
Wildberries- ի հիմնադիր Տատյանա Կիմը թելեգրամյան իր ալիքում հաստատել է, որ անցած գիշեր հարձակման են ենթարկվել ընկերության Կրասնոդարում եւ Նեւիննոմիսկում գտնվող լոգիստիկ կենտրոնները։
Նա շնորհակալություն է հայտնել թիմին՝ օպերատիվ տարհանում իրականացնելու համար, սակայն նշել է, որ հարձակման հետեւանքով կան տուժածներ։ Նրանց թիվը Կիմը չի հստակեցրել։
Կրասնոդարի եւ Ստավրոպոլի երկրամասերի իշխանությունների հաղորդմամբ՝ Wildberries-ի պահեստների վրա ուկրաինական հարձակման հետեւանքով ընդհանուր առմամբ տուժել է ութ մարդ։ Կիմը խոստացել է աջակցություն ցուցաբերել տուժածներին։
Կրասնոդարի նահանգապետ Վենիամին Կոնդրատեւի խոսքով՝ երկրամասը գիշերը ենթարկվել է զանգվածային հարձակման։ «Ցավոք, կա մեկ զոհ, եւս 10 մարդ վիրավորվել է»,- հայտարարել է նա։
Ավելի վաղ Արմավիրի քաղաքային վարչակազմը հայտնել էր, որ քաղաքը «վերապրել է ամենազանգվածային հարձակումներից մեկը»․ արդյունաբերական գոտում գտնվող նավթաբազան ենթարկվել է տասնյակ անօդաչու թռչող սարքերի հարձակման։
Հարձակման հետեւանքով հրդեհ է բռնկվել, որի տարածքը հասել է մոտ 800 քառակուսի մետրի։




