
Հայաստանի Երրորդ Հանրապետության՝ 1990-ականների սկզբին ձևավորված արտաքին հարաբերությունները շարունակում են մնալ մեր հաղորդման առանցքային թեման և հիմնական բովանդակությունը։ Դիվանագիտական պատմությունների անիվը պտտվում ու հերթական անգամ կանգ է առնում այն մարդկանց վրա, որոնք իրենց կարիերան սկսել են մի ժամանակ, երբ նորանկախ հանրապետության դիվանագիտությունը նոր էր սկսում ձևավորվել, և ոլորտում են մնացել մինչ օրս։ Նրանք են մեր քարտեզի կնճռուտ կետերը հարթեցնողները։
Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ընտանիքի հնաբնակներից է։
Նրա հետ զրուցել ենք պատերազմի ժամանակ իրականացվող դիվանագիտական ծառայության առանձնահատկությունների, ժողովրդավարական պայմաններում ամրապնդվող ապահովության զգացումի և հավերժի ճամփորդ Իտալիայի մասին։
-Թեև, իսկապես, նման մասնագիտություն չկար Խորհրդային Միության ժամանակ Հայաստանում ուսանելո՛ւ համար, բայց դա չէր խանգարում երազել, և հիշում եմ, դեռևս դպրոցում էի սովորում, երբ այն հարցին, թե ապագայում ի՞նչ կուզենամ դառնալ, շատ հաճախ պատասխանում էի՝ դիվանագետ։ Ես գիտեմ, թե որքան բարդ վիճակի մեջ էի դնում իմ ծնողներին, որովհետև իրենք էլ այն ժամանակ ավելի լավ, քան ես, հասկանում էին, որ դա շատ դժվար ճանապարհ է, գոնե հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք չունեինք ուսումնական հաստատություն, որը կպատրաստեր այդ մասնագիտությամբ։
Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանի պատմությունն սկսվում է դիվանագետի անհստակ մասնագիտության մասին հստակ երազանքից։
1990-ականները այն ժամանակներն էին, երբ նոր ձևավորվող Արտաքին գործերի նախարարություն տանող ճանապարհը գրեթե պարտադիր անցնում էր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետով։

-Եթե փորձենք այսօրվա հայացքով նայել, միգուցե ճիշտ է ասել, որ այդ ժամանակ մեր դիվանագիտության կայացման տարիներն էին։ Բայց այն ժամանակ մենք չգիտեինք, որ մենք կայացման տարիներն ենք ապրում, մենք պարզապես աշխատում էինք նոր միջավայրում, նոր մասնագիտությամբ։ Այնպես ստացվեց, որ ես ընդունվեցի ԱՊՀ Միջին Ասիայի կամ Կենտրոնական Ասիայի բաժին, և մեր բաժնի պատասխանատվության ներքո գտնվող բոլոր երկրները նույնպես նորանկախ պետություններ էին, նոր ձևավորվող դիվանագիտական ծառայություն ունեին, և նորովի փորձում էինք հարաբերություններ ձևավորել, դեսպանություններ էին բացվել, և փորձ էր արվում միջպետական հարաբերությունները զարգացնել այնպես, ինչպես ընդունված է արդեն կայացած, վաղուց անկախություն ձեռք բերած պետությունների միջև։
Ասվածը Վլադիմիր Կարապետյանի համար իր դիվանագիտական կարիերայի սկզբնական շրջանի ամենամեծ մարտահրավերն էր՝ նորանկախ Հայաստանի անունից խոսել մի աշխարհում, որտեղ մյուս պետություններն արդեն անցել էին կայացման, զարգացման և միջազգային հեղինակության ձևավորման երկար ճանապարհը։
