Արդեն100 տարի

Արուս Ասրյանի ուղին դեպի հայկական մեծ բեմ. «Արդեն 100 տարի»

122 տարի առաջ հունիսի 28-ին, Վարդաբլուրում ծնված Արուսի պատանության ամենամեծ հիշատակը եղավ Հովհաննես Թումանյանի և Արմեն Տիգրանյանի հետ հանդիպումը: Այս 2 մեծերը նստած էին դահլիճում, իսկ ինքը  բեմի վրա էր: Նա  իր առաջին քայլերն էր անում բեմում, այն էլ  Անուշի դերով:

1919-ին ամբողջ հայությունը նշում էր Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի 50 ամյակը: Եվ ահա, Քրմոյան օրիորդաց վարժարանը, որտեղ սովորում էր Արուսը, ի պատիվ Թումանյանի ներկայացնում էր «Անուշ» օպերան:

Արուսը շատ տպավորիչ էր գլխավոր հերոսուհու դերում, և Թումանյանը նաև Արմեն Տիգրանյանը խրախուսեցին նրան գնալ թատրոնի ճամփով: Նա վաղուց արդեն ապրում էր Թիֆլիսում՝ մշակութային մի քաղաք, որտեղ եռում էր թատերական և գրական կյանքը: Արուսը հրապուրված էր Հասմիկի, Արուս Ոսկանյանի, Օլգա Գուլազյանի, Ավետ Ավետիսյանի և այլոց խաղով, իսկ Թումանյանի և Տիգրանյանի քաջալերանքը նրան ամուր և լայն թևեր տվեցին: Ցեղասպանությունը վերապրած, Վան քաղաքից Վարդան Աճեմյան անունով մի տաղանդավոր երիտասարդ բեմադրություններ էր անում Թիֆլիսում:

Նրանք հանդիպեցին և սիրահարվեցին: Շուտով Վարդան Աճեմյանը եկավ Գյումրի՝ Լենինական, և այս քաղաքում նաև իր ջանքերով հիմնադրվեց դրամատիկական թատրոն: Արուսը ևս հայտնվեց Գյումրիում: 1930-ականների վերջին Վարդան Աճեմյանը և Արուս Ասրյանը տեղափոխվեցին Երևան աշխատելու Սունդուկյանի անվան թատրոնում։ Եվ սկսվեց նրանց ստեղծագործական նոր երթը: Աճեմյանը բեմադրում էր, իր նկարչական տաղանդի շնորհիվ նաև մասնակցում  բեմադրությունների ձևավորմանը: Վարդան Աճեմյանը դարձավ Սունդուկյան թատրոնի գլխավոր ռեժիսոր և գեղարվեստական  ղեկավար:

Նա էր, որ  թատրոնին կից հիմնեց ստուդիա: Բեմադրություններ անելուց զատ, նրա սիրելի զբաղմունքը  ծաղրանկարչությունն էր և, այսպես ասած, թիրախը՝ հիմնականում դերասանները: Թեպետ Վարդան Աճեմյանը Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսորն էր և գեղարվեստական ղեկավարը, իսկ Արուս Ասրյանն էլ՝ թատրոնի տաղանդավոր դերասանուհիներից, բեմադրիչ–ամուսինը, կողմնակալ չլինելու համար, կնոջը շատ դերեր չէր տալիս:

Ընդհանրապես, շատ համեստ և ազնիվ մարդիկ էին, երբեք չօգտագործեցին իրենց պաշտոնական դիրքը: Արուսն էլ չէր օգտվում իր ամուսնու ծառայողական ինքնաշարժից՝ գերադասելով երթևեկել հանրային տրանսպորտով: Այսպիսի բարքեր էին Աճեմյան-Ասրյան ընտանիքում:

Կարդացեք նաև

Back to top button