
Իրանում ընթացող պատերազմն արդեն 37,5 միլիարդ դոլար է նստել Վաշինգտոնի վրա, այս թիվը հրապարակել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը Սենատի հատկացումների հանձնաժողովում ունեցած իր ելույթի ժամանակ։
Պաշտոնական Վաշինգտոնի հնչեցրած այս թիվը 8,5 միլիարդ դոլարով գերազանցում է Պենտագոնի մայիսյան կանխատեսումները, որոնք տատանվում էին 29 միլիարդի սահմաններում։
Նշված գումարն ներառում է տարեսկզբին բռնկված հակամարտության սկզբից ի վեր կատարված ռազմական ծախսերը, ինչպես նաև մինչև ընթացիկ ֆինանսական տարվա ավարտը՝ սեպտեմբերի 30-ը նախատեսվող լոգիստիկ և օպերատիվ ծախսերը։
Այս ֆինանսական ցուցանիշները հիմք ընդունելով՝ ԱՄՆ պաշտպանության նախարարը Կոնգրեսից հրատապ կարգով պահանջել է հաստատել ևս 87,6 միլիարդ դոլարի լրացուցիչ բյուջե։
Այդ միջոցներից ավելի քան 67 միլիարդ դոլարը նախատեսվում է անմիջապես Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների ապահովման, մասնավորապես՝ դեֆիցիտային զինամթերքի գնման ու արտադրության, վառելիքի ձեռքբերման, տեխնիկայի կորուստների փոխհատուցման և զինծառայողների վճարումների համար։
Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ԱՄՆ-ն պաշտոնապես հաստատել է 18 ամերիկացի զինծառայողի զոհվելու և ևս 447-ի վիրավորվելու փաստը, ընդ որում՝ իրավիճակն էլ ավելի է սրվել հուլիսյան զինադադարի ձախողումից և Հորդանանում ամերիկյան ռազմաբազայի վրա կատարված հարձակումից հետո։
Չնայած իրավիճակի լրջությանը, Սպիտակ տան և Պենտագոնի այս ֆինանսական հայտը հանդիպել է Սենատի դեմոկրատների կոշտ դիմադրությանը։ Ընդդիմադիր օրենսդիրները մեղադրել են վարչակազմին ևս մեկ «անվերջանալի պատերազմ» հրահրելու մեջ՝ մատնանշելով, որ Պենտագոնը դեռևս ունի նախորդ տարվանից չծախսված շուրջ 75 միլիարդ դոլար, իսկ ներկայացված նոր բյուջետային հայտը ծանրաբեռնված է Իրանի հետ անմիջական կապ չունեցող ծախսային հոդվածներով։