-Թերևս մարտահրավերը միգուցե այն էր, որ ուզում էինք բոլորս պատշաճ, ինչպես արդեն կայացած երկրներում է, նման փոխհարաբերությունների մեջ լինել՝ աշխատանքը նույն որակի կատարել։ Միգուցե դրանով է պայմանավորված, որ հենց առաջին տարին բոլորելուն պես համաձայնվեցի գնալ դեսպանություն և աշխատել։ Դա Կիևն էր, որտեղ ինձ նշանակեցին որպես դեսպանության 3-րդ քարտուղար։
Վլադիմիր Կարապետյանն արդեն 30 տարի և մի քիչ էլ ավելի զբաղեցրել ու շարունակում է զբաղեցնել ամենատարբեր պաշտոններ՝ ՀՀ ԱԳՆ կցորդից մինչև բաժնի պետ, դեսպանի խորհրդականից մինչև դեսպան։ Հետաքրքիր է, թե այս կարիերային աթոռներից որ մեկն է զրուցակցիս համար ամենահարմարը եղել։
-Տեսե՛ք, շատ լավ հարց է, բայց իմ պատասխանը կարող է ամբողջությամբ չբավարարել ձեր հետաքրքրվածությունն, այն առումով, որ ես խորին համոզմունք ունեմ, որ մեր աշխատանքը ավելի շատ ծառայություն է այդ առումով։ Իհարկե, հնարավորություն կա ընտրելու, երբեմն դու կարող ես ընտրել, որն ես գնում, բայց հատկապես առաջին տարիներին շատ հաճախ մենք պարզապես գործուղվում էինք կամ կատարում էինք աշխատանք, որը հրահանգվում էր, և այդ առումով կարող եմ ասել, որ ինձ համար հավասարապես հետաքրքիր է եղել աշխատել յուրաքանչյուր պաշտոնում, որ ես ունեցել եմ՝ սկսած կցորդի պաշտոնից, որտեղ ես սովորում և շփվում էի իմ ավագ գործընկերների հետ, և կայացման պրոցեսը դեսպանություններում՝ Կիևում, ապա Վրաստանում, որտեղ շատ հետաքրքիր պրոցեսներ տեղի ունեցան։
Կիևը Վլադիմիր Կարապետյանի կենսագրության կարևոր հանգույցներից է։ 2021-2024 թվականներին նա վերադարձավ Ուկրաինա՝ որպես Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

Սակայն նշանակումից շատ չանցած պատմությունը կտրուկ փոխեց իր ընթացքը. խաղաղ երկիրը վերածվեց պատերազմող երկրի, իսկ Վլադիմիր Կարապետյանն էլ հայտնվեց իր կյանքի և դիվանագիտական կարիերայի ամենադժվար առաքելության առջև։
—Ես կարծես 2 երկրում աշխատեմ որպես դեսպան․ առաջինը մինչպատերազմյան նորմալ վիճակում գտնվող երկիր էր՝ Ուկրաինան, և երբ արդեն պատերազմը սկսվեց, կտրուկ ամեն ինչ փոխվեց։ Առաջինն այլ երկիր էր, այլ իրականության մեջ էի գտնվում, այսինքն՝ ես չէի գործուղվել այնտեղ որպես պատերազմական գոտի էր, ես գործուղվել էի սովորական ռիթմով ապրող մի երկիր, որը մեզ համար շատ կարևոր պետություն է, և իրադարձությունները զարգացան իմ աչքի առջև։ Տեղի ունեցածն, իհարկե, շատ մեծ ողբերգություն է՝ առաջին հերթին Ուկրաինայի ժողովրդի համար, նաև շուրջ կես միլիոն այնտեղ այն ժամանակ բնակվող հայության համար, ու մեզ համար էլ՝ դեսպանության աշխատակիցների համար, դա մի մարտահրավեր էր։
Պատերազմի ժամանակ բոլորիս հայտնի բառերը սկսում են այլ տեսք ու բովանդակություն ստանալ, օրինակ՝ երբևէ մտածե՞լ եք, թե ինչ է իրականում նշանակում «անդադար» բառը։
