
Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը «բավականին լավ է» բնորոշել Կիեւյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը։ Ըստ նրա` այժմ կարեւորն այդ տեմպը պահպանելն է, «նշած ժամկետներում ավարտելը, որովհետեւ որքան էլ որ այս աշխատանքները կարեւոր են եւ երեւանցիների անվտանգությանն են միտված առաջին հերթին, այնուամենայնիվ նաեւ այս աշխատանքները բազմաթիվ խնդիրներ են ստեղծում քաղաքում խցանումների հետ կապված»,- ասել է նա։
Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Անդրանիկ Թեւոսյանը նշել է, որ նախատեսվում է իրականացնել Կիեւյան կամրջի հիմնանորոգում` ներառյալ երթեւեկելի մասի եւ հետիոտնային հատվածների վերականգնում, դեֆորմացված քարերի ու ջրահեռացման համակարգի նորացում, ջրամեկուսացման աշխատանքներ, կամրջային թռիչքային կառուցվածքների եւ հենարանների վերականգնում, ինչպես նաեւ անվտանգության եւ կազմակերպչական միջոցառումների իրականացում։




