ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

ԵՄ–ն հիշում է հյուսիսային Կիպրոսի բռնազավթումը, ԵԽ–ի բանաձևը մեսիջ է ընդդեմ Թուրքիայի․ փորձագետ

Եվրոպական խորհրդարանը մի քանի օր առաջ բանաձև է ընդունել, որով դատապարտել է 1974 թվականին Թուրքիայի ներխուժումը Կիպրոս ու այդ երկրի հյուսիսային հատվածի օկուպացիան։ Այս բանաձևին շատ կոշտ արձագանքել են թե՛ Թուրքիան, թե՛ ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը։

Հուլիսի 9-ին ընդունած բանաձևով Եվրոպական խորհրդարանը հիշեցնում է Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի բռնազավթումը։ Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը կարծում է, որ այդ բանաձևը կարևոր հաղորդագրություն է պարունակում․

«Քանի որ վերջին շրջանում ականատես ենք լինում Թուրքիա-Արևմուտք հարաբերությունների առավել սերտացմանը և՛ Թուրքա-ԱՄՆ, և՛ Անկարա-Բրյուսել մակարդակներում, կարծում եմ, որ խորհրդանշական և ուղերձային առումով սա կարևոր ակնարկ էր թուրքական կողմին, որ ԵՄ–ն դեռևս իր օրակարգում է պահում Թուրքիայի կողմից Կիպրոսի օկուպացման հարցը»։

Եվրոպական խորհրդարանն այդ բանաձևով հիմնականում դատապարտում է 1974 թվականին Թուրքիայի ներխուժումը Կիպրոս և այդ երկրի հյուսիսային հատվածի մինչև օրս շարունակվող բռնազավթումը։  ԵԽ–ն կոչ է անում Թուրքիային դուրս բերելու իր զորքերը Կիպրոսից և հստակեցնում է, որ չի ճանաչում Հյուսիսային Կիպրոսի անջատողական վարչակազմը և վերահաստատում է, որ Կիպրոսի Հանրապետությունն է կղզու միակ, միջազգայնորեն ճանաչված պետությունը։

Առանձին բանաձևով ԵԽ–ն նաև ճանաչում է 1974 թվականի իրադարձությունների ժամանակ կիպրացի կանանց նկատմամբ բռնությունները որպես պատերազմի հետևանք։ Բացի այդ եվրոպական այդ կառույցը կոչ է անում վերականգնելու Կիպրոսի տարածքային ամբողջականությունը։

Բանաձևին շատ կոշտ են արձագանքել թե՛ Թուրքիան, և թե՛ ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը։

Թուրքիայի արտգործնախարարությունը առ ոչինչ և իրավական ուժ չունեցող է համարում բանաձևը, նշում է, որ այն անհիմն և անհեթեթ մեղադրանքներ է պարունակում թուրքական զինված ուժերի հասցեին․ մեջբերում․

«Եվրոպական խորհրդարանը հերթական անգամ ցուցաբերել է կողմնակալ վերաբերմունք Կիպրոսի հարցում, Անկարան լիովին աջակցում է Հյուսիսային Կիպրոսի թուրքական իշխանությունների հայտարարությանը։

 Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետության ԱԳՆ-ն էլ համարում է, որ Եվրոպական խորհրդարանը խեղաթյուրում է 1974 թվականի իրադարձությունների պատմական իրականությունը և ուղղված է թուրք կիպրացիների և Թուրքիայի դեմ և արտացոլում է Եվրոպական խորհրդարանի կողմնակալ և քաղաքականացված մոտեցումը։

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ քիչ հավանական է, որ բանաձևը մոտ ապագայում Թուրքիայի դեմ իրական քայլերի վերածվի․

«Այնուամենայնիվ ակնհայտ է, որ Կիպրոսի օկուպացման հարցը կարճ ժամանակահատվածում կամ տեսանելի ապագայում լուծվելիք հարց չէ։ Բնականաբար, Եվրոպական միությունը, կարծում եմ՝ քանի դեռ այդ կարևոր նախապայմանը լուծված չէ՝ չի գնա միակողմանի զիջման և օրակարգ չի բերի Թուրքիայի ԵՄ–ի հետ ավելի սերտ համագործակցության հարցը։ Կիպրոսի հարցը ամենաէականներից է, բայց զուգահեռ կան էլի հարցեր։

Օրինակ՝ Թուրքիայում ժողովրդավարության հարցը, խոսքի ազատության հարցը, մարդու իրավունքների պաշտպանության թեման։ Սրանք ևս օրակարգային են, բայց ամենակարևորը Կիպրոսի հարցն է։ Բանաձևը բովանդակությամբ այնքան էլ ազդեցիկ չէ, բայց խորհրդանշական ու մեսիջային առումով ծառայեցվում է ԵՄ –ի պաշտոնական դիրքորոշմանը»։

Թուրքիայում մտահոգված են  այս բանաձևով ու կարծում են, որ Կիպրոսի հարցում ԵՄ-ն  ավելի ու ավելի միակողմանի դիրքորոշում է դրսևորում։

Կարդացեք նաև

Back to top button