ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Քոչարյանը դատական հերթական նիստին ներկայացրել է, թե ինչ են իրեն մարտի 1-ից առաջ զեկուցել

Մարտի 1-ի գործի շուրջ քաղաքական և իրավական բանավեճը նոր փուլ է մտել․ նախընտրական և ընտրական շրջանում հնչած քաղաքական հայտարարությունները այժմ շրջանառվում են արդեն դատական նիստերի դահլիճում։ Այսօր Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է Մարտի 1-ի գործով դատական քննությունը։ Լսման ժամանակ Քոչարյանի արած քաղաքական հայտարարությունները ընդհատելով՝ դատավորը երկրորդ նախագահին հորդորել է դրանք դատական գործին չխառնել։

Մարտի 1-ի գործով դատական լսումները շարունակվում են։ Դրանք որոշ չափով նաև հեռակա քաղաքական բանավեճ են հիշեցնում վարչապետ Փաշինյանի և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև։ Փաշինյանը նախօրեին՝ լրագրողների հետ ճեպազրույցում կրկին խոսել էր, իր իսկ ձևակերպմամբ, դատաիրավական մաֆիայի մասին՝ պատասխանելով հարցին ու դիտարկմանը, թե ինչու է ձգձգվում աղմկահարույց մի շարք քրեական գործերի հանգուցալուծումը, որոնց հանրությունը շարունակում է սպասել։ Փաշինյանի պնդմամբ՝ տարբեր գործեր պատշաճ ընթացք չեն ստացել, քանի որ դատաիրավական համակարգը նորմալ չի գործել նաև հանցավոր պայմանավորվածությունների պատճառով, և որոշ մարդիկ շարունակել են իրենց արտոնյալ զգալ։

«Հիմա Հայաստանի ժողովրդի և կառավարության ակնկալիքն է, որ դատաիրավական համակարգը նորմալ գործի, որպեսզի, դա նաև նրա մասին է խոսում, որ մինչև հարցերը չեն հասնում համաժողովրդական քաղաքական մակարդակի, ինչ-որ խնդիրներ շարունակում են տեղապտույտի վիճակում հայտնվել։ Օրինակ, ասում են՝  քաղաքական հետապնդում։ Ես ասում եմ, որ ընդհակառակը, այն, ինչ տեղի է ունեցել, քաղաքական չէ, որովհետև այդ թվում նախորդ քաղաքական իշխանությունների պետական համակարգում գործող շոշափուկները պրոտեկցիոն պայմաններ են ստեղծել շատերի համար, և դրա վերջը պետք է տրվի, և դրա վերջը պետք է տրվի, այդ թվում ժողովրդի տված մանդատով»։

Այս հայտարարությանը Մարտի 1-ի գործով դատական հերթական նիստին փորձեց արձագանքել երկրորդ նախագահը։ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը հորդորեց դատական նիստը քաղաքական հայտարարությունների չծառայեցնել և մնալ քննվող առարկայի շրջանակում։

«Կամ վստահում եք դատարանին, ակնկալում եք արդարադատություն, կամ չեք վստահում դատարանին և դատավորին ներկայացնում եք բացարկի միջնորդություն։ Երրորդ տարբերակ չկա։ Դուք ձեր քաղաքական հակառակորդի հետ ի՞նչ փոխհարաբերությունների՝ անձնական, ոչ անձնական կամ քաղաքական պրոցեսների մեջ եք գտնվել, այդ հայտարարությունները այլ հարթության և հարաբերությունների շրջանակում քննարկվող հարցեր են»։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է չընդունել իրեն առաջադրված մեղադրանքը՝ պնդելով, որ 2008-ի մարտի 1-ին գործել է  սահմանադրական լիազորությունների շրջանակում։  Եթե ես այդ ժամանակ դա չանեի,   ինձ այսօր կդատեին անգործության համար՝ ասել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը, որի պաշտոնավարման ավարտին՝ 2008 թվականի մարտյան իրադարձությունների ժամանակ, զոհվել է 10 մարդ, իսկ գործով քննության առարկա են նաև ուժի կիրառման հանգամանքները։  Քոչարյանը ներկայացրել է, որ այդ օրերին իրեն զեկուցել են, որ զինված գեներալները քննարկում էին՝ միանալ հանրահավաքին, թե ոչ։

«Ամբողջ օրն այդ զինվորականները Երկրապահ կամավորական միությունում էին։ Մի մասն ասում էին՝ գնանք, մի մասն ասում էին՝ չգնանք, իրենց վարորդներով, թիկնապահ-օգնականներով և այլն։ Բանակի ղեկավար մարմնի մի մասը, զինված, քննարկում էր՝ միանա՞, թե՞ չմիանա։ Երկրի նախագահն ի՞նչ պետք է աներ։ Մեկն ինձ կարո՞ղ է բացատրել։ Ինձ զեկուցում են, որ այնտեղ զինված քննարկում են՝ գնա՞նք, թե՞ չգնանք»։

Քոչարյանի խոսքով՝ այդ քննարկումները տևել են մի քանի օր։ Այդ օրերին ինքն աշխատանքային այցով եղել է Մոսկվայում, իսկ վերադառնալուց անմիջապես հետո կազմակերպել է հանդիպում զինվորականների հետ։

Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի խոսքով՝ երկրում արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ Քոչարյանի ստորագրած հրամանագրի իրավաչափությունը վիճարկելը Սահմանադրական դատարանի, իսկ որոշ դեպքերում՝ վարչական արդարադատության շրջանակում քննարկման ենթակա հարց է և դուրս է քրեական դատարանի իրավասությունից, «ծայրահեղ դեպքում՝ վարչական դատարանի, բայց ոչ՝ Ընդհանուր իրավասության և քրեական դատավարության օրենսգրքով քննարկվող»։

 Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին ենթակաների դեմ 2021-ին քրեական հետապնդումը դադարեցվել էր այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել նրանց առաջադրված՝ սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ քրեական օրենսգրքի հոդվածը։  

Վճռաբեկը բեկանեց այս որոշումը, գործն ուղարկեց նոր քննության, որի շրջանակում Քոչարյանին և նրա նախկին ենթականերին առաջադրվել են պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ մեղադրանքներ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս պնդել է՝ մարտի 1-ի գործը ամբողջությամբ բացահայտված է, իսկ Ռոբերտ Քոչարյանը պետք է, նրա խոսքով, «նստի»։

2026 թվականի փետրվարին Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Արթուր Նահապետյանը հայտարարել էր, որ Մարտի 1-ի գործով առաջիկայում կլինեն նոր մեղադրյալներ։ Դրանից հետո արդեն 2026-ի հունիսին սկսվեցին նոր հանրային քրեական հետապնդումներ՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և զինվորականների նկատմամբ։  

Քննությանն այժմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից բացի ներգրավված են Արմեն Գևորգյանը, Սեյրան Օհանյանը և Գրիգորի Խաչատուրովը։ Վերջերս գործի շրջանակում մեղադրանքներ են առաջադրվել Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանին և Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին: Վարույթով մեղադրյալ է նաև ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Սաշա Աֆյանը, որի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է։ Գլխավոր դատախազն ավելի վաղ խոսել էր գործով նոր փաստական հանգամանքներ կան և նոր փորձաքննության ուղարկված փամփուշտներ։

Կարդացեք նաև

Back to top button