Մշակույթ

Ապարանում առատ տեղումների հետևանքով փլուզվել է Ափնագյուղի 19-րդ դարի կամուրջը

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները՝ տնօրենի տեղակալ Հայկ Դանիելյանի, գիտնական-քարտուղար Ավետիս Գրիգորյանի և Արագածոտնի մարզային ծառայության մասնագետների մասնակցությամբ, հերթական մշտադիտարկման շրջայց են իրականացրել Արագածոտնի մարզի Ապարան համայնքի մի շարք հուշարձանների տարածքում։

Շրջայցի ընթացքում փաստագրվել է Ապարանի ջրամբարի ջրածածկման գոտում հայտնված Սբ Պողոս-Պետրոս եկեղեցու ներկայիս վիճակը, ինչպես նաև տեղումների պատճառով փլուզված Ափնագյուղի 19-րդ դարի կամուրջը։ Մշտադիտարկման ծրագրում ընդգրկված են եղել նաև Եղիպատրուշի Սբ Աստվածածին եկեղեցին, Աստվածընկալ եկեղեցական համալիրը և այլ պատմական կառույցներ։

Ապարանի ջրամբարն ու ջրի տակ մնացած պատմությունը

Ուղիղ 60 տարի առաջ՝ 1966 թվականին, Քասախ գետի ջրերով լցվեց նորակառույց Ապարանի ջրամբարը։ Ջրածածկման գոտում հայտնվեցին 3 բնակավայրեր և դրանց տարածքում գտնվող տասնյակ պատմամշակութային հուշարձաններ։

1966-1967 թթ․ ընթացքում հնարավոր եղավ փրկել ու ջրամբարի արևելյան ափի բարձունքին վերակառուցել Զովունի գյուղի 4-7-րդ դարերի Թուխ Մանուկ և Սբ Վարդան եկեղեցիները։ Սակայն 4-րդ դարի եզակի կառույցը՝ Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին, բազմաթիվ վերակառուցումների և քարի փխրունության պատճառով հնարավոր չեղավ տեղափոխել, և այն մնաց իր պատմական վայրում։

Մշտադիտարկման տվյալները ցույց են տալիս, որ անցած 60 տարիների ընթացքում եկեղեցին 9 անգամ ամբողջությամբ հայտնվել է ջրի տակ։ Այս տարի ևս, առատ տեղումների հետևանքով, ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով վաղմիջնադարյան կառույցը։

📖Ըստ պատմական տվյալների՝ Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին հավանաբար կառուցվել է 4-րդ դարում՝ հեթանոսական տաճարի հիմքերի վրա։ Կառույցի որմնամույթերից մեկին պահպանված արձանագրության մեջ հիշատակվում է Գնթունյաց նախարարական տան գլխավոր իշխան Գրիգորի անունը, ում ջանքերով էլ վեր է խոյացել տաճարը։

Ապարանի ջրամբարի և ջրածածկման գոտու մյուս հուշարձանների պատմությանն ու ուսումնասիրությանը մանրամասն կարող եք ծանոթանալ Ա․ Գրիգորյանի «Հայաստանի ջրածածկ հուշարձանների ուսումնասիրության պատմությունն ըստ Պահպանության ծառայության արխիվային փաստաթղթերի» գիտական հոդվածում։

Կարդացեք նաև

Back to top button