
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի ընդհանուր արտաքին ապրանքաշրջանառությունը այս տարվա առաջին ամիսներին կազմել է 7,865 մլրդ դոլար, ինչը 0,1 %-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատված ցուցանիշից։ Այս պահին հրապարակված վիճակագրական տվյալները, սակայն, չեն արտացոլում Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի համար սահմանված «պատժամիջոցային» շրջանը։ Ի՞նչ է վկայում այս վիճակագրությունը և ի՞նչ միտումներ է բացահայտում։
Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն այս տարվա առաջին հինգ ամիսներին նվազել է 21,5 %-ով։ Տարբեր կառույցների վիճակագրության համադրումը, սակայն, ցույց է տալիս, որ քաղաքական աղմուկը տնտեսական բովանդակությունից ավելի բարձր է։
Հայաստանի վիճակագրական կոմիտեն թեև չի հրապարկել առանձին ապրանքատեսակների վերաբերյալ տվյալներ, բայց Պետական եկամուտների կոմիտեի առաջին եռամսյակի օպերատիվ տվյալների ուսումնասիրությունը որոշ հարցերի պատասխաններ տալիս է։ Համադրությունը վեր է հանում մի քանի հիմնական միտում․
- Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը։
- Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը կրճատվել է ավելի քան 500 մլն դոլարով։
- Առավելապես նվազել է թանկարժեք մետաղների և քարերի վերավաճառքը։
- Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 2,196 մլրդ դոլար 2025 թվականի նույն ժամանակահատվածի 2,763 մլրդ դոլարի փոխարեն։
Առանց թանկարժեք մետաղների և քարերի հաշվարկի՝ առաջին եռամսյակում Ռուսաստանից Հայաստան ներմուծումը կրճատվել է ընդամենը 12,5 մլն դոլարով։
Մյուս տվյալները փաստում են, որ Ռուսաստանից Հայաստան ներմուծվող ապրանքներից աճել է բնական գազի, ցորենի ներմուծումը։ Այն, ի դեպ, կատարվում է Ադրբեջանի տարածքով՝ երկաթգծի միջոցով, ինչն էլ թույլ է տալիս Ալիևին հայտարարել Հայաստանի համար վստահելի գործընկեր լինելու մասին։ Ռուսաստանից, Ղազախստանից և մի շարք այլ երկրներից Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 40 հզր տ տարբեր տեսակի բեռ։
Ինչ վերաբերում է Հայաստանից Ռուսաստան մատակարարումներին, ապա 2026–ի առաջին ամիսներին աճել էր կոնյակի, թարմ մրգերի և բանջարեղենի և հագուստի ու կոշիկի արտահանումը։ Այս վիճակագրությունը վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ «Ռոսսելխոզնադզոր»–ը դեռ չէր որոշել սահմանափակումներ կիրառել հայկական ապրանքների ներմուծման նկատմամբ։ Այդ որոշումները սկսեցին ընդունվել հունիսի 2-ից։
Այդ օրվանից հետո ստեղծված իրավիճակը լավագույնս ցուցադրում է մեկ կետից կախվածության ռիսկերը՝ համոզված է ԱԺ ֆինանսավարարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը․
«Ընդհանրապես կամայական, ոչ միայն կապվածությունը, նաև կախվածությունը որևէ պետությունից բնական ռիսկեր է պարունակում, եթե, օրինակ, մեծ է ապրանքաշրջանառության մասնաբաժինը։ Մենք անընդհատ խոսում ենք այն տեսանկյունից, թե ՀՀ տնտեսությունը ինչ ազդեցություն է կրում այդ իրավիճակից։ Բայց ԵԱՏՄ–ն փոխադարձ շահերի հարթակ է, և պետք չէ միակողմանիորեն նայել ու մտածել, որ այդտեղից միայն Հայաստանն է օգտվողը։ Դա շուկա է, որից օգտվում են բոլոր անդամակցող պետությունները»։
Թեև սահմանափակումները ստեղծում են նաև հնարավորություններ հատկապես ԵՄ շուկաներ հայկական ապրանքներն արտահանելու հեռանկարի, բայց այս պահին կան նաև դժվարություններ հայկական արտադրողի համար։
Տնտեսական հաշվարկները մասնագետներին հուշում են, որ առաջիկայում քաղաքական աղմուկն իր տեղը կզիջի պրագմատիկ քայլերին։ Առավել ևս այն դեպքում, երբ ըստ վիճակագրության՝ այս տարվա առաջին ամիսներին Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ երկրների հետ աճել է՝ Բելառուսի հետ 8,3 %-ով, Ղազախստանի հետ՝ 10 %-ով, Ղրղզստանի հետ՝ գրեթե 195 %-ով։ Ռուսական սահմանափակումների վերանայման հարցով սպասելիքներ ունի «Աքսես» վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանը․
«Առաջիկա շաբաթներին մենք, ըստ էության, դեէսկալացիայի առանձին տարրեր կտեսնենք, որովհետև Ռուսաստանը ևս հետաքրքրված է Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների պահպանմամբ, որովհետև դա մնացել է միակ լծակը՝ տնտեսական, որով Ռուսաստանը կարող է իր ազդեցությունը տարածել Հայաստանի վրա։ Հետևաբար հարաբերությունները պետք է գնան դեէսկալացիայի ուղղությամբ, հայ արտադրողները շարունակեն արտահանել իրենց ապրանքները Ռուսաստան, և միակ ռիսկը, որ ես այս պահին ռեալ տեսնում եմ, գազի գնի հնարավոր վերանայումն է, որը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել մեր տնտեսության համար»։
Առաջիկայում՝ օգոստոսին, ծրագրված է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, բայց Ռուսաստանը և ԵԱՏՄ մյուս անդամ երկրները պատրաստվում են մինչև դեկտեմբեր զեկույց ներկայացնելու Հայաստանի՝ կառույցին անդամակցության հնարավոր կասեցման տնտեսական հետևանքների վերաբերյալ։ Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը կտրուկ շրջադարձերի հիմք չի տեսնում․
«Բոլորն էլ ամեն ինչ հասկանում են։ Ի դեպ, պարզ էր ինձ և շատերին, որ ընտրություններից հետո էլ է դա շարունակվելու։ Այնպես չէ, որ ավարտվեց, սանկցիաները կհանվեն։ Գուցե նպատակ ունեն դրանով բողոքի ինչ–որ ալիք բարձրացնելու իշխանությունների դեմ։ Ուրեմն, Ռուսաստանի կողմից ստեղծված ինտեգրացիոն միավորումները կամ կազմակերպությունները ոչ թե տնտեսական կառույցներ են, այլ քաղաքական։ Բայց ինքը Ռուսաստանը երբևէ ո՛չ մեզ կհանի ՀԱՊԿ–ից, նույնիսկ եթե մեխանիզմներ կան, ո՛չ էլ ԵԱՏՄ–ից։ Բայց ճնշումները կշարունակվեն»։
Թեև Հայաստանի իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ հայ–ռուսական հարաբերություններում երբևէ ճգնաժամ ստեղծելու խնդիր կամ նպատակ չի ունեցել, և գործում է երկրի շահերի թելադրանքով, բայց վերլուծաբանները կարծում են, որ երկկողմ օրակարգը կառուցվելու է «ԵԱՏՄ, թե՞ ԵՄ» անկյունաքարային հարցի շուրջ։




