
ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ շվեյցարական Բյուրգենշտոկում անցկացվող բարձր մակարդակի բանակցությունները, որոնք մեկնարկել էին կիրակի օրը, ավարտվել են երկուշաբթի կեսգիշերից հետո, հայտնում է BBC-ին։ Միջնորդի դեր ստանձնած Կատարն ու Պակիստանը հայտարարել են «ոգեւորիչ առաջընթացի» մասին։
Կատարի եւ Պակիստանի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ «Բարձր մակարդակի կոմիտեն» համաձայնեցրել է «ճանապարհային քարտեզ՝ 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնագրի հասնելու համար»։ Այս շաբաթ կշարունակվեն տեխնիկական բանակցությունները։
ԱՄՆ-ը բանակցություններում ներկայացրել են փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ինչպես նաեւ նախագահ Թրամփի հատուկ բանագնացները` Սթիվ Ուիթքոֆը եւ Ջարեդ Քուշները։
Իրանական պատվիրակության կազմում են խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը եւ արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։
Վենսը Շվեյցարիա է ժամանել կիրակի առավոտյան, իսկ իրանական պատվիրակությունը՝ մեկ օր առաջ։
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Շվեյցարիա են ժամանել նաեւ Իրանի անվտանգության ծառայությունների, Կենտրոնական բանկի եւ նավթային ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչներ։
Շվեյցարիա մեկնելուց առաջ Վենսը հայտարարել էր, որ հույս ունի առաջընթաց գրանցել միջուկային խնդրի եւ Լիբանանում հրադադարի հարցում։
«Կարծում եմ՝ մենք, հուսով եմ, առաջընթաց կգրանցենք միջուկային խնդրի հարցում, առաջընթաց կգրանցենք նաեւ Լիբանանում հրադադարի հարցում», — ասել էր նա Մերիլենդում` Էնդրյուս ռազմաբազայում ինքնաթիռ նստելուց առաջ։
Նրա գնահատմամբ՝ բանակցությունների առաջին փուլը կարող է տեւել «մի քանի օր»։ «Մենք պարզապես պետք է մշտապես հետեւենք, որպեսզի Իսրայելն ու Լիբանանը լինեն անվտանգ։ Հիմնական նպատակը ողջ տարածաշրջանն անվտանգ դարձնելն է»,- հայտարարել էր ԱՄՆ-ի փոխնախագահը։
Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին իր հերթին հայտարարել է, որ շվեյցարական Բյուրգենշտոկում անցկացված քննարկումների ընթացքում Կատարի եւ Պակիստանի աջակցությամբ Թեհրանը համաձայնեցրել է մի շարք հարցերի լուծումներ։
«Պակիստանի եւ Կատարի անխոնջ միջնորդական ջանքերի շնորհիվ հաջողվել է զգալի առաջընթաց գրանցել Լիբանանում պատերազմի դադարեցման գործում։ Վերացվել են նավթի եւ նավթաքիմիական արտադրանքի արտահանման մաքսատուրքերը, հանվել է շրջափակումը, ապասառեցվել են որոշ սառեցված ակտիվներ, ինչպես նաեւ մեկնարկել է Իրանի վերականգնման եւ զարգացման լայնածավալ ծրագիր», — X-ում գրել է Արաղչին։
Անցած շաբաթ ԱՄՆ-ի եւ Իրանի նախագահները ստորագրել էին փոխըմբռնման նախնական հուշագիր, որը նախատեսում է պատերազմի անհապաղ դադարեցում, այդ թվում՝ ռազմական գործողությունների դադարեցում Լիբանանում։ 14 կետից բաղկացած հուշագիրը ներառում է առաջիկա 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու նպատակով հետագա բանակցություններ անցկացնելու պարտավորություն։