-Մեր դեսպանության 5 հեռախոսահամարը, որոնք ես հրապարակել էի ֆեյսբուքյան էջում, անդադար՝ 2 շաբաթ անդադար զանգեր են եղել։ Երբ որ ես ասում եմ անդադար, հենց բառի իսկական իմաստով ընդունեք։ Մեկ րոպե չէր անցնում, մյուսն էր զանգում, հետո երրորդն էր բողոքում, թե ինչու մենք հեռախոս չենք վերցնում, որովհետև միաժամանակ 10 զանգ էր գալիս, և պարզապես հնարավոր չէ 10 զանգի միանգամից պատասխանել։ Մենք շատ բան ենք արել, որպեսզի մարդկանց օգնենք տեղափոխվել արևմտյան հատված։ Ու շատ կարևոր է, հայությունը տեղում իմացել է, որ Հայաստան պետությունը իրենց կողքին է, ինչով հնարավոր է՝ կփորձի օգտակար լինել, և ուզում եմ հավատալ, որ լքվածության զգացում, մոռացված լինելու զգացում հայ համայնքի շրջանում չի եղել։
Իտալիայում ՀՀ դեսպան նշանակվելու որոշման մասին Վլադիմիր Կարապետյանը անսպասելի է իմացել, վերջին պահին իտալերեն սովորել, Իտալիայի մասին ընդհանուր պատկերացումները որոշակիացրել ու գործի է անցել։
—Կարող եմ ասել, որ ես ամեն օր ականատեսն եմ և օգտվողն եմ այն միջավայրից, մթնոլորտից, որ կա Իտալիայում, այն բարյացակամ համակրանքով համեմված վերաբերմունքից, որ զգում և տեսնում եմ Իտալիայում Հայաստանի նկատմամբ։ Դա շատ օգնում է աշխատանքում, բայց դա քիչ է մեր աշխատանքը լավ կատարելու համար, որովհետև դա ֆոն է, դա հիմք է, որի վրա պետք է կառուցել և անել կոնկրետ գործողություններ՝ երկկողմ հարաբերությունները ակտիվացնելու, հագեցնելու միջոցառումներով, բովանդակությամբ, որպեսզի այդ հիմքը ավելի ամրապնդվի, որպեսզի նոր հնարավորություններ ստեղծվեն, նոր փոխվստահություն լինի մեր 2 պետությունների միջև։ Մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք այդ ուղղությամբ, միջավայրը շատ մրցակցային է, Իտալիան պատմականորեն մեծ ներգրավվածություն ունի մեր տարածաշրջանում։

Իտալիան ոչ միայն երկիր է, այլ նաև ժողովրդավարության դասագիրք, որի շնորհիվ հետազոտողը կարողանում է պատկերացնել, թե ինչպես է աշխատում այն ժողովրդավարությունը, որն արդեն հազարամյակների պատմություն և ձևավորված ավանդություններ ունի։ Եվ թե ինչպես կոնսերվատիզմն ու նորարարությունը ստեղծում են ընտրություն՝ լավի ու ավելի լավի միջև։
—Տասնյակ տարիների ժողովրդավարության պայմաններում ապահովության զգացումը զարգացել ու արմատավորվել է մարդկանց մեջ, և սովորական քաղաքացիները կարող են գնալ և պրոգրեսիվ, նույնիսկ իմ աչքերին շատ լավ թվացող բարեփոխումներին ասել՝ դեռ ժամանակը չէ, մենք գոհ ենք այն համակարգից, որ գործում է այս երկրում։
Դիվանագետ դառնալու ճանապարհն ընտրած մարդն առաջին բանը, որ պետք է իմանա այս մասնագիտության մասին, հետևյալն է՝ փողկապին պետք չէ խաբնվել։
-Հեշտ աշխատանք չէ, երբեմն էլ մարդիկ նայում են փողկապին, կողքից դա շատ հետաքրքիր է թվում, բայց պետք է հաշվի առնել, որ մենք նաև կտրվում ենք մեր սովորական միջավայրից, ընկերներից, ծնողներից, երեխաներից, և այդ առումով մեր անձը պետք է պատրաստ լինի նման քայլին գնալու։




