱՄԷ կրթության նախարարության գլխավոր քարտուղար Մոհամմադ Ալ Քասիմիի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման և փորձի փոխանակման հնարավորությունները՝ կարևորելով երկու երկրների միջև ձևավորված կառուցողական երկխոսությունը։
Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Հայաստանի կրթական բարեփոխումների առաջնահերթությունները՝ անդրադառնալով կրթության զարգացման մինչև 2030 թ. պետական ծրագրին, կրթության թվային վերափոխմանը, կարողունակությունների վրա հիմնված կրթությանը և արհեստական բանականության կիրառման ուղղությամբ իրականացվող նախաձեռնություններին։
Անդրադարձ է եղել նաև դպրոցական ավտոբուսների համակարգի ներդրման ուղղությամբ համագործակցության և փորձի փոխանակման հնարավորություններին՝ հաշվի առնելով այս ոլորտում Արաբական Միացյալ Էմիրությունների հաջողված փորձը և կրթության հասանելիության ապահովման գործում դրա արդյունավետ կիրառումը։ Կարևորվել են նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում համագործակցությունն ու փորձի փոխանակումը:
Կողմերը կարևորել են երկու երկրների ոլորտային նախարարությունների միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը: Այս համատեքստում ընդգծվել են բարձրագույն կրթության, գիտահետազոտական համագործակցության, ուսանողների և դասախոսների փոխանակման, համատեղ վերապատրաստման ծրագրերի, կրթաթոշակների, տեխնիկական և մասնագիտական կրթության, ինչպես նաև որակավորումների փոխճանաչման ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորությունները։
Մոհամմադ Ալ Քասիմը հետաքրքրություն է հայտնել Հայաստանի կրթական բարեփոխումների և կրթության թվային վերափոխման ուղղությամբ իրականացվող ծրագրերի նկատմամբ՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունեցել նաև գործընկեր երկրների պատվիրակությունների ներկայացուցիչների հետ։
Մասնավորապես՝ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միկենաձեի հետ և Մոնտենեգրոյի կրթության, գիտության և նորարարության նախարար Անջելա Յակշիչ-Ստոյանովիչի հետ։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը քննարկումներ է ունեցել Ուզբեկստանի նախադպրոցական և դպրոցական կրթության նախարարի առաջին տեղակալ Շերզոխ Կարիմովի, Լատվիայի կրթության և գիտության նախարար Իլզե Ինդրիկսոնեի, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի կրթության նախարարության միջազգային համագործակցության հարցերով նախարարի տեղակալ Լատիֆա Ալ-Ֆարյանի և Օմանի կրթության նախարարության կրթական աջակցության ծրագրերի գծով փոխնախարար Ինտիսար Աբդուլլահ Սուլեյման Ալ-Ամբուսայիդի հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման, փորձի փոխանակման, կրթական բարեփոխումների իրականացման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համատեղ ծրագրերի ընդլայնման հնարավորությունները։




